Լավատեսության հիմքեր չկան
Այս հոդվածում տեղ գտած տեղեկությունները, որոնք, բնականաբար, կարող են սուբյեկտիվ տարրեր պարունակել, մեզ են տրամադրել «Ֆոջոյի» ծրագրով Շվեդիայում ուսանող միջինասիացի եւ ադրբեջանցի մեր գործընկերները: «Ֆոջոն»՝ ժուռնալիստների որակավորման բարձրացման ինստիտուտը, ստեղծվել է 35 տարի առաջ՝ լրացնելու համար բացը, որ Շվեդիայում կար բարձրագույն կրթությամբ լրագրողներ չունենալու պատճառով: Սակայն, երբ ավելի ուշ շվեդական բուհերը սկսեցին նաեւ լրագրողներ «արտադրել», «Ֆոջոն» 14 տարի առաջ սկսեց իրականացնել նաեւ միջազգային ծրագրեր: Այս ընթացքում ավելի քան 2500 լրագրող աշխարհի տարբեր ծայրերից Կալմարում անցել է որակավորման բարձրացման կուրսեր: Քանի որ վերը նշված երկրներում խոսքի ազատությունը եւ ընդհանրապես դեմոկրատիան ավելի վատ վիճակում են, քան մեր երկրում, այդ լրագրողների անվտանգության համար նրանց անունները չենք հրապարակում: Եվ այսպես:
Ղազախստան
Ղազախստանում նախագահ Նորսուլթան Նազարբաեւին սիրում են միայն սոցիալական տանելի պայմանների համար: «Իմ մայրը կյանքում չի գնա եւ նրա դեմ չի քվեարկի, քանի որ նրա օրոք ստանում է ավելի քան $120 թոշակ, ուրիշ ո՞ր հետսովետական երկրում նման բան կա»,- ասում է ղազախստանցի լրագրողներից մեկը: Թոշակն այնտեղ սկսվում է $85-ից: Ճիշտ է, պատահում է, որ Ղազախստանում մարդիկ անհետ կորում են, լինում են աղմկահարույց քաղաքական սպանություններ, բայց դա չի տատանում ժողովրդի վստահությունը նրանում, որ Նազարբաեւն առայժմ այլընտրանք չունի: Ու նրանք գնում եւ ընտրում են սիրելի Նորսուլթանին, քանի որ վախենում են փոփոխություններից, մանավանդ՝ Ուկրաինայի, Վրաստանի եւ Ղրղըզստանի հեղափոխություններից հետո այնտեղ կատարված փոփոխությունները տեսնելուց հետո: «Նազարբաեւի շնորհիվ կայունություն կա մեր երկրում: Բազմազգ երկիր է, վախենում ենք ազգամիջյան կոնֆլիկտներից: Իսկ հիմա բոլոր ազգային փոքրամասնությունները ունեն իրենց մշակութային կենտրոնները, ընդ որում՝ բոլոր խոշոր քաղաքներում: Կա նաեւ մեծ հայկական մշակութային կենտրոն, որն ունի իր մասնաճյուղերը տարածաշրջաններում: Հայկական մշակութային կենտրոնի ղեկավարը Ղազախստանում գործող ամենամեծ կոնյակի գործարանի՝ «Բաքոսի» տերն ու տնօրենն է, հայտնի օլիգարխ եւ մոնոպոլիստ: Այնպես որ, Նազարբաեւի օրոք ընդհանուր առմամբ լավ է: Իհարկե, այն 91%-ը, որ հայտարարեցին՝ չափազանցություն էր, սակայն որեւէ կասկած չկա, որ Նազարբաեւը վերջին ընտրություններում
(դրանք կայացան մի քանի ամիս առաջ) միանշանակորեն հաղթել է»,- պատմում էր լրագրողը:
Ընտրությունների շրջանում եղան վերջին երկու աղմկահարույց սպանությունները:
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Նուրկադիլեւին սպանեցին ընտրություններից առաջ: Ընդդիմադիր դարձած նախկին չինովնիկը հայտարարել էր, թե մեծ կոմպրոմատներ ունի Նազարբաեւի դեմ: Արդյունքում՝ «ինքնասպանվել էր»: Սկզբում երկու անգամ կրակել էր իր սրտին: Երբ տեսել էր, որ ոչ մի կերպ չի մեռնում, վերցրել էր երկու բարձ, դրել գլխին ու դրանց
վրայից կրակել սեփական ճակատին: Համառն է, չէ՞: Լուրեր էին տարածել, թե սպանության
դրդապատճառներն անձնական են: Այս գործչի կինը հայտնի երգչուհի էր, եւ երբ ամուսինն
անցել էր ընդդիմության շարքերը, նրա դեմ փակվել են բոլոր դռները՝ հեռուստատեսություն,
համերգներ, ռադիո, եւ իբրեւ կինն էլ ամուսնուն մղել էր նման արտառոց ինքնասպանության:
Սակայն այս վարկածին հավատացել են միայն Նազարբաեւին չափից դուրս շատ սիրողները:
Հաջորդ զոհը, որին սպանել են արդեն ընտրություններից հետո, նորից ընդդիմադիր դարձած
նախկին նախարար էր՝ Սարսանբաեւը: Այս մեկին սպանել են թիկնապահի եւ վարորդի հետ միասին:
Թոշակառուներին այս քաղաքական սպանությունները քիչ են հուզում, ասում են՝ «պարզ է,
մինիստր էին, կերակրատաշտից հեռացրին, դրա համար էլ ընդդիմադիր դարձան, տե՛ղն է դրանց»:
Մեկ ուրիշ ընդդիմադրի, որն ընդամենը «ակիմ» էր՝ մարզպետ, յոթ տարով ազատազրկել են՝
ձեռքից խլելով քիչ թե շատ անկախ համարվող հեռուստատեսությունն ու փակելով այն: Հեռուստատեսությունը փակելու համար սկզբում դատական հայցեր են սկսել, ապա որոշել են միանգամից հարցը լուծել եւ մեղադրել են պոռնոգրաֆիայի ցուցադրման մեջ: Ֆիլմը եղել է բավականին անմեղ, եւ ամենակարեւորը՝ այդ հեռուստատեսությունն ընդամենը եղել է RenTV-ի օրինական վերահեռարձակողը, որով ցուցադրվել է այդ ֆիլմը: Ղազախստանում լրագրողների առջեւ կանգնած է եւս մի պրոբլեմ, որին չեն առնչվում մնացած երկրները: Պատմականորեն Ղազախստանում մեծաթիվ են ռուսներն ու ռուսալեզու ղազախները: Երկրի ողջ հյուսիսն ու արեւելքը համատարած ռուսախոս են ու նույնիսկ չգիտեն ղազախերեն, սակայն նոր ընդունված օրենքով ստիպված են ղազախերեն հաղորդումներ սարքել, այն դեպքում, երբ ոչ իրենք են այդ լեզվին տիրապետում, ոչ իրենց հեռուստալսարանը: Այժմյան օրենքով հաղորդումների 50%-ը պետական լեզվով է, մյուս 50%-ը՝ ռուսերեն, սակայն մինչեւ տարեվերջ օրենքը փոխվելու է, ըստ որի՝ հաղորդումների 80%-ը ղազախերեն պիտի լինի եւ միայն 20%-ը՝ ռուսերեն: Ղազախստանում ամենամեծ մեդիահոլդինգի ղեկավարը Նազարբաեւի դուստրն է՝ այնտեղի ժուռնալիստական ասոցիացիայի նախագահը: Նրա հավակնությունները շատ մեծ են: Ընդհուպ մինչեւ՝ յոթ տարի հետո նախագահի պաշտոնում հորը փոխարինելը: Նազարբաեւն ունի երեք դուստր եւ երեք փեսա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հեռուստատեսությունը եւ թերթը, եւ այդ ԶԼՄ-ներով նրանք պայքարում են միմյանց դեմ: Կարող են անխնա անցնել բոլոր մինիստրների եւ այլ չինովնիկների վրայով, իրավունք չունեն դիպչելու միայն հայրիկին:
Կարդացեք նաև
Ուզբեկստան
Մի կարճ ժամանակահատված՝ 2002-2004-ը, Ուզբեկստանում ԶԼՄ-ների մասին բավականին լավ օրենք կար, որն, իհարկե, չէր կատարվում, սակայն գոնե կար: Բայց 2004թ.-ի վրացական եւ ուկրաինական հեղափոխություններից հետո Ուզբեկստանի չփոփոխվող իշխանությունը սկսեց պաշտպանական միջոցներ ձեռք առնել: 2005-ից սկսեցին փակվել միջազգային կազմակերպությունների գրասենյակները՝ Սորոսը, Ինտերնյուսը եւ այլն: Իսկ 2005-ի Ղրղըզստանի հեղափոխությունը եւ Անդիջանում դաժան ճնշված ապստամբությունը
լուրջ հարված հասցրին անկախ ԶԼՄ-ներին: Անկախ ԶԼՄ ասելով պետք է հասկանալ ոչ թե ռադիոհեռուստատեսությունը կամ տպագիր մամուլը, այլ միայն ինտերնետային կայքերը: Քանի որ ազատ մամուլ մինչ այդ էլ չկար: Այսօր միակ քիչ թե շատ անկախ ազատ մամուլը Ուզբեկստանում fergana.ru-ն է:
Իշխանությունները, իհարկե, փորձում են նաեւ ինտերնետ կայքերի վրա արգելք դնել, «բլոկ»
են անում, սակայն նրանք, ում հետաքրքրում է իրավիճակը, միմյանց էլփոստով հատուկ
ծրագրեր են ուղարկում՝ այդ բլոկները հանելու եւ fergana.ru կայքը մտնելու համար: Անդիջանի դեպքերի մասին միակ օբյեկտիվ տեղեկատվությունը կարելի էր ստանալ հենց այդ կայքից: Մինչեւ 2002 թիվը Ուզբեկստանում պաշտոնապես գրաքննություն կար: Գործում էր մի կենտրոն՝ «Պետական գաղտնիքների պահպանման եւ հսկողության ծառայություն», որը գործում էր Մամուլի նախարարության ներքո, եւ բաժանմունքներ ուներ բոլոր տարածաշրջաններում: Կենտրոնը վերահսկում էր բոլոր լույս տեսնող թերթերի բոլոր նյութերը, հանում էին դուր չեկած ամեն մի բառը, սակայն միջազգային ճնշման տակ այդ ինստիտուտը վերացրեցին եւ խմբագիրների վրա թողեցին պատասխանատվությունը՝ սկսվեց համատարած խորը ինքնագրաքննություն: Հիմա գրաքննությունն ավելի ուժեղ է, քանի որ բոլոր խմբագիրներին կանչել եւ զգուշացրել են, որ պատասխանատվությունն իրենց վրա է: «Անթափանց ֆինանսական գործունեություն իրականացնելու» համար փակվեցին
ազդեցիկ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները՝ «Ազատություն» ռադիոկայանը, BBC-ն եւ այլն, այժմ մնացել է միայն Ռոյթերսը: 26 մլն բնակչությամբ երկրում կա 16 արտասահմանյան թղթակից, որոնց հիմնական մասը՝ ռուսական ԶԼՄ-ներից: Պետական չորս հեռուստաալիքներով միայն երգուպար են ցուցադրում, իսկ լրատվական հաղորդումներում՝ միայն այն մասին, թե ո՞ւմ հետ է պրեզիդենտը հանդիպել: Մասնավոր հեռուստաալիքները ինչ-որ ասոցիացիայի մեջ են, որը ենթարկվում է պրեզիդենտի աղջկան, որը Նազարբաեւի դստեր նման ունի մեծ մեդիահոլդինգ, բացել է անգամ քաղաքական հետազոտությունների կենտրոն: Ուզբեկստանի պառլամենտում 30%-ը կանայք են, փոխվարչապետը նույնպես կին է: Ուզբեկստանում նույնպես ակտիվ հայ համայնք կա: Ժամանակին հայ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը տասներկու անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Ուզբեկստանի դրոշի ներքո, եւ մեր գործընկերների խոսքերով՝ «նրան Ուզբեկստանում ազգային հերոսի պես էին ընդունում»: Հայտնի են նաեւ հայ երաժիշտները, օրինակ՝ մեր զրուցակիցը հիացած է ջազմեն Վալերի Սաֆարովի խմբի գործունեությամբ:
Ադրբեջան
Երբ 90-ականների սկզբին իշխանության եկավ Ազգային ճակատը, առաջացան շատ ազատ
եւ անկախ ԶԼՄ-ներ, բայց 93-ին՝ Ալիեւի իշխանության գալուց հետո, կամաց-կամաց սկսվեցին
պրոբլեմները: Այստեղ գրաքննության կենտրոնը՝ սովետական հայտնի «գլավլիտը», գործել
է մինչեւ 98թ.-ը, իսկ պատերազմի տարիներին թերթերը կրկնակի գրաքննություն էին անցնում,
ստուգվում էին նաեւ զինվորական գրաքննիչի կողմից: Հետագայում միջազգային ճնշման տակ
այդ ինստիտուտները վերացան: Եվ ով փող ուներ՝ սկսեց նոր թերթ բացել, բայց դրանք չէին
վաճառվում, քանի որ մարդիկ գնում էին անկախ ու ընդդիմադիր թերթեր: Իսկ սրանց էլ կամ
փակեցին, կամ սկսեցին գովազդ չտալ, ու սնանկացրին: Այսօր Ադրբեջանում գրեթե չկա անկախ
թերթ, կան մի քանի ընդդիմադիր եւ շատ պրոիշխանական թերթեր: Գործում է 6 հեռուստաընկերություն, եւս 2-ը փակվել են, 93թ.-ին՝ մեկը, 2000-ին՝ մյուսը: ԶԼՄ-ների եւ տեղեկատվության ազատության մասին օրենքները լավն են, բայց ոչ ոք չի կատարում: 7-8 միլիոնանոց բնակչությամբ երկրում թերթերի տիրաժը լավագույն դեպքում 8,5 հազար է, այնինչ ժամանակին եղել է 20 հազար: 2004-ի տվյալներով գրանցված են եղել 6600 թերթ եւ 100-ից ավելի ամսագիր, սակայն դրանց մի չնչին մասն իրականում գոյություն ունի: Ադրբեջանում լույս է տեսնում ամենօրյա 20 թերթ, որոնց 30%-ը պետական է: Նախկինում կար երկու պետական հեռուստաալիք՝ AzTV1 եւ AzTV2, սակայն, պարտավորություն ստանձնելով հանրային հեռուստատեսություն ստեղծել, ադրբեջանցիները ընդամենը վերցրին եւ AzTV2-ը մեխանիկորեն դարձրին հանրային՝ AzTV1-ը թողնելով պետական: Բայց դրանք ոչնչով չեն տարբերվում իրարից:
Տաջիկստան
1992-ից մինչ օրս Տաջիկստանում սպանվել է 74 լրագրող, բոլորն էլ՝ մասնագիտության բերումով:
Այս թիվը գերազանցում է նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված
տաջիկ լրագրողների թիվը: Ընդ որում, նրանց զգալի մասը հեռացել է կյանքից 1997-ից
հետո, երբ Տաջիկստանում արդեն ավարտվել էր քաղաքացիական պատերազմը: Բնականաբար, այս քանակով սպանությունները չէին կարող չազդել այդ երկրի ժուռնալիստիկայի որակի վրա:
Հիմա մեծամասշտաբ ինքնագրաքննություն կա: Իսկ այն բանից հետո, երբ Թուրքմենիայում
եւ Ուզբեկստանում փակվեցին միջազգային կազմակերպությունները, Տաջիկստանում դրանք
սկսեցին շատ զգուշավոր գտնվել եւ այլեւս չեն ֆինանսավորում անկախ ԶԼՄ-ներին: Լոյալացել
է «Ազատություն» ռադիոկայանի տաջկական բաժինը, BBC-ն ընդհանրապես փակվել է: Ներկայումս ռադիո եւ հեռուստատեսությանը չի տրվում ոչ մի լիցենզիա: Գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ բան է արտադրում, օրինակ՝ ձմերուկ, կումիս, մեխ կամ ռադիոհաղորդումներ, պարտավոր է լիցենզիա ստանալ: Սակայն կա մի բայց. արդեն երկու տարի է՝ լիցենզավորող այդ մարմինը չի գործում, եւ նրանք, ովքեր լիցենզիա ունեին՝ արտադրում են, իսկ ովքեր նոր արտադրություն են ցանկանում բացել՝ «քաշված են»: Տաջիկստանում երեք մեդիամագնատ կա, որոնց ձեռքին կենտրոնացած է գրեթե ողջ մեդիաբիզնեսը: Մասնավորապես, մեկը թողարկում է 8 թերթ, որոնք ընդհանուր առմամբ 120 հազար տիրաժ ունեն: Նույն օլիգարխն ունի նաեւ հեռուստատեսություն եւ ռադիո: Ճիշտ է, դրանք համարվում են անկախ, սակայն Սահմանադրությամբ երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը հատուկ պաշտպանության տակ են առնված, այնպես որ՝ վայ նրան, ով կհամարձակվի կես- բերան քննադատել Էմոմալի Ռահմոնովին: Թեեւ փորձողներ էլ չկան՝ 74 մահացած գործընկերները հուշում են նրանց՝ «մնացեք չափերի մեջ»: Մեկ-երկու տարի առաջ Տաջիկստանում կային մի քանի ազդեցիկ «դաշտային հրամանատարներ», որոնք հավասարակշռում էին ավտոկրատիայի ձգտող նախագահին, զսպում նրա ախորժակները: Սակայն Ռահմոնովը կարողացավ նրանցից մի մասին նստեցնել, մյուսներին
կառավարության մեջ պորտֆելներ տալ, եւ հիմա չունի ոչ մի զսպող ուժ: Թերթերը պաշտոնապես չեն փակում: Ուղղակի չեն հրատարակում եւ՝ վերջ: Քանի որ հրատարակչությունը մեկն է, այն էլ՝ պետական: Որոշ ժամանակ առաջ գոյություն ուներ մի ընդդիմադիր թերթ, որն ուներ սեփական տպագրատուն: Թերթը փակեցին, տիրոջը ձերբակալեցին՝ հարկերը թաքցնելու պատճառաբանությամբ:
Այստեղ անկախության սկզբից եւեթ պաշտոնապես հանվել է գրաքննությունը, սակայն Տաջիկստանի ինքնագրաքննությունը շատ ավելի խիստ է, քան եթե լիներ պաշտոնական գրաքննություն:
Ղրղըզստան
Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ըստ մեր գործընկերների, երկրում տիրում է համատարած անարխիա: Կա ազատություն՝ չափերի մեջ, բայց ավելի շատ են անիրավությունները: Տեղի է ունենում սեփականության վերաբաշխում: Ինչպես ընդհանուր տնտեսության մեջ, այնպես էլ՝ մամուլում: Հնարավոր են դեպքեր, որ ինչ-որ մեկը, բնականաբար, իշխանությունների հովանավորությունը վայելող մեկը, գնա եւ ամենալավ հողերը վերցնի ու ասի՝ սա իմն է, ու վերջ: Կամ՝ ինքնակամ սեփականաշնորհում են ինչ-որ հանքեր: ԶԼՄ դաշտում նույնն է: Փոխվում են հեռուստատեսությունների եւ թերթերի
տերերը: Նախկին իշխանությունների դրածոներին փոխարինում են նոր իշխանությունների
դրածոները: Սակայն, իհարկե, այս երկրում իրավիճակն անհամեմատ բարվոք է, քան հարեւան
միջինասիական երկրներում: Ուղղակի լրագրողներն իրենք հասկանում են, որ ոչ թե անկախ
են, այլ իրականացնում են այս կամ այն կլանի, այս կամ այն օլիգարխի շահերը: Իհարկե,
դրանց մեջ կարող են լինել իշխանության համակրանքը չվայելողներ: Օրինակ, գործընկերներիցս մեկն աշխատում է մի TV-ում, որի ղեկավարին երբ զանգահարում է նախագահի մամուլի քարտուղարը, թե՝ այսինչ սյուժեն հանեք եթերից, նա պատասխանում է՝ ներողություն, դուք սխալ հեռուստաալիք եք զանգահարել: Կար մի ընդդիմադիր թերթ՝ Ասկար Ակաեւի օրոք, որին լռեցնելու համար ՕՄՕՆ-ը մտել էր խմբագրություն, ջարդարարություն էր արել, եւ եթե հեղափոխությունը չլիներ, թերթը հաստատ կփակվեր: Սակայն հեղափոխությունը նրանց փրկեց: Հիմա այդ թերթն ամենավառ իշխանամետ թերթերից մեկն է: Ղրղըզստանում չկա եւ ոչ մի կին պատգամավոր: Ակաեւի ժամանակ երեքը կային, երեքն էլ՝ նախագահի դրածո, հեղափոխությունից հետո նրանց փոխարինեցին տղամարդկանցով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ