Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ԽԱՂՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՉԻ ԽԱՂՈՒՄ

Մայիս 13,2006 00:00

Այս կուսակցության դուրս գալը իշխանական կոալիցիայից քաղաքական ուժերից որոշները համարում են մեծ խաղ, մյուսները դա անհավանական են համարում:

«Հերթական իշխանափոխության նախապատրաստություն է՝ 2007-2008թթ. ընտրություններին ընդառաջ»,- «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսպես արձագանքեց իշխանական կոալիցիան լքելու ՕԵԿ-ի, նաեւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը: Կուսակցության նախագահը նաեւ հավելեց, թե իշխանությունները փորձում են այս քայլով վերականգնել Ա. Բաղդասարյանի վարկանիշը, որի որոշակի չափաբաժին պոպուլիզմի շնորհիվ նրան հաջողվել է ձեռք բերել, եւ հիմա իշխանությունները փորձում են դա օգտագործել ՕԵԿ-ի միջոցով՝ ընդդիմադիր դաշտի ընտրազանգվածին վերահսկելու համար: «2007թ. ԱԺ ընտրություններին Ա. Բաղդասարյանը կմասնակցի որպես ընդդիմություն, նրա համար՝ որպես ընդդիմադիր կուսակցության, կնկարվեն ստացված ամենաշատ քվեները, եւ Ա. Բաղդասարյանը կհայտարարի, որ ընտրություններն անցել են խախտումներով, բայց միջազգային չափանիշներին շատ մոտ, ինչը մեկ քայլ առաջ է նախորդ ընտրությունների համեմատ»:

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե Ա. Բաղդասարյանը 2008-ին ՀՀ նախագահի պաշտոնում լուրջ հավակնորդ է համարվում, իսկ ԱԺ-ում ներկայացված լինելով՝ կարող է լուրջ մրցակից լինել իշխանության մեկ այլ հավանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի համար, պարոն Մակեյանը նկատեց, թե՝ Ա. Բաղդասարյանը ՀՀ նախագահ ընտրվելու որեւէ շանս չունի, իսկ այսօրվա սցենարով նա գոնե կարող է լինել իշխանությունների «պահեստային տարբերակ»:

Նա նաեւ հավելեց. «Ես Ա. Բաղդասարյանին գիտեմ 1995թ.-ից, ու կարծում եմ՝ նրա գենետիկ կոդը անցած 10-11 տարիների ընթացքում չի փոխվել, ու նա իր բնույթով ընդդիմություն լինել ուղղակի չի կարող: Սա լուրջ խաղ է՝ մեր ժողովրդին եւս մեկ անգամ ապակողմնորոշելու համար»:

Իհարկե, ՀՀ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները տեղի ունեցած զարգացումներն այլ կերպ են մեկնաբանում ու անգամ որոշակի վերապահումներով պատրաստակամություն հայտնում ընդդիմադիր դաշտում հայտնվելու դեպքում համագործակցել ՕԵԿ-ի հետ: Այսպես, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը նկատել է, որ քաղաքական դաշտում, բացի նրանից, որ խեղդվել է փոքր ընդդիմադիր դրսեւորում, ոչինչ չի փոխվել: Նա նաեւ արձանագրելով, որ ՕԵԿ-ը ժամանակին ստեղծվել էր Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ, միաժամանակ հայտարարել է, որ եթե ՕԵԿ նախագահը անցնի քավության ճանապարհը, «ԱՄ»-ն կողջունի այդ քայլը:

Ավելի կոնկրետ վերաբերմունք է հայտնել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում չի բացառել, որ եթե ՕԵԿ-ը հայտնվի ընդդիմադիր դաշտում եւ դառնա ռեալ ուժ, ՀԺԿ-ն նաեւ կարող է համագործակցել նրա հետ: Ստ. Դեմիրճյանը միաժամանակ խոստովանել է, որ տեղի ունեցածը միանգամայն սպասելի էր՝ արձանագրելով, որ իշխանական կոալիցիան այլեւս գոյություն չունի:

ՕԵԿ-ի հետ ընդդիմադիր դաշտում համագործակցելու հավանականությունը չբացառեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, բայց մեկ վերապահումով՝ դա կախված է ՕԵԿ-ի գործելակերպից ու նրանից, թե հասարակությունը կընդունի՞ եւ կընկալի՞ այդ ուժին: ՕԵԿ-ը «Հանրապետության» նախագահի մատուցմամբ, դեռ պետք է կարողանա ընդդիմադիր դաշտում իր տեղն ունենալ, իսկ տեղ գրավելու գնահատական տվողը, ըստ նրա, ոչ թե ինքն է, այլ ժողովուրդը: Մյուս կողմից՝ Ա. Սարգսյանի ասելով, ընդդիմություն հենց այնպես չեն դառնում՝ ինչ-որ մեկի գնահատմամբ կամ ասելով. «Ընդդիմություն դառնում են իրենց կոնկրետ քայլերով՝ ժողովրդի մտածելակերպում ու տրամաբանության մեջ»:

Ի տարբերություն Պ. Մակեյանի՝ Ա. Սարգսյանն անհավանական է համարում, որ ՕԵԿ նախագահը իշխանությունների հետ այս ամենի շուրջ որոշակի ընդհանուր համաձայնության եկած լինի:

Ինչպես պարզվում է, ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում ավելի ուրախ կլիներ տեսնել ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, ով համարելով, որ տեղի ունեցած զարգացումները ապագայում իշխանական կերակրատաշտի համար կոալիցիայում կռվի արդյունք են, միաժամանակ հայտարարել է, թե ինքը ուրախ է, որ ՕԵԿ-ը համալրում է ընդդիմության շարքերը՝ կարեւորելով, որ անկախ ամեն ինչից՝ թեկուզ «աբիժնիկության» պատճառով, բայց իշխանությունը սրանով թուլանում է, եւ դժվարանալու է նրա մեխանիկական վերարտադրությունը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել