Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՎԼԱԴԻՍԼԱՎՈՎՈՅԻՑ

Մայիս 12,2006 00:00

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՎԼԱԴԻՍԼԱՎՈՎՈՅԻՑ Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների ժամանակ հետաքրքիր իրադարձություններ են կատարվել, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն հայ մարզասերներին: Երբ մրցավայրից տուն էր վերադառնում մեր մարզական պատվիրակության վերջին խումբը, «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեցինք ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ: Արսեն Թամրազյանը, իրոք, «բրոնզ» նվաճել էր Առաջնությունը լուսաբանող ինտերնետային կայքերը տեղեկացրել էին, թե 56 կգ քաշային կարգում Արսեն Թամրազյանը երկամարտի 249 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Սակայն առաջնության պաշտոնական կայքում առանց որեւէ մեկնաբանության մեր ծանրորդի անունը գրված էր 4-րդ հորիզոնականում, իսկ նրա երկամարտի գումարը նվազեցվել էր 4 կիլոգրամով: Այդ մասին Ս. Խաչատրյանն ասաց. «Պոկում վարժությունում Արսենը հաջող մեկնարկ վերցրեց 106 կիլոգրամով: Դրանից հետո, երբ ծանրաձողի քաշը 110 կգ էր, մրցավարները մոլդովացի Իգոր Գրաբուչեայի փոխարեն սխալմամբ կրկին մրցահարթակ հրավիրեցին հայ մարզիկին: Մոտեցումը հաջող չեղավ: Չանցած մեկ րոպե՝ Արսենը կրկին հրավիրվեց: Դա կանոնների կոպիտ խախտում էր, քանի որ մոտեցումների միջեւ մարզիկին առնվազն 2 րոպե պետք է տրվի ուժերը վերականգնելու համար: Մինչ փորձեցինք բողոքարկել, Արսենն արդեն մոտեցել էր ծանրաձողին ու կրկին անհաջողության մատնվել: Մեր պահանջով մրցավարական հանձնաժողովը, դիտելով տեսագրությունը եւ համոզվելով, որ սխալն իրենցն է, մեր տղային նաեւ չորրորդ մոտեցման հնարավորություն տվեց: Փորձը հաջող էր: Մեդալն ու գավաթը պաշտոնապես նրան հանձնել են միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանն ու եվրոպական ֆեդերացիայի նախագահ Վալդեմար Բաժանովսկին: Բայց սկանդալ բարձրացրին հունգարացիները: Նրանց ծանրորդը 246 կգ-ով հայտնվել էր 4-րդ տեղում: Ժողով հրավիրեցին, հարցը քննարկեցին ու որոշեցին մեդալն ու գավաթը Արսենից վերցնել: Ճիշտ է, մեզանից ներողություն խնդրեցին, մրցավարներին պատժեցին, բայց դա մեզ չսփոփեց»: Հատկապես երիտասարդները ապագա ունեն «Մեկ ամսից մի քանի օր ավելի է, ինչ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ,- շարունակեց Ս. Խաչատրյանը:- Առաջին անգամ էի ներկա լինում պաշտոնական մրցման: Ծանրորդներից դժգոհելու առիթ չունեմ: Բոլորն էլ պայքարեցին հնարավորությունների առավելագույն չափով: Հռիփսիմե Խուրշուդյանով հիացած եմ: Նա իսկական մարզիկ է, աշխատասեր, ծանրաձողի հետ կռիվ տվող, կարող է ավելի լուրջ նվաճումներ ունենալ: Մելինե Դալուզյանը բնատուր ուժ ու տաղանդ ունի: Բայց դեռ շատ պետք է մարզվի: Աղջիկների թիմային հաշվարկում երկու հոգով 23 երկրների մեջ 12-րդ տեղ գրավելը վատ արդյունք չէ: Արմեն Ղազարյանը շնորհաշատ ծանրորդ է, մեծ ներուժ ունի: Նա երկամարտում առաջին անգամ ցույց տվեց 325 կգ: Բայց, միեւնույն է, դժգոհ եմ: 4-րդ հորիզոնականը նրա տեղը չէր: Եթե հավաքներում բարձրացրածներից 10-ական կիլոգրամ պակաս էլ բարձրացներ, առնվազն 2-րդ տեղը կգրավեր: Իմ համոզմամբ մեղավորը անձնական մարզիչ Մհեր Ղազարյանն է՝ նրա հայրը: Եթե նա չխանգարի, Արմենը կարող է օլիմպիական մրցանակակիր էլ դառնալ: Տիգրան Գ. Մարտիրոսյանը եւ Տիգրան Վ. Մարտիրոսյանը «զրո» չէին ստանա, եթե մարզիչները ճիշտ տակտիկա ընտրեին: 85 կգ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանը պայարի մեջ մտավ բարձր ջերմությունով: Բայց էլի ի վիճակի էր մեկական մոտեցումով առնվազն 2-րդ տեղը գրավել, եթե մարզիչները ճիշտ վարվեին նրա հետ: Նրանք առաջնորդվեցին Տիգրանի ֆիզիկական ուժով՝ անտեսելով տվյալ պահի առողջական վիճակը: Իսկ Արա Խաչատրյանն արեց այն, ինչի ընդունակ էր: Գեւորգ Դավթյանը միայն գովասանքի է արժանի: Նա արդեն առաջին մոտեցումներով իր համար ապահովեց չեմպիոնի տիտղոսը: Ասեմ միայն, որ նրա «ոսկին» վեց տարվա ընդմիջումից հետո առաջինն է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Արսեն Մելիքյանը նույնպես իրեն լավագույն կողմերով դրսեւորեց: Նա հրումում առաջին անգամ մոտեցավ 206 կգ-ին: Բարձրացրել էր: Բայց, ափսոս, չկարողացավ պահանջվող մեկ ակնթարթը «քարանալ»: Աշոտ Դանիելյանի արծաթե մեդալը նույնպես գոհացուցիչ է: Եթե նա կլիմայափոխման հետ կապված առողջական խնդիրներ չունենար, ավելի բարձր կիլոգրամներ ցույց կտար»: Որոշ մարզիչներից պետք է ազատվել «Որքան էլ ցավալի է ասել, բայց հիասթափվեցի հավաքականի եւ ծանրորդների անձնական մեր որոշ մարզիչներից: Տպավորությունս այնպիսին է, որ նրանք նեղ անձնական խնդիրներ ունեն, չկա երկրի զգացողություն, որը վեր է ամեն ինչից ու պիտի միավորի բոլորին: Դրանից տուժում են նրանց սաները, հայկական ծանրամարտի հեղինակությունը: Այս պահին անուններ չեմ ուզում տալ, բայց կարծում եմ՝ շատերն իրենց տեղում չեն ու այդպիսիներից պետք է ազատվել»,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Հարգեցին «A 320»-ի զոհերի հիշատակը «Վլադիսլավովոյում էինք, երբ իմացանք Երեւան-Սոչի չվերթի աղետի եւ Հայաստանում ու Ռուսաստանում հայտարարված սգո օրերի մասին: Ես մայիսի 5-ին մոտեցա Վալդեմար Բոժանովսկուն, ներկայացրի ողբերգության մասշտաբները եւ ասացի, որ մեր ծանրորդները (այդ օրը 77կգ քաշայինների հերթն էր) հանդես են գալու սեւ թեւկապներով: Ի պատիվ կազմակերպիչների, երբ մրցահարթակի վրա ներկայացնում էին մասնակիցներին, հաղորդավար-մրցավարը հայտարարեց «A 320»-ի աղետի մասին ու ամբողջ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Մրցումն սկսվելուց առաջ ես Գեւորգ Դավթյանին ասացի, որ ինչքան էլ դժվար է, հարկավոր է մոռանալ տեղի ունեցածը, կենտրոնանալ, պայքարել ու հաղթել: Ապրի նա: Փայլուն մրցելույթ ունեցավ: Եվ երբ բարձրանում էր եռագույնը, հնչում Հայաստանի օրհներգը, արցունքը խեղդում էր բոլորիս: Ու չգիտեինք, արտասվում էինք ցավի՞ց, թե՞ հաղթելու ուրախությունից»: IWF-ի ու EWF-ի հետ համագործակցելու ենք Ֆեդերացիայի նախագահը Լեհաստան մեկնել էր նաեւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ ծանոթանալու նպատակով: «Թե Թամաշ Այանը, թե Վալդեմար Բոժանովսկին ինձ բավականին ջերմ ընդունեցին: Զրուցեցինք մեր ազգային ֆեդերացիայի եւ նրանց միջեւ համագործակցության հեռանկարների մասին: Նրանց առաջին խնդրանքը դոպինգների օգտագործումը բացառելն էր: Բայց դա վերաբերում էր ոչ թե կոնկրետ հայ ծանրորդներին, այլ բոլոր երկրներին: Ասացի, որ ես ընդամենը մեկ ամիս է, ինչ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ եւ առաջարկեցի մոռանալ անցյալում տեղի ունեցածները եւ ամեն ինչ սկսել զրոյից: Համաձայնեցին: Մասնավորապես խոստացան մեզ սկզբի համար օգնել ծանրաձողերով: Պայմանավորվեցինք մտածել նոր ծրագրեր եւ դրանց իրականացման խնդիրներով գոնե ամիսը մեկ անգամ միմյանց հետ կապ պահպանել»,- եզրափակեց Սամվել Խաչատրյանը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել