Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ

Մայիս 12,2006 00:00

«ՄԵՐ ԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ Է» «Արզնի» ԹՏԽ ԲԲ ընկերության այս կարգախոսի ընտրությունը պատահական չէ, այլ պայմանավորված է հիմնադրման օրից մինչ օրս ընկերության որդեգրած աշխատաոճով: 1991թ. աճուրդի հանված նախկին Հոկտեմբերյանի թռչնաբուծական ֆաբրիկան տասը տարի շարունակ, մինչ իր գնորդին գտնելը, արժանացել էր երկրի տվյալ ժամանակահատվածին բնորոշ ալան-թալանի եւ վերածվել ավերակների: Դրա կենդանի ապացույցն են այսօր էլ դեռեւս առկա մի քանի կիսաքանդ մասնաշենքերը: 2001թ. վերջապես ֆաբրիկան մասնավորեցվեց, դառնալով «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ-ի Արմավիրի ենթաճյուղ: Զգալի ֆինանսական ներդրումների եւ ընկերության նախագահի հետեւողական աշխատանքի շնորհիվ 26 մասնաշենքից 16-ը վերակառուցվեց ու վերանորոգվեց, եւ այսօր այն հանրապետության խոշորագույն անասնապահական ֆերմաներից է, որտեղ անհրաժեշտ հարմարավետ պայմաններում բուծվում են 2500 գլուխ մանր եւ 1700 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ (սիմենթալ, սեւաբղետ, կովկասյան գորշ, կարմիր, տափաստանային), 1000 գլուխ խոզ (լանդրաս, լիմուզին, տեղական դյուբոկ), ձիեր, գոմեշներ: Սպառողին էկոլոգիապես մաքուր ու անարատ սնունդ մատակարարելը «Արզնի» ընկերության հիմնական նպատակն է, հանուն որի տարվում են շղթայական կապ ունեցող բարդ ու տարատեսակ աշխատանքներ՝ սկսած հողագործությունից մինչեւ կաթնամթերքի եւ ձվի արտադրություն: Թե անասունները, թե թռչունները սնվում են բնական հարուստ բաղադրությամբ կերով: Արմավիրում 100 հա աղակալած հողատարածքը մշակելով, պարբերաբար պարարտացնելով թռչնաղբով ու գոմաղբով, աճեցվում է առվույտ, որը համակցվելով թռչունների կերին, ապահովում է նրանց վիտամիններով հարուստ ու արժեքավոր սնունդը, ինչով էլ պայմանավորված է «Արզնի» թռչնաֆաբրիկայի արտադրած հավկիթների բարձր որակը: Կովերը հիմնականում սնվում են եգիպտացորենով, արեւածաղկի սիլոսով, ձկան ալյուրով եւ այլ բաղադրություններով համակցված կերով, որոնք փոխանցվում են «Արզնիի» արտադրած 15 տեսակի կաթնամթերքին: Գարնանը անասունները տանում են Գեղամա լեռներ, ծովի մակերեւույթից 3000 մետր բարձրության վրա, որտեղ քիմիայից հեռու, ծաղիկների ու խոտի անկրկնելի հարուստ բաղադրությունը կաթի միջոցով հասնում է սպառողին: Նման աշխատանքները, անշուշտ, բարդ են ու ծախսատար: Սակայն ընկերության նախագահ Մարատ Ջանվելյանը գերադասում է դժվարություններ հաղթահարելով սպառողին հասցնել անարատ սնունդ. «Ինչ խոսք, Հայաստանում դժվար է անասնապահությամբ զբաղվելը: Պետությունն ինքը աղքատ է եւ հնարավորություն չունի ֆերմերներին օգնելու: Ծանր է մսի ու կաթի արտադրության վիճակը: Հայերս խոզի միս ուտող ժողովուրդ ենք եւ մեր երկրում կա 18-20 հազար տոննա խոզի մսի դեֆիցիտ, ինչը լրացվում է դրսից ներկրվող կասկածելի, երբեմն գոմեշի մսով, որոնք իրենց գեղեցիկ փաթեթավորումով նախընտրելի են դառնում սպառողի համար, որը գերադասում է էժան ապրանքը: Պետք է կարողանանք մեր արտադրանքը հասցնել այն ծավալների, որպեսզի մեր սպառողը չսնվի դրսից ներկրված անորակ ապրանքով»: Հարցին, թե ինչո՞ւ է ընտրել արտադրության այս բարդ ոլորտը, ընկերության նախագահը պատասխանեց. «Դա երեւի իմ պապերից է գալիս: Դեռեւս 1860-ից պապերս ունեցել են 3000 գլուխ ոչխար: Նրանց պահած հոտը եղել է ամենամեծն ու ամենալավը եւ սար տանելիս բոլորը թամաշա են դուրս եկել: Երեւի իմ մեջ խոսում են գեները»: Այսօր Ջանվել պապի յոթերորդ սերունդը շարունակում է նախկինների ավանդույթը եւ նրա ֆերմաները հանրապետությունում ամենախոշորներից ու ամենալավերից մեկն են: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆR

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031