Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանները

Մայիս 12,2006 00:00

Հարեւանները հանեցին իրենց կեղտոտ լվացքը Չարենցի 35 հասցեի 1-ին հարկի բնակիչ Արմենուհի Ավետիսյանի եւ 2-րդ հարկի սեփականատեր Գագիկ Պետրոսյանի ընտանիքի ջրերը մի առվով չեն գնում: Պետրոսյանների հավաստմամբ, արդեն մի քանի դատական քաշքշուկ է եղել իրենց միջեւ: Հերթական միջադեպը գրանցվել էր անցյալ տարվա հուլիսի 9-ին: Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ, լսեց Վաղինակ Պետրոսյանի (Գ. Պետրոսյանի որդու) հայցն ընդդեմ Ա. Ավետիսյանի՝ 688 հազար դրամի պահանջի մասին: 9-ամյա հայցվորի շահերը դատարանում ներկայացնում էր նրա մայրը՝ Նարինե Մելիքյանը: Նա հայտնեց դատարանին, որ դեպքի օրը Ա. Ավետիսյանը փայտով հարվածել է Վ. Պետրոսյանի գլխին, ինչի հետեւանքով երեխան ուղեղի ցնցում եւ հյուսվածքների սալջարդ է ստացել: Նրան տարել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ երեխան պառկել է 11 օր, բուժում ստացել, այնուհետեւ բուժումը շարունակվել է նաեւ տանը: Նիստի ընթացքում Ն. Մելիքյանը թվարկեց, որ երեխայի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի գումարը կազմել է 377 հազար դրամ, հիվանդանոցին վճարվել է 100 հազար դրամ, իսկ «ուժեղ սննդի կապելու» բժշկի խորհուրդը՝ 200 հազար դրամ: Եղել են նաեւ այլ ծախսեր: «Ուժեղ սննդի կապելու» վերաբերյալ փաստաթուղթը դատավորը փնտրեց գործի նյութերում, բայց չգտավ: Դատարանը խնդրեց ցույց տալ դեղատոմսերը: Պարզվեց, որ դրանք տանն են: Պատասխանողը չընդունեց հայցը, ասաց, որ ինքը երեխային չի հարվածել եւ որ միջադեպից հետո 5-րդ օրը Վաղինակը հեծանիվ է քշել: Նաեւ ավելացրեց, որ դեղերի ծախսը հիմնավորված չէ, իսկ հիվանդանոցի կողմից տրվածը կեղծ փաստաթուղթ է: Նիստը հետաձգվեց, որպեսզի հայցվորը կարողանա ներկայացնել իր կողմից նշված՝ գործից պակասող բժշկական եւ ուժեղացված սննդի վերաբերյալ փաստաթղթերը: Ն. Մելիքյանի պատմելով, դեպքի օրը Ա. Ավետիսյանը իր երեխային է հարվածել, ինչից էլ իրենց շունը զայրացել եւ կծել է Ավետիսյանի ոտքը: Արմենուհուն տարել են հիվանդանոց եւ երբ վերադարձել են, իրենց երեխան վատ է զգացել: Նրան նույնպես տարել են բուժկենտրոն, որտեղ խորհուրդ են տվել նյարդերը հանգստացնող դեղեր, վիտամիններ օգտագործել: Հարցրի՝ ճի՞շտ է, որ ժամանակ առ ժամանակ անհանգստացրել եք նրանց, ջուր եք թափել գլխներին: Դա չժխտեց, բայց հակադարձեց, որ Արմենուհին հարեւանների հետ միշտ անհաշտ է եղել եւ հիմա էլ իրենք են թակարդում հայտնվել: Հարցրի, թե ճի՞շտ է, որ սպառնացել եք նրան նստեցնել, նույնիսկ ժամկետն եք նշել: Գ. Պետրոսյանը ճշտեց. «Ասել եմ օրենքը պետք ա քեզ պատժի: Եթե մարդը հանցանք է կատարել, պետք է պատասխան տա, անկախ նրանից՝ վատ ա ապրում, թե լավ»: Հետո, իմիջիայլոց, ավելացրեց, որ Ավետիսյանները «կենտրոնի աղբի մաֆիայի գլավարներն են ու շատ ձեռնտու գործ է»: (Նկատի ուներ աղբի մեջ քչփորելը- Է. Մ.): Գ. Պետրոսյանը հիշեց «Նովոյե վրեմյայում» գրված մի հրապարակում եւ ասաց. «Ես լսել եմ, որ ինքը մտել ա «Նովոյե վրեմյա» կուսակցություն, որպեսզի կարողանա խուսափել պատասխանատվությունից»: Նրա կինը՝ Ն. Մելիքյանը շարունակեց. «Հունվարի 8-ին բահի փայտե պոչով Արմինեն ինձ էլ է հարվածել, ինձ մոտ էլ է ուղեղի ցնցում եւ նույն կարգի բաներ եղել, նաեւ քթի կոտրվածք, որը ես չգիտեի: Ունեմ նկարներն ու ապացույցները»: Վերջում նա պահանջեց, որ անպայման իրենց հարեւաններին էլ լսեմ ու նաեւ սպառնաց, որ եթե հրապարակված հոդվածը իրեն դուր չգա, ինձ դատարան կհրավիրի: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031