Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՆԵՏԱՎԱԶՔ.

Մայիս 12,2006 00:00

ԱՌՆԵՏԱՎԱԶՔ. ԵՐԵՎՈՒԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Առնետիզմը հայ քաղաքական ասպարեզում առանցքային նշանակություն ունի՝ այնքան հաճախ է այդ երեւույթը կրկնվում, որ վաղուց ժամանակն է սահմանադրական-իրավական հիմնավորումներ եւ պետական քաղաքականության կարգավիճակ տալու: Այն, ինչ կատարվում է «Օրինաց երկիր» կուսակցության հետ, առաջին հայացքից իրոք նման է առնետավազքի՝ մի թեթեւ ճնշում նախագահականից, եւ օրինաց գործարարները դարձան անօրենք ռոմանտիկներ, որոնց մանկության երազանքը, վերջին տվյալներով, հանրապետական կամ բարգավաճ լինելն է: Նույնիսկ երկրորդ հայացքից այդ է տպավորությունը՝ երեք տարի հնարավորը ստացան ու… մեկ առ մեկ հեռանում են, որովհետեւ երկրի տղամարդը հարց է դրել՝ ո՞ւմ հետ եք: Իսկ դա ոչ թե հարց է, այլ՝ դատավճիռ: Ճիշտ է՝ ոչ միայն ստացել են, այլեւ տվել են. իրենք ֆինանս, իրենց՝ տանիք, ու հենց այդ տանիքը սկսել է տատանվել՝ ֆինանսական սյուները փլվում են. սա է հայ քաղաքական կյանքի պատկերը: Բայց կա երրորդ հայացք. կարեւորը այս առեւտուրը չէ, կարեւորն այլ հարթության վրա է, ուր չկան ոչ հարցեր, ոչ պատասխաններ՝ գոնե ամեն ինչ արվում է հենց այդ նպատակով: Խնդիրը բնավ էլ նրանք չեն, ոչ էլ՝ ՕԵԿ-ը: Խնդիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականն է: Ռոբերտ Քոչարյանին օդ ու ջրի պես պետք է նրա հրաժարականը: Եվ «Ալգեմայնե ցայտունգը», որքան էլ հեղինակավոր է Եվրոպայում ու հազարներով ընթերցող ունի, հրաժարականի պատճառ չէ: Ոչ էլ Ռուսաստանը, որ չի բացառվում՝ իրոք կարող էր իր վասալից հստակություն պահանջել՝ հիմա ո՞ւմ եք հավատարմության երդում տալիս՝ Ռուսաստանի՞ն, Եվրոպայի՞ն, ԱՄՆ-ի՞ն… Խնդիրը նույնիսկ սեփականաշնորհումը չէ, որ, էլի ոչ մեկի համար գաղտնիք չէ, կառավարության լիազորություններից դուրս է ու իր վերջնական պատկերը ստանում է նախագահականում: Ու՝ ընդհանրապես Արթուրը ոչ մի կապ այդ ամենի հետ չունի: Բուն պատճառն այլ տեղ է՝ Ռոբերտ Քոչարյանին օդ ու ջրի պես պետք է ոչ թե կոնկրետ անուն-ազգանուն ունեցող ինչ-որ մեկի, այլ՝ Ազգային ժողովի նախագահի հրաժարականը, որովհետեւ նրան պետք է երկրում այնպիսի իրավիճակ, երբ ինքը հարկադրված է «իրավիճակ կարգավորել, որպեսզի այն վերահսկողությունից դուրս չգա ու չվերածվի ճգնաժամի»: Իհարկե, այլ երկրների նախագահները գիշերը նրան երազում չեն տեսնում ու չեն արթնանում՝ պետական կամ պաշտոնական այցով նրան հանդիպելու տեսլականով: Բայց կա մի մարդ, ում նա ահավորագույնս չի ուզում հանդիպել՝ Իլհամ Ալիեւը: Եվ կա մի բան, որում նա որեւէ որոշակիություն չի ցանկանում արդեն՝ դա ղարաբաղյան հարցն է: Որովհետեւ բոլոր ռեսուրսները սպառված են՝ արդեն չկան պատրվակներ, փաստարկներ՝ արդեն սպառված է ժամանակը: Ռոբերտ Քոչարյանը հարկադրված է մարել այն մուրհակը, որ վերցրել է 98-ին: Եվ նա պատրաստ է ամեն ինչի՝ միայն թե ոչինչ չլինի: Լավագույն պատճառը՝ անկայունություն երկրում, Ազգային ժողովի նոր նախագահի ընտրություն, քաղաքական ուժերի վերադասավորություն՝ հին ու նոր խարդավանքներ. այդ պայմաններում ո՞ր մի նախագահը ու ինչպե՞ս կարող է իր երկրից դուրս գալ ու այլ երկրի նախագահի հանդիպել: Ոչ մի: Ու դեռ խնդիր էլ լուծել: Ահա եւ ԱԺ նախագահի հրաժարականը միջոց է Ռոբերտ Քոչարյանի համար խուսափելու սեփական հրաժարականից եւ ժամանակ շահելու իր հարազատ իրավահաջորդին փոխանցելու իշխանությունը: Իսկ թե ինչու է Արթուր Բաղդասարյանը պատրաստվում հերթական անգամ խաղալ հօգուտ Քոչարյանի՝ դժվար է հասկանալ: Երաշխիքնե՞ր են տվել: Ո՞վ: «Ֆրանսիական նավերը հայկական լեռները չեն կարող բարձրանալ»: Ամերիկյաններն էլ: Ներքին նավատորմ էլ՝ չիք: Բայց դրա փոխարեն կա Արտաշես Թումանյանի խոսուն օրինակը: Իսկ առնետավազքը՝ այնպես, ձեռքի հետ արքունական զվարճանք է: Ի տես բոլորին: Եվ՝ ի խրատ: Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031