Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ պաշտոնանկ չեն լինում՝ չեն «բացվում»

Մայիս 12,2006 00:00

Մինչեւ պաշտոնանկ չեն լինում՝ չեն «բացվում» Երեւանի գլխավոր ճարտարապետը հույս ունի, որ «Կուկուռուզի» փոխարեն կառուցվող հյուրանոցը մայրաքաղաքի համար պակաս սիմվոլ չի լինի: «Զանգվի կիրճը մեր քաղաքի համար շատ մեծ նշանակություն ունի, բայց դրանից բոլորովին բան չի մնացել, վերեւի հատվածներն էնպես են օգտագործվել, էնպիսի շինարարություն են արել, որ էլ կիրճը չի երեւում»,- երեկ «Հայելի» ակումբում Երեւանի կառուցապատման խնդիրների մասին քննարկման ժամանակ այսպիսի համարձակ հայտարարություններ արեց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Որպես կանոն, ճարտարապետները միայն պաշտոնից զրկվելուց հետո են «մեղա» գալիս ու խոստովանություններ անում: Պարոն Մինասյանն անկեղծորեն ասաց, որ «եթե ներկայիս գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հետ տեղերով փոխվեինք՝ ես այլ բան կասեի»: Այսինքն՝ քանի դեռ աթոռի խնդիր կա՝ պիտի «ձեւ տան», թե Երեւանի կառուցապատման աշխատանքներն իրականացվում են քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան, մայրաքաղաքի նախկին ճարտարապետական տեսքը չի խաթարվում, քաղաքում ոչ մի ապօրինի շինարարություն չի լինում եւ այլն: Մոտավորապես հենց այսպես էլ արտահայտվեց Սամվել Դանիելյանը: Ըստ նրա՝ «Զանգվի ձորը նաեւ պիտի ծառայի որպես հասարակության հանգստյան գոտի: Այնտեղ հսկայական վերականգնողական աշխատանքներ են կատարվում, հունը մաքրվել է, հենապատերը՝ ուժեղացվել: Էդ ամեն ինչը չափի զգացողության մեջ է»: Քաղաքի այս կամ այն հատվածներում իրականացվող շինարարական խախտումների մասին լրագրողների բազմաթիվ օրինակներին ի պատասխան՝ պարոն Դանիելյանն այսպես ամփոփեց. «Դա շտկելը մենակ մեկի խնդիրը չի, տպավորություն թող չստեղծվի, թե քաղաքապետարանում կամ թաղապետարաններում էնպիսի մարդիկ են նստած, որ բոլորին ասում են՝ էստի համեցեք՝ մենք ձեզ անօրինականություն անելու թույլտվություն տանք»: «Կուկուռուզի» վերաբերյալ նախկինում հայտարարվում էր, որ այն պահպանելու է իր արտաքին տեսքը, եւ նոր կառուցապատողները փոփոխությունները կատարելու են միայն շենքի ներսում: Մինչդեռ այսօր «Կուկուռուզից» սկի «կ»-ն էլ չի մնացել: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պարոն Դանիելյանն ասաց, որ ինքը երբեւէ ոչ մեկին հույս չի տվել, թե «կ»-ն մնալու է. «Ես չեմ ասել, որ «Կուկուռուզը» պիտի անպայման պահպանվի: Խնդրին պետք է ուրիշ կերպ նայել. Երիտասարդական պալատը, ժամանակին կառուցված լինելով լրիվ ուրիշ նորմատիվ համակարգի համար՝ այլեւս իր մեջ նոր ֆունկցիա չէր կարողանում պարունակել: Եվ պատահական չի, որ էսքան տարիների ընթացքում բազմաթիվ փորձեր արեցին՝ նրան ինչ-որ ձեւով օգտագործելու, բայց դա չստացվեց ոչ մեկի մոտ»: Այսինքն՝ եթե նոր կառուցվող օբյեկտն իր ֆունկցիաները լավ է կատարելու, լավ հաճախորդներ է հավաքելու, ուրեմն պետք է ցանկացած պատմական, մշակութային շինություն քանդե՞լ՝ մեր հարցին պարոն Դանիելյանը պատասխանեց. «Նայած ինչ ես կառուցում, եթե դա պիտի հյուրանոց լինի՝ ինչ-որ աստղերով, դա արդեն որոշակի կոմֆորտի պայմաններ է թելադրում հասարակությանը: Կոնստրուկտիվ առումով «Կուկուռուզը» շատ վատ վիճակում էր: Ինչ վերաբերում է սիմվոլներին՝ ցանկացած ժամանակ քաղաքի համար կարող են սիմվոլներ հայտնվել: «Կուկուռուզի» տեղում ուրիշ սիմվոլներ կլինեն, դրանք ժամանակի հետ գալիս-գնում են»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031