Լրահոս
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻԱՐԴԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ

Մայիս 12,2006 00:00

1 ՄԻԼԻԱՐԴԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ Ավանդների փոխհատուցման համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետն այսօր է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի տվյալներով, երեկ կեսօրի դրությամբ փոխհատուցում ստանալու համար դիմել էր 51 հազար 500 քաղաքացի՝ ներկայացնելով 116 հազար 660 խնայգրքույկ: Թե ավանդների փոխհատուցման գործընթացը խորհրդային ավանդատուների շրջանում ինչ հիասթափություններ ու դժգոհություններ է առաջացրել՝ կարելի է դատել միայն մեր խմբագրության ստացած դիմում-բողոքներից: Բացի այն, որ սեփական քրտինքով վաստակած գումարները վերադարձնելը կառավարությունը դիտում է որպես դրամական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին, դեռ մի բան էլ ցանկացած չնչին պատրվակ օգտագործվում է «չափանիշներին» համապատասխանող ավանդատուին դրանից զրկելու: Հիշեցնենք, որ կառավարության սահմանած կարգի համաձայն, ավանդի փոխհատուցման իրավունք ունեն միայն այն մարդիկ, ովքեր 2005 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ. ապրիլի 1-ն ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում: Օրերս «Առավոտը» բողոք էր ստացել Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղի 86-ամյա բնակիչ Օֆելյա Ուստյանից: Միայնակ թոշակառու եւ նպաստառու Օ. Ուստյանն այցելելով Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային բաժին՝ պարզել էր, որ իրեն ավանդ չի հասնում: Բաժնի աշխատակիցներն այդ հանգամանքը պատճառաբանել են այս տարվա հունվար, փետրվար ամիսներին նպաստից զրկված լինելով. «Հասակս առած կին եմ, եթե իմ քրտինքով վաստակած ավանդը ինձ չի հասնում, բա ո՞ւմ ա հասնում: Պատճառաբանում են, թե երկու ամիս նպաստ չեմ ստացել եւ այս փուլում փոխհատուցում ստանալու իրավունք չունեմ: Էլ դժվար էլ հասցնեմ ստանալ: Երբ հետաքրքրվեցի, թե ինչու են ինձ նպաստից զրկել, ոչ մի հիմնավոր բան չասեցին: Սոցիալական ծառայության աշխատակիցը պատասխանեց, թե չգիտե՞ք, որ պիտի ձեր երկու ամսվա նպաստը մեզ տաք, որ շարունակեք նպաստ ստանալ»: Օ. Ուստյանի պատմելով, իր միակ եկամուտը 7 հազար դրամ թոշակն է եւ մեկ էլ 6000 դրամ նպաստը, որ կտրեցին: Իսկ երիտասարդ տարիներին աշխատածն ու 88-ի երկրաշարժից որպես օգնություն ստացած գումարն ամբողջությամբ ներդրել էր խնայբանկում եւ այսօր հույս էլ չունի, որ երբեւէ կստանա: Տիկին Ուստյանի՝ նպաստի հետ կապված խնդրի առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի գլխավոր մասնագետ Անդրանիկ Գեւորգյանը պարզաբանեց, որ նա իսկապես նպաստի իրավունքը կորցրել է. «Այս ընթացքում այդ կնոջ կենսաթոշակը բարձրացել է եւ, բացի այդ, նրա հողամասի չափերը մեծացել են»: Երեկ շրջեցինք մայրաքաղաքի տարածքային սոցիալական ծառայության մի քանի կետերում: Պարզվեց՝ Օ. Ուստյանի դեպքը միակը չէ եւ շատերը հենց նման դժգոհություն ունեին, որ այս կամ այն պատճառով նպաստից զրկվել են, եւ մեխանիկորեն դուրս մնացել ավանդ ստացողների ցուցակից: Երեկ էլ մարդիկ հույսով այցելում էին «Փարոսի» գրասենյակներ, պարզելու՝ իրենց ավանդ հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Արաբկիր համայնքի Հ. Էմինի 48/1 հասցեի 67-ամյա բնակիչ Գրիգորի Հայրապետյանին հանդիպեցինք Արաբկիրի սոցիալական ծառայության բաժնի պետի ընդունարանում: Գ. Հայրապետյանն ուզում էր անձամբ պետից ճշտել, ինչո՞ւ իրեն ավանդ չի հասնում: Նրան նպաստից զրկել էին քաղաքից պարբերաբար բացակայելու համար. «Ոչ թե սոցիալական վիճակս է բարելավվել, այլ պարզապես բարեկամիս հաշմանդամ երեխային խնամելու համար Ղարաբաղ եմ գնացել-եկել, եւ քանի որ քաղաքում չեմ եղել՝ «Փարոսից» զրկել են»: Արաբկիրի սոցիալական ծառայությունների գործակալության պետ Ադրինե Նիկոյանի ներկայացմամբ, ավանդ ստանալու համար 10 հազարից ավելի դիմողներ են եղել, որից ընդամենը 2400-ի դիմումն է մուտքագրվել. «Մի անձը միջինը 3-4 խնայգրքույկ է ներկայացրել: Համայնքի «ամենահարուստ» ավանդատուն 150 հազար ռուբլի խնայողություն է ունեցել, ընդ որում՝ նա մեր ամենակարիքավոր նպաստառուն է»: Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ծառայությունը երեկվա դրությամբ 1600 հայտատու ուներ: Այս համայնքում, ծառայության պետ Ռադիկ Խամոյանի խոսքերով, մի տատիկ նույնիսկ 20 խնայգրքույկ է ներկայացրել: Ավանդատուներին փոխհատուցելու համար այս տարվա բյուջեից հատկացվել է 1 միլիարդ դրամ: Նույնիսկ ամենակոպիտ հաշվարկներով ակնհայտ է, որ այդ գումարը չի բավականացնի առաջին փուլում ընդգրկված բոլոր ավանդատուներին փոխհատուցելու համար՝ մանավանդ որ այդ գումարից նախատեսված է ծախսել թղթաբանության եւ կազմակերպչական այլ աշխատանքների համար: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031