Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ

Մայիս 12,2006 00:00

Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ն «չի ճնշում», իսկ ՌԴ-ն «օգնում» է «Իրանին հարվածելու համար Հայաստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերին օդակայանների տրամադրման հարց չի դրվել եւ չի դրվի»: Ինչպես փոխանցում է «Արմինֆո» գործակալությունը, այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսական «Մարքեթինգ ի կոնսալթինգ» թերթում հրապարակված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը կտրականապես հերքել է այն կարծիքը, թե կառուցելով Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ ԱՄՆ-ն նաեւ այլ նպատակներ է հետապնդում, մասնավորապես՝ Անդրկովկասի տարածաշրջանում ձգտում է վարել գերակշռության քաղաքականություն: «Կարող եմ ասել մի բան. մենք երբեք նրանց կողմից ճնշում չենք զգում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմն այդ շփումներում չի թաքցնում իր հարաբերությունները Ռուսաստանի, ռուսական զինված ուժերի հետ: «Օրինակ, բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման առաջարկությունը, ինչպես նաեւ մեր միջեւ ռազմավարական պայմանագրերի կնքումը, առաջին հերթին, մեր նախաձեռնությունն է: Մենք ցանկանում ենք համագործակցել նաեւ այլ երկրների հետ»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով, որ Հայաստանն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ 2015 թվականը ստեղծել այնպիսի զինված ուժեր, որոնք համապատասխանեն համաշխարհային ստանդարտներին: Մեկնաբանելով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դերը՝ նախարարը հիշեցրել է, որ երբ ռազմակայանն ստեղծվում էր, Հայաստանի բանակը սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ կադրերի սուր կարիք ուներ: «Նման ռազմակայան ստեղծելու մեր խնդրանքին Ռուսաստանի դրական արձագանքը մեզ համար չափազանց կարեւոր էր: Եվ այսօր շատ դժվար է գերագնահատել ռուսական ռազմակայանի դերն այս տարածաշրջանում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Ի պատասխան այն հարցին, թե ինչ կարող են ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրները, եթե Ադրբեջանին առնչվող իրավիճակը, այնուամենայնիվ, սրվի, եւ արդյո՞ք ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին, Սերժ Սարգսյանն առաջարկել է այդ հարցն ուղղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային կամ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին: Միեւնույն ժամանակ, Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ տրամաբանությունը հենց դրանում է: «Սակայն, անկեղծ ասած, չէինք ցանկանա, որպեսզի գա այնպիսի ժամանակ, երբ ՀԱՊԿ երկրները ստիպված լինեն նման ընտրություն կատարել: Թեեւ, կրկնեմ, պայմանագրի մասնակից երկրների փոխադարձ պարտավորությունների տրամաբանությունը հենց դա է հուշում: Չէ՞ որ պայմանագիրը հենց այն ստորագրած վեց պետությունների «հավաքական անվտանգության» մասին է: Իսկ հավաքական անվտանգությունը ենթադրում է մնացած հինգի մասնակցություն վեցերորդի անվտանգության խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031