Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեներալի

Մայիս 12,2006 00:00

Գեներալի որդին «կպլստա՞» Հայաստանի նման երկրում ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ երեխային վրաերթի ենթարկելն ու սպանելը կարող են անպատիժ մնալ: Մայիսի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Էջմիածնի բաժին անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 30 տան դիմաց արտասահմանյան արտադրության MersedesE-300 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն փողոցի 2-րդ փակուղու 0 տան բնակիչ երկու անչափահասների՝ 11-ամյա Արամ Երվանդի Մարկոսյանին (ծն.՝ 01.09. 1995թ), եւ 10 տարեկան Հակոբ Մանվելի Սարգսյանին (ծն. 12.10.1994թ.): Վրաերթի հետեւանքով Արամ Մարկոսյանը տեղում մահացել է, իսկ Հակոբ Սարգսյանը, որին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել էին Էջմիածնի քաղաքային հիվանդանոց, մահացել է մեկ օր անց: «Առավոտի» տեղեկություններով, վրաերթը կատարվել է MersedesE-300 մակնիշի 44 ՍԼ 777 պետհամարանիշի ավտոմեքենայով, որի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի՝ տուժողներին թողնելով անօգնական: Մայիսի 10-ին ոստիկանության Էջմիածնի բաժին ինքնակամ ներկայացել է Արմավիր մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, Ծաղկունքի գյուղապետ Դավիթ Ռաֆիկի Կարապետյանը՝ ծն. 1969թ., ու հայտարարել, թե վրաերթ կատարած վարորդն ինքն է: Հարուցվել է քրգործ, որը վարում է Արմավիրի մարզային դատախազությունը: Հետաքրքիրն այն է, սակայն, որ դեպքից արդեն 3 օր է անցել, բայց ո՛չ ՀՀ ոստիկանության, ո՛չ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքերում երեկվա դրությամբ մահացու ելքով այս դեպքի, դրա առթիվ քրգործ հարուցված լինելու մասին ոչ մի տեղեկություն չկար: Թերեւս, հիշյալ մարմինները շատ կուզենային կատարվածը խնամքով թաքցնել կամ շատ հրապարակային չդարձնել, որովհետեւ այն մեքենան, որով վրաերթի են ենթարկվել երկու անչափահասները, պատկանում է գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին, որն այս օրերին գտնվում է ՌԴ-ում: Էջմիածինցիների փոխանցմամբ, դեպքի ականատեսները վկայում են, որ ավտոմեքենայի ղեկին եղել, ապա դեպքի վայրից փախուստի էր դիմել հենց Սեյրան Սարոյանի որդին՝ 10-րդ դասարանցի Զարզանդ Սարոյանը, իսկ Ծաղկունքի գյուղապետ Դավիթ Կարապետյանը, ով, պարզվում է, Սեյրան Սարոյանի վարորդն է եղել, ոստիկանություն է ներկայացել «ջահելի» մեղքն իր վրա վերցնելու համար, թերեւս՝ հույսով, որ գեներալ-մայորը պարտքի տակ չի մնա ու մի բան կանի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում Ծաղկունքի գյուղապետը դեպքի օրը Հայաստանում չի էլ եղել ու միայն մայիսի 10-ին է Ռուսաստանից վերադարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ էլ ինչ-ինչ մարդիկ այցելել են տուժածների ընտանիքներին ու դեպքի ականատեսներին՝ համոզելու, որ չասեն, թե իրականում ով է եղել վրաերթ կատարողը: Համաձայնեք, սա հայաստանյան իրականությանն ու գեներալական քաղաքի բարքերին շատ հարազատ երեւույթ է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Հրապարակումն արդեն պատրաստ էր, երբ «Առավոտի» թղթակցին զանգահարել էր անչափահաս տղայի՝ Արամ Մարկոսյանի հայրն ու գրեթե նույնությամբ կրկնել վերը շարադրվածը՝ հավելելով, որ իր իմանալով վրաերթ կատարողը Դավիթ Կարապետյանն է եղել, իսկ իրավապահները MersedesE-300-ը գտել էին ավելի ուշ՝ արդեն առանց պետհամարանիշի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել