Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ

Մայիս 12,2006 00:00

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ ԷՐ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՕԵԿ-ի տրոհումն ԱԺՄ նախագահ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վազգեն Մանուկյանին հիշեցնում է լեյտենանտ Շմիդտի որդիների գզվռտոցը: – Ձեր կարծիքով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ խմբակցությունը քայքայելն առավել ո՞ւմ վրեժն էր՝ Ռոբերտ Քոչարյանի՞, որի արտաքին քաղաքական դիրքորոշումներին հակադրվեց Արթուր Բաղդասարյանը, թե՞ ՀՀԿ-ի եւ կառավարության, որի սեփականաշնորհման գործընթացում կատարված չարաշահումների վերաբերյալ բացահայտումներով հանդես եկավ ԱԺ նախագահը: – Արտաքին քաղաքականության մասին տարբեր կարծիքներ հայտնելն այդքան չի վրդովեցնում իշխանություններին: Ուղղակի ինչպես լեյտենանտ Շմիդտի որդիների կոնվենցիան՝ կոալիցիոն ուժերն էլ ունեն ներքին պայմանավորվածություններ, խաղի կանոններ, որոնց միջոցով եկել են իշխանության: Եվ եթե մեկը խախտում է այդ պայմանավորվածությունները՝ նրան պետք է պատժել: Դե, պատժելու ձեւը գտել են, որ մյուսներն էլ նույնը չանեն: Մյուս կողմից՝ կա նաեւ «Բոլիվարը չի տանի երկուսին» գործոնը: Արդեն շատ է ուժգնանում «գիշատիչների խրախճանքը»՝ իրար ջարդելով պիտի լինեն իշխանության ներսում: – Այսպիսով, ՕԵԿ-ից փողատերերին հանելով՝ արդեն որոշվե՞ց, թե իշխանության իրավահաջորդի աթոռի համար ո՛վ հաղթող դարձավ Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան մրցամարտում: – Կարծում եմ, այս առումով Արթուր Բաղդասարյանի հարցը չի էլ արծարծվել: – Նա այժմ եզակի հնարավորություն ունի Արեւմուտքին ներկայանալ իբրեւ մի հայկական Սահակաշվիլի կամ Յուշչենկո, որը կռիվ տվեց իշխանության ներսում իր արեւմտամետ հայացքների համար ու տուժեց դրա հետեւանքով: Ձեր կարծիքով, եթե նա օգտագործի այս հնարավորությունը՝ գուցե Արեւմուտքը նրա՞ վրա դնի խաղադրույքը նախագահական ընտրություններում: – Իսկ ո՞վ արեւմտամետ չի հայտարարություններով: Իշխանական բոլոր թեւերն էլ հայտարարում են, թե մեր նպատակն է Եվրամիության անդամ դառնալը եւ այլն: Եվ այդպես չէ, թե մյուսներն արեւմտամետ չեն՝ Արթուր Բաղդասարյանն է արեւմտամետ: Ամեն մեկն էլ փորձում է իր վրա ձգել այդ «հագուստը»: Մի ժամանակ Սասունցի Դավթի դերն էին փորձարկում, հիմա էլ Սահակաշվիլիի կամ Յուշչենկոյի: Սակայն ամեն երկիր ունենում է իր հերոսներին, եւ նմանվելով չի ստացվի ոչինչ: Մեր երկիրը յուրօրինակ է եղել մինչ այժմ եւ կմնա էլ այդպիսին: – Հարցս կարող է միամիտ թվալ, բայց գուցե այդ գործարարներին իրոք չէին ուղղորդե՞լ. նրանք միահամուռ հերքում են, թե ճնշում է գործադրվել իրենց վրա: Գուցե ուղղակի այդ գործարարները, որոնք քաղաքական տանիք էին գտել իրենց կապիտալն ապահովագրելու համար՝ տեսնելով, որ «եղանակը» փոխվում է՝ առանց որեւէ պարտադրանքի՞ փախան ՕԵԿ-ից: – Հարցն այլ կերպ տամ. բայց նրանք սկզբում ինչո՞ւ էին մտել «Օրինաց երկիր», այլ ոչ, ասենք՝ ԱԺՄ: Այսինքն՝ նրանք կարդացել էին ծրագրերը եւ գտել, որ ՕԵԿ-ի ծրագիրն իրենց ավելի ձեռնտո՞ւ եւ նպաստավո՞ր է Հայաստանի համար: Ո՛չ: Նրանք մտել էին ՕԵԿ, քանի որ այն մաս էր կազմում իշխանությանը, «դաբրո» էր ստացել վերեւից: Իսկ երբ «Օրինաց երկիրը» կորցնում է իշխանությունը՝ բնական է, որ պետք է դուրս գան այդ մարդիկ: Եթե չի ստացվում օգտվել իշխանությունից եւ վտանգավոր է՝ ինչի՞ մնան այդտեղ: Այդ գործընթացը կուղղորդվի, թե իրենք կորոշեն՝ ամեն մեկն առանձին է այդ հարցը լուծում, բայց դա շատ բնական գործընթաց է: – ՕԵԿ-ը քայքայելու համար պահանջվեց շուրջ մեկ շաբաթ: Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի տրոհելու մյուս իշխանական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնց ցուցակների անցողիկ տեղերը եւս հատկացվել են գործարարներին: – Դաշնակցությունն ավելի քիչ հավանական է, քանի որ, այնուամենայնիվ, այն ունի ներքին կաստայական մի ամուր կառուցվածք: Կարող է 1-2 հոգու վրա կարողանան ազդել, բայց դժվար կլինի: Բայց եթե ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն է, ապա այս իշխանության ձողը ՀՀԿ-ն է: Այն կարող է վտանգի զգացում առաջացնել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտ: Եվ այդ դեպքում ՀՀԿ-ն ոչ թե կտրոհեն, այլ կձգտեն այնպես անել, որ նրա ուժը թուլանա, բաժանվի մի քանի կուսակցությունների միջեւ: Ուստի պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի եւ գլխավոր դատախազի կուսակցությունները գործելու են նույն դաշտում: Մեկ ձողի փոխարեն կլինեն 3-ը՝ դրանք վերահսկելն ավելի հեշտ կլինի: Եվ վերափոխումներ կլինեն՝ որոշ մարդիկ ՀՀԿ-ից կտեղափոխվեն Ծառուկյանի կամ դատախազի կուսակցություններ: – Դուք ե՞ւս համարում եք, թե ԱԺ նախագահը պարտավոր էր դնել իր վստահության քվեի հարցը կամ հրաժարական տալ: – Ես համաձայն չեմ դրան: Նման դեպքերում ընդունված է, որ ԱԺ նախագահը հրաժարական չի տալիս, այսինքն՝ դուրս չեն գալիս խորհրդարանական համակարգից, այլ դուրս են գալիս կառավարման համակարգից՝ կոալիցիայից: – Այսինքն՝ կարծում եք, որ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայից դուրս գալով՝ կարող է շարունակել մնալ ԱԺ նախագա՞հ: – Եթե չհանեն՝ կարող է եւ մնալ: Այստեղ չկա ոչ մի հակասություն: Մանավանդ այն, որ ԱԺ նախագահը կարող է ունենալ մի կարծիք, որը չի համընկնում նախագահի դիրքորոշմանը արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ պատճառ չէ, որ ԱԺ նախագահը հրաժարական տա: Այլ հարց է կառավարությունը: Այն որոշումներ ընդունող միասնական մարմին է, եւ կառավարության անդամներն իրավունք չունեն հանդես գալ փոխհակասող դիրքորոշումներով: – Ամփոփենք՝ Ձեր կարծիքով, հարկ է կարեկցանքո՞վ վերաբերվել ՕԵԿ-ին, որը հավակնում էր ներկայանալ իբրեւ բարեփոխիչ իշխանության մեջ, թե՞ նրանք վաղուց ընդունել էին խաղի այն կանոնները, որոնցով հաշվեհարդար տեսան իրենց հետ: – Կարեկցանքի խնդիր չկա՝ նրանք իրոք ընդունել էին խաղի այդ կանոնները, որոնք պարտադրում էին նաեւ այսպիսի պահվածք: Կան գողական ու թայֆայական օրենքներ, ըստ որոնց՝ պայմանավորվածությունները խախտողը պատժվում է դրա համար: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցը տեղի էր ունեցել մինչեւ ՕԵԿ-ից՝ կոալիցիայից դուրս գալը եւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը: Մեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին, եւ երեկ արդեն իսկ քննարկվում էր այդ հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել