Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր

Մայիս 12,2006 00:00

Ո՞Ր ՀՈՂԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՆՁՆԵԼ Արցախի հարցի կարգավորման շուրջ հնչող տեսակետների մասին այս կարծիքին է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: «Ես՝ մշեցի լինելով, գիտեմ, որ Մուշ ունենալու համար պիտի Ղարաբաղը պահել: Ջավախեցին գիտի, որ Ջավախքի հողի վրա հայ ապրելու համար առաջին հերթին պիտի Ղարաբաղը պահենք, ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը»,- այս հայտարարության հեղինակը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է: Վարչապետն այն հնչեցրել է Շուշիի ազատագրման 14-րդ տարեդարձի օրը՝ Ստեփանակերտում: «Մեզ պարտադրած պատերազմը ապացուցեց, որ պատերազմով հնարավոր չէ հարցը լուծել: Այո, մենք պաշտպանեցինք մեր հողը, հաղթեցինք պատերազմում, բայց չի կարելի ասել, որ մեր ժողովուրդները՝ հայերը, ադրբեջանցիները, երջանիկ են: Սա հուշում է, որ հարցը պետք է լուծվի քաղաքական դաշտում: Մեր բոլորիս խնդիրն այն է, որ չլինի պատերազմ: Սակայն պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Մեր պատրաստվածությունը կբացառի պատերազմի վերսկսումը»,- իր հերթին ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հողերի վերադարձման հավանականության մասին լրագրողի հարցին հարցով է պատասխանել. «Հողերի հանձնումը շատ տարողունակ բառակապակցություն է: Խոսքը ո՞ր հողերի մասին է: Ստեփանակերտի՞»: Լսելով՝ «Ոչ, նախկին ԼՂԻՄ-ից դուրս ընկած հողերի» պատասխանը, նախարարը ասել է. «Համոզված եմ, որ խաղաղությունը կամ խնդրի լուծումը կարող է լինել փոխզիջումների հիմքի վրա: Բայց փոխզիջումը պետք է լինի փոխադարձ»: Ասվել է նաեւ, որ որպես փոխզիջում, ինչպես եւ 18 տարի առաջ, Ադրբեջանից ակնկալում է Ղարաբաղի ժողովրդի անկախ ապրելու իրավունքի ճանաչում: Նույն՝ Երկրապահի օրվա տոնակատարությունների ժամանակ, արդեն Երեւանում, զարմանալիորեն հակադիր կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը. «Ես բացառում եմ, որ հողերը վերադարձվեն: Ես պատրաստ եմ թույլ չտալ հողերի վերադարձ, եթե նման փորձեր լինեն»: Հայրենի իշխանությունների այս հակադիր կարծիքները թերեւս հասկանալի են, սակայն հետաքրքիր էր ճշտել նաեւ պատերազմի այլ մասնակիցների, մասնավորապես՝ ԵԿՄ վարչության նախկին անդամ, այժմ «Ոգու փորձություն» կազմակերպության նախաձեռնող, «Ազգային վերածնունդ» («ԱՎ») կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի դիրքորոշումը՝ փոխզիջումների եւ դրանց շուրջ ներիշխանական հակասությունների մասին: Ալբերտ Բազեյանի կարծիքը հետեւյալն է՝ պատերազմն ավարտվել է մեր հաղթանակով, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք. «Բայց, ցավոք, Արցախի անկախությունը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, պատերազմի սպառնալիքը վերացված չէ, ընթանում են բանակցություններ, եւ դրանց տրամաբանությունը ենթադրում է, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Իսկ թե ով ինչ պետք է զիջի, բնականաբար, բանակցությունների քննարկման թեմա է, եւ առաջին հերթին դա պետք է համաձայնեցվի Արցախի ժողովրդի հետ: Եվ հենց այդ պատճառով է պարտադիր, որ բանակցություններին որպես սուբյեկտ մասնակցեն Արցախի իշխանությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է հնչող տեսակետներին, ապա յուրաքանչյուրն իր տրամաբանությունն ունի: Ես բնական եմ համարում, որ զինվորական շրջանակները պետք է հանդես գան շատ ավելի կոշտ դիրքերից»: Մենք խնդրեցինք մանրամասնել այս տեսակետը: Ալբերտ Բազեյանի գնահատմամբ՝ «Այո, կարելի է համաձայնել, որ հողը նրանն է, ով ապրում է այդ հողի վրա (Մանվել Գրիգորյանը նաեւ այդպիսի հայտարարություն էր արել- Մ. Ե.), բայց այսօր մեզ չի հաջողվում ամբողջությամբ բնակեցնել ազատագրված տարածքները։ Եվ ես կարծում եմ՝ այս հարցը կլուծվի այն ժողովրդի օգտին, ով կհասցնի շատ ավելի արագ եւ ճիշտ լուծել իր ներքին խնդիրները: Իսկ պետության զարգացման կարեւորագույն նախապայմանը ժողովրդավարության հաստատումն է»,- նշեց «ԱՎ» նախագահը: Ըստ պարոն Բազեյանի, «ադրբեջանական կողմը որեւէ զիջում անելու պատրաստակամություն հանդես չի բերում, իսկ այս դեպքում տրամաբանությունը հուշում է, որ մենք եւս չպետք է խոսենք որեւէ զիջման մասին: Այն, ինչ այսօր ուզում է ադրբեջանական կողմը, հետեւյալն է՝ վերադարձնել ազատագրված տարածքները, իսկ Արցախը նորից դնել Ադրբեջանի կազմի մեջ, այսինքն՝ սա մոտավորապես այն վիճակն է, ինչից սկսվեց ամբողջ պատմությունը 88-ին: Հասկանալի է, որ սա չի կարող կրկնվել, որովհետեւ, նախ՝ Արցախն ինքն արդեն մեկ անգամ լուծել է իր հարցերը եւ ինքնորոշվել, եւ հետո՝ ցանկացած հակամարտության կարգավորման համար առաջին հերթին պետք է վերացնել հակամարտության բուն պատճառը, այն է՝ Արցախի անբնական կարգավիճակը Ադրբեջանի կազմում, որից էլ սկսվեց հակամարտությունը, իսկ շրջափակումը, պատերազմը, փախստականները եւ այլն հետեւանքներ են: Ցավոք, մենք տեսնում ենք, որ որոշակի շրջանակներում այսօր քննարկվում է պատերազմի հետեւանքների վերացման եւ ոչ թե հակամարտության բուն պատճառի վերացման անհրաժեշտությունը: Եվ այս պայմաններում մենք գտնում ենք, որ քանի դեռ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը չեն ընդունել Արցախի այսօրվա դե-ֆակտո անկախ կարգավիճակը որպես իրողություն, որպես կայացած փաստ, չի կարելի հակամարտությունը կարգավորված համարել»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել