Չարենցի 35 հասցեի 1-ին հարկի բնակիչ
Արմենուհի Ավետիսյանի եւ 2-րդ հարկի սեփականատեր Գագիկ Պետրոսյանի ընտանիքի ջրերը
մի առվով չեն գնում: Պետրոսյանների հավաստմամբ, արդեն մի քանի դատական
քաշքշուկ է եղել իրենց միջեւ: Հերթական միջադեպը գրանցվել էր անցյալ տարվա հուլիսի
9-ին: Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ,
լսեց Վաղինակ Պետրոսյանի (Գ. Պետրոսյանի որդու) հայցն ընդդեմ Ա. Ավետիսյանի՝ 688
հազար դրամի պահանջի մասին: 9-ամյա հայցվորի շահերը դատարանում ներկայացնում էր նրա
մայրը՝ Նարինե Մելիքյանը: Նա հայտնեց դատարանին, որ դեպքի օրը Ա. Ավետիսյանը փայտով
հարվածել է Վ. Պետրոսյանի գլխին, ինչի հետեւանքով երեխան ուղեղի ցնցում եւ հյուսվածքների
սալջարդ է ստացել: Նրան տարել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ երեխան
պառկել է 11 օր, բուժում ստացել, այնուհետեւ բուժումը շարունակվել է նաեւ տանը: Նիստի
ընթացքում Ն. Մելիքյանը թվարկեց, որ երեխայի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի գումարը
կազմել է 377 հազար դրամ, հիվանդանոցին վճարվել է 100 հազար դրամ, իսկ «ուժեղ սննդի
կապելու» բժշկի խորհուրդը՝ 200 հազար դրամ: Եղել են նաեւ այլ ծախսեր: «Ուժեղ սննդի
կապելու» վերաբերյալ փաստաթուղթը դատավորը փնտրեց գործի նյութերում, բայց չգտավ:
Դատարանը խնդրեց ցույց տալ դեղատոմսերը: Պարզվեց, որ դրանք տանն են: Պատասխանողը
չընդունեց հայցը, ասաց, որ ինքը երեխային չի հարվածել եւ որ միջադեպից հետո 5-րդ
օրը Վաղինակը հեծանիվ է քշել: Նաեւ ավելացրեց, որ դեղերի ծախսը հիմնավորված չէ, իսկ
հիվանդանոցի կողմից տրվածը կեղծ փաստաթուղթ է: Նիստը հետաձգվեց, որպեսզի հայցվորը
կարողանա ներկայացնել իր կողմից նշված՝ գործից պակասող բժշկական եւ ուժեղացված սննդի
վերաբերյալ փաստաթղթերը: Ն. Մելիքյանի պատմելով, դեպքի օրը Ա. Ավետիսյանը իր երեխային
է հարվածել, ինչից էլ իրենց շունը զայրացել եւ կծել է Ավետիսյանի ոտքը: Արմենուհուն
տարել են հիվանդանոց եւ երբ վերադարձել են, իրենց երեխան վատ է զգացել: Նրան նույնպես
տարել են բուժկենտրոն, որտեղ խորհուրդ են տվել նյարդերը հանգստացնող դեղեր, վիտամիններ
օգտագործել: Հարցրի՝ ճի՞շտ է, որ ժամանակ առ ժամանակ անհանգստացրել եք նրանց, ջուր
եք թափել գլխներին: Դա չժխտեց, բայց հակադարձեց, որ Արմենուհին հարեւանների հետ միշտ
անհաշտ է եղել եւ հիմա էլ իրենք են թակարդում հայտնվել: Հարցրի, թե ճի՞շտ է, որ սպառնացել
եք նրան նստեցնել, նույնիսկ ժամկետն եք նշել: Գ. Պետրոսյանը ճշտեց. «Ասել եմ օրենքը
պետք ա քեզ պատժի: Եթե մարդը հանցանք է կատարել, պետք է պատասխան տա, անկախ նրանից՝
վատ ա ապրում, թե լավ»: Հետո, իմիջիայլոց, ավելացրեց, որ Ավետիսյանները «կենտրոնի
աղբի մաֆիայի գլավարներն են ու շատ ձեռնտու գործ է»: (Նկատի ուներ աղբի մեջ քչփորելը-
Է. Մ.): Գ. Պետրոսյանը հիշեց «Նովոյե վրեմյայում» գրված մի հրապարակում եւ ասաց.
«Ես լսել եմ, որ ինքը մտել ա «Նովոյե վրեմյա» կուսակցություն, որպեսզի կարողանա խուսափել
պատասխանատվությունից»: Նրա կինը՝ Ն. Մելիքյանը շարունակեց. «Հունվարի 8-ին բահի
փայտե պոչով Արմինեն ինձ էլ է հարվածել, ինձ մոտ էլ է ուղեղի ցնցում եւ նույն կարգի
բաներ եղել, նաեւ քթի կոտրվածք, որը ես չգիտեի: Ունեմ նկարներն ու ապացույցները»:
Վերջում նա պահանջեց, որ անպայման իրենց հարեւաններին էլ լսեմ ու նաեւ սպառնաց,
որ եթե հրապարակված հոդվածը իրեն դուր չգա, ինձ դատարան կհրավիրի: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ