Առնետիզմը
հայ քաղաքական ասպարեզում առանցքային նշանակություն ունի՝ այնքան հաճախ է այդ երեւույթը
կրկնվում, որ վաղուց ժամանակն է սահմանադրական-իրավական հիմնավորումներ եւ պետական
քաղաքականության կարգավիճակ տալու: Այն, ինչ կատարվում է «Օրինաց երկիր» կուսակցության
հետ, առաջին հայացքից իրոք նման է առնետավազքի՝ մի թեթեւ ճնշում նախագահականից, եւ
օրինաց գործարարները դարձան անօրենք ռոմանտիկներ, որոնց մանկության երազանքը, վերջին
տվյալներով, հանրապետական կամ բարգավաճ լինելն է: Նույնիսկ երկրորդ հայացքից
այդ է տպավորությունը՝ երեք տարի հնարավորը ստացան ու… մեկ առ մեկ հեռանում են,
որովհետեւ երկրի տղամարդը հարց է դրել՝ ո՞ւմ հետ եք: Իսկ դա ոչ թե հարց է, այլ՝ դատավճիռ:
Ճիշտ է՝ ոչ միայն ստացել են, այլեւ տվել են. իրենք ֆինանս, իրենց՝ տանիք, ու հենց
այդ տանիքը սկսել է տատանվել՝ ֆինանսական սյուները փլվում են. սա է հայ քաղաքական
կյանքի պատկերը: Բայց կա երրորդ հայացք. կարեւորը այս առեւտուրը չէ, կարեւորն
այլ հարթության վրա է, ուր չկան ոչ հարցեր, ոչ պատասխաններ՝ գոնե ամեն ինչ արվում
է հենց այդ նպատակով: Խնդիրը բնավ էլ նրանք չեն, ոչ էլ՝ ՕԵԿ-ը: Խնդիրը Արթուր
Բաղդասարյանի հրաժարականն է: Ռոբերտ Քոչարյանին օդ ու ջրի պես պետք է նրա հրաժարականը:
Եվ «Ալգեմայնե ցայտունգը», որքան էլ հեղինակավոր է Եվրոպայում ու հազարներով ընթերցող
ունի, հրաժարականի պատճառ չէ: Ոչ էլ Ռուսաստանը, որ չի բացառվում՝ իրոք կարող էր
իր վասալից հստակություն պահանջել՝ հիմա ո՞ւմ եք հավատարմության երդում տալիս՝ Ռուսաստանի՞ն,
Եվրոպայի՞ն, ԱՄՆ-ի՞ն… Խնդիրը նույնիսկ սեփականաշնորհումը չէ, որ, էլի ոչ մեկի համար
գաղտնիք չէ, կառավարության լիազորություններից դուրս է ու իր վերջնական պատկերը ստանում
է նախագահականում: Ու՝ ընդհանրապես Արթուրը ոչ մի կապ այդ ամենի հետ չունի: Բուն
պատճառն այլ տեղ է՝ Ռոբերտ Քոչարյանին օդ ու ջրի պես պետք է ոչ թե կոնկրետ անուն-ազգանուն
ունեցող ինչ-որ մեկի, այլ՝ Ազգային ժողովի նախագահի հրաժարականը, որովհետեւ նրան
պետք է երկրում այնպիսի իրավիճակ, երբ ինքը հարկադրված է «իրավիճակ կարգավորել, որպեսզի
այն վերահսկողությունից դուրս չգա ու չվերածվի ճգնաժամի»: Իհարկե, այլ երկրների նախագահները
գիշերը նրան երազում չեն տեսնում ու չեն արթնանում՝ պետական կամ պաշտոնական այցով
նրան հանդիպելու տեսլականով: Բայց կա մի մարդ, ում նա ահավորագույնս չի ուզում հանդիպել՝
Իլհամ Ալիեւը: Եվ կա մի բան, որում նա որեւէ որոշակիություն չի ցանկանում արդեն՝
դա ղարաբաղյան հարցն է: Որովհետեւ բոլոր ռեսուրսները սպառված են՝ արդեն չկան պատրվակներ,
փաստարկներ՝ արդեն սպառված է ժամանակը: Ռոբերտ Քոչարյանը հարկադրված է մարել այն
մուրհակը, որ վերցրել է 98-ին: Եվ նա պատրաստ է ամեն ինչի՝ միայն թե ոչինչ չլինի:
Լավագույն պատճառը՝ անկայունություն երկրում, Ազգային ժողովի նոր նախագահի
ընտրություն, քաղաքական ուժերի վերադասավորություն՝ հին ու նոր խարդավանքներ. այդ
պայմաններում ո՞ր մի նախագահը ու ինչպե՞ս կարող է իր երկրից դուրս գալ ու այլ երկրի
նախագահի հանդիպել: Ոչ մի: Ու դեռ խնդիր էլ լուծել: Ահա եւ ԱԺ նախագահի հրաժարականը
միջոց է Ռոբերտ Քոչարյանի համար խուսափելու սեփական հրաժարականից եւ ժամանակ շահելու
իր հարազատ իրավահաջորդին փոխանցելու իշխանությունը: Իսկ թե ինչու է Արթուր
Բաղդասարյանը պատրաստվում հերթական անգամ խաղալ հօգուտ Քոչարյանի՝ դժվար է հասկանալ:
Երաշխիքնե՞ր են տվել: Ո՞վ: «Ֆրանսիական նավերը հայկական լեռները չեն կարող բարձրանալ»:
Ամերիկյաններն էլ: Ներքին նավատորմ էլ՝ չիք: Բայց դրա փոխարեն կա Արտաշես Թումանյանի
խոսուն օրինակը: Իսկ առնետավազքը՝ այնպես, ձեռքի հետ արքունական զվարճանք
է: Ի տես բոլորին: Եվ՝ ի խրատ: Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆ