Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ն «չի ճնշում», իսկ ՌԴ-ն «օգնում» է

Մայիս 12,2006 00:00

«Իրանին
հարվածելու համար Հայաստանում ԱՄՆ ռազմաօդային ուժերին օդակայանների տրամադրման հարց
չի դրվել եւ չի դրվի»: Ինչպես փոխանցում է «Արմինֆո» գործակալությունը, այս
մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսական «Մարքեթինգ
ի կոնսալթինգ» թերթում հրապարակված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության
նախարարը կտրականապես հերքել է այն կարծիքը, թե կառուցելով Հայաստանի հետ իր հարաբերությունները՝
ԱՄՆ-ն նաեւ այլ նպատակներ է հետապնդում, մասնավորապես՝ Անդրկովկասի տարածաշրջանում
ձգտում է վարել գերակշռության քաղաքականություն: «Կարող եմ ասել մի բան. մենք երբեք
նրանց կողմից ճնշում չենք զգում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ
հայկական կողմն այդ շփումներում չի թաքցնում իր հարաբերությունները Ռուսաստանի, ռուսական
զինված ուժերի հետ: «Օրինակ, բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանում ռուսական
102-րդ ռազմակայանի տեղակայման առաջարկությունը, ինչպես նաեւ մեր միջեւ ռազմավարական
պայմանագրերի կնքումը, առաջին հերթին, մեր նախաձեռնությունն է: Մենք ցանկանում ենք
համագործակցել նաեւ այլ երկրների հետ»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով,
որ Հայաստանն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ 2015 թվականը ստեղծել այնպիսի զինված
ուժեր, որոնք համապատասխանեն համաշխարհային ստանդարտներին: Մեկնաբանելով Հայաստանում
տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի դերը՝ նախարարը հիշեցրել է, որ երբ ռազմակայանն
ստեղծվում էր, Հայաստանի բանակը սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ կադրերի սուր
կարիք ուներ: «Նման ռազմակայան ստեղծելու մեր խնդրանքին Ռուսաստանի դրական արձագանքը
մեզ համար չափազանց կարեւոր էր: Եվ այսօր շատ դժվար է գերագնահատել ռուսական ռազմակայանի
դերն այս տարածաշրջանում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Ի պատասխան
այն հարցին, թե ինչ կարող են ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության
անդամ-երկրները, եթե Ադրբեջանին առնչվող իրավիճակը, այնուամենայնիվ, սրվի, եւ արդյո՞ք
ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին, Սերժ Սարգսյանն առաջարկել է այդ հարցն ուղղել ՀԱՊԿ գլխավոր
քարտուղար Նիկոլայ Բորդյուժային կամ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին: Միեւնույն
ժամանակ, Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ տրամաբանությունը հենց դրանում է: «Սակայն, անկեղծ
ասած, չէինք ցանկանա, որպեսզի գա այնպիսի ժամանակ, երբ ՀԱՊԿ երկրները ստիպված լինեն
նման ընտրություն կատարել: Թեեւ, կրկնեմ, պայմանագրի մասնակից երկրների փոխադարձ
պարտավորությունների տրամաբանությունը հենց դա է հուշում: Չէ՞ որ պայմանագիրը հենց
այն ստորագրած վեց պետությունների «հավաքական անվտանգության» մասին է: Իսկ հավաքական
անվտանգությունը ենթադրում է մնացած հինգի մասնակցություն վեցերորդի անվտանգության
խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել