Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 11,2006 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿՏԱՊԱԼՎԵ՞Ն Համենայնդեպս, ռեկտորի թեկնածու, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն այդ տարբերակը չի բացառում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս անգամ առաջադրվել են այն նույն 2 թեկնածուները, ում միջեւ խորհուրդն անցյալ անգամ ընտրություն անել չկարողացավ: «Առավոտի» հետ հարցազրույցներից մեկում Գ. Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ նախորդ ընտրությունները տապալեցին ոչ համալսարանական ուժերը: Երեկ մեզ հետ զրույցում նա նորից այս համոզմունքը հայտնեց. «Նրանցից ոմանք օգտագործեցին տեխնոլոգիաներ՝ տապալելու համար, դրանք ես չեմ հասկանում»: Ավելի կոնկրետ, ըստ պրն Ղազինյանի, խորհրդի անդամներից ոմանք դահլիճում համոզել են մյուսներին՝ վերջին փուլ դուրս եկած 2 թեկնածուներին էլ (Արամ Սիմոնյանին եւ Գագիկ Ղազինյանին) դեմ քվեարկել, որպեսզի ընտրությունները չկայանան: Պրն Ղազինյանի կարծիքով, դա արվեց, որովհետեւ որոշ մարդկանց ուզած թեկնածուն չէր անցել: Իհարկե, մեր զրուցակիցը անուններ չնշեց, բայց այս մասին արդեն գրել ենք. խոսքը թեկնածու Գեղամ Գեւորգյանի մասին է, ում սատարում էր խորհրդի հանրապետականների որոշակի հատված: Հիշեցնենք, որ, ըստ որոշ լուրերի, նախորդ ընտրություններում Գագիկ Ղազինյանը հավաքած է եղել պահանջվող 37 ձայնը, սակայն հաշվիչ հանձնաժողովի անդամների ոչ համալսարանական հատվածը անվավեր է համարել մի քվեաթերթիկ, որտեղ «պտիչկայի» մի գիծը հաստ է գծված եղել: «Դրա դեմ եղել է բողոք՝ հանձնաժողովի անդամներից մեկի կողմից, առաջարկություն է եղել հրավիրել խորհրդի նախագահին, սակայն, ի վերջո, որոշվել է այն համարել անվավեր եւ չի ներկայացվել խորհրդի քննարկմանը՝ չնայած նման բան նախատեսված է ընթացակարգով: Ես երբեւէ դա չեմ վիճարկել, եւ նման վիճարկություններից հետո չէի ուզի ռեկտոր դառնալ, սակայն ասել եմ, որ որոշիչ քվեաթերթիկին պետք էր ավելի լուրջ վերաբերվել: Նախորդ փուլում էլ 36 ձայն եմ ունեցել, որից 4-ը՝ անվավեր, բայց դրա մասին էլ խոսք չի եղել, որովհետեւ 36-ը անցողիկ չէր»,- ասում է Գ. Ղազինյանը: Պրն Ղազինյանը, սակայն, կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ եղած թեկնածուներից ընտրել մեկին, քան թե համալսարանը մնար առանց ռեկտոր: «Վտանգավոր եմ համարում, որ համալսարանը առանց ռեկտորի է մնում: Նույն վտանգն այսօր էլ չեմ բացառում, որ չկայանան: Մեր ընթացակարգը դա թույլ է տալիս, որ որեւէ մեկը նորից չընտրվի: Խորհրդի կազմը չփոխվեց, ո՞վ կարող է երաշխավորել, որ նրանք, ովքեր իրենց թեկնածուից զատ ոչ ոքի չէին տեսնում, այս անգամ կտեսնեն՝ այն դեպքում, երբ նորից նույն մարդիկ են առաջադրվել»: Եթե դրսի ուժերն այդքան մեծ ազդեցություն ունեն, ապա ի՞նչն էր խանգարում նրանց՝ առաջ տանել իրենց թեկնածուին, հասնել վերջնական նպատակի: «Ընտրությունները չկայանալուն նպաստելը մի բան է, 37 ձայն հավաքելը՝ այլ բան»,- ասում է Գ. Ղազինյանը: Նա չի բացառում, որ, հնարավոր է՝ քաղաքական որոշակի ուժեր դեռ չեն կողմնորոշվում ռեկտորի ընտրության հարցում, թե հատկապես ում ուղղությամբ կենտրոնանալ (հաշվի առնենք մայր բուհի մարդկային մեծ ռեսուրսը՝ նախընտրական շրջանում). «Հնարավոր է, բայց այդ դեպքում ինչո՞ւ են դարձել խորհրդի անդամ: Այդ խորհրդի անդամները բոլորը կյանքի փորձ, որոշակի ինտելեկտ, սեփական մտածողություն ունեն, կայացած մարդիկ են, եթե չհաշվենք ուսանողներին»: Ի դեպ, ռեկտորի թեկնածուն ճիշտ չի համարում ուսանողների առկայությունը խորհրդի կազմում: «Նրանց չպետք է նման վճռական դեր վերապահվի: Այդ 18 հոգին այս ընթացքում այնքան բան տեսան, այնքան կրակի ու բովերի միջով անցան, որ հաստատ նրանց դրական էմոցիաներ չհաղորդեց»: Նա նաեւ կարծում է, որ Ռադիկ Մարտիրոսյանի՝ բուհի խորհրդի նախագահ չընտրվելու հարցում մեծ դեր ունեցան հենց ուսանողները. «Իհարկե, դա նրանց ընտրության իրավունքն է, բայց Ռադիկ Մարտիրոսյանին գնահատողներն իրենք չպետք է լինեին: Նրանք ընդամենը գործիք դարձան, նրանք չեն կարող օբյեկտիվորեն կողմնորոշվել: Իհարկե, նրանք ցանկացած հարցի շուրջ պետք է իրենց կարծիքը հայտնեին, բայց որոշիչ դերում չլինեին»: Վերջերս մեզ հետ զրույցում մյուս թեկնածուն՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ ավելի լավ է ուսանողները լինեն քաղաքականացված, քան անտարբեր: «Ուսանողների քաղաքականացվածության մասին լրիվ հակառակ կարծիք ունեմ. եթե քաղաքականացված չեն, դրա համար պետք է միայն ուրախանալ, հայրենիքին ծառայելու համար պարտադիր չէ քաղաքականացված լինել: Որքան բուհերը հեռու լինեն քաղաքականությունից, այնքան ավելի լավ»: Մեր հարցին, թե ինչպես է գնահատում 2 թեկնածուների շանսերը, պրն Ղազինյանը պատասխանեց. «Գաղտնի քվեարկություն է, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչ անել, բայց բոլոր դեպքերում կարծում եմ՝ ոչ ոք չի կարող մոռանալ նախորդ ընտրության արդյունքը՝ 20-36»: Ինչ վերաբերում է Ռադիկ Մարտիրոսյանի նախընտրելի թեկնածու լինելու փաստին, ապա Ղազինյանն ասում է. «Պաշտոնապես նման արտահայտություն չի արվել, բայց պրն Սիմոնյանն էլ նրա հետ 6 տարի աշխատել է պրոռեկտոր, նրանք համախոհներ են, չէ՞ որ պրն Մարտիրոսյանն է նշանակել Սիմոնյանին եւ նրա հետ աշխատել»: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Գագիկ Ղազինյանի դեմ իբրեւ սեւ PR կիրառվում է իրավաբանականի՝ իբր խիստ կոռումպացված լինելու հանգամանքը: Պրն Ղազինյանը նշեց, որ իսկապես անտեղյակների մոտ կարծիք ստեղծելու համար նման փորձեր արվում են, սակայն բերեց որոշակի փաստեր: Մասնավորապես, բուհի ուսանողների շրջանում՝ դասախոսների ռեյտինգային անանուն հարցումներով, այս ֆակուլտետն ամենակոռումպացվածների շարքում չէ: «Եթե իմ անձի վերաբերյալ մի բառ գտնեք, ես պատրաստ եմ հրաժարվել դեկանությունից էլ, ռեկտորի թեկնածությունից էլ»: Ֆակուլտետի մասին այլ մանրամասներ՝ հաջորդիվ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել