Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության

Մայիս 11,2006 00:00

Նախարարության ոդիսականը Պե՞տք է արդյոք անկախությունից մինչ օրս 7 նախարար տեսած Հայաստանին մշակույթի նախարարություն: Այս եւ այլ հարցերի շուրջ էին «Հայելի» ակումբում երեկ բանավիճում մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հակոբ Մովսեսը եւ ԱԺ դաշնակցական պատգամավոր, գրող-հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը: «Դեռ 1991-ին ես հայտարարել եմ, որ մշակույթի նախարարություն Հայաստանին առաջիկա 3-4 տարում է հարկավոր: Քանի որ գնում էին ապապետականացման պրոցեսներ (նաեւ մշակույթի պետական օբյեկտների), լավ կլիներ պետության հսկողության տակ այդ ապապետականացումը կատարվեր: Այսօր արդեն Հայաստանում մշակույթի նախարարությունը ավելորդ գերատեսչական օրգան է»,- նշեց Հ. Մովսեսը: Ռ. Հովսեփյանը, սակայն, համաձայն չէ, թե մշակույթի նախարարությունն այժմ ավելորդ է. «Մշակույթի նախարարություն փակելով՝ Եվրոպային չենք հավասարվի: Բացի դրանից, պետք է կարողանանք տարանջատել նախարարությունը՝ որպես մշակութային օջախների կառույցների կարգավորող, բուն մշակութային գործից, որը այնքան էլ նախարարության խնդիրը չէ»: Հակոբ Մովսեսը փաստում է, որ կուսակցական նախարար ունենալու դեպքում, կուսակցականացվում է ողջ ոլորտը. «Եթե վաղը ընտրություններ սկսվեն, ՕԵԿ ներկայացուցիչը, որ այդ նախարարության գլուխ է կանգնած, կամա թե ակամա չի կարող խուսափել իր կուսակցական պարտականություններից, նույնը կանեն դաշնակցականն ու ՀՀՇ-ականը՝ համապատասխան իրավիճակում հայտնվելու դեպքում: Այնպես որ, պետք չէ երեսպաշտությամբ զբաղվել»: «Եվրոպայում մշակույթի գերատեսչական ղեկավարում հասկացությունը 19-րդ դարի վերջերից, 20-րդ դարի սկզբներից վերացած է: Իմիջիայլոց, երբ Հիտլերը իշխանության գլուխ եկավ, ստեղծեց գաղափարախոսության եւ մշակույթի նախարարություն: Եվրոպայում մշակույթի նախարարություն ունեն այն երկրները, որոնք մշակույթի նախարարության միջոցով պետական եւ իմպերիալ ֆունկցիաներ են իրագործում… Կարծում եմ, մեր մշակույթը գերատեսչական ղեկավարման ենթակա չէ»,- գտնում է Հ. Մովսեսը: Նա կողմնակից է մշակույթում ազատականացման գործընթացներին: Ըստ նրա, վաղուց ժամանակն է վերացնել գլխավոր ռեժիսորի ինստիտուտը, որպեսզի տնօրենը հնարավորություն ունենա թատրոն հրավիրել ոչ միայն հանրահայտ բեմադրիչների, այլեւ երիտասարդների: Այդկերպ՝ թատրոնները կձերբազատվեն «պետական մոնոպոլիզացիայից»: Ռ. Հովսեփյանը, ընդհակառակը, կարծում է, որ այսօր մշակութային դաշտում տիրող համատարած անճաշակությունը հենց ազատականության արդյունք է. «Ես, մեկ-մեկ, անկեղծ ասած, ճաշակի գրաքննության կարիք եմ զգում»: Ի դեպ, այսօրվա մշակույթի ընդհանուր վիճակը Ռուբեն Հովսեփյանին չի բավարարում: Ըստ նրա, նոր դարի արվեստագետը դեռ չի ծնվել. հները չեն կարողանում պատռել դարի պատը ու մուտք գործել նոր դար, նորերն էլ դեռ չկան: Հակոբ Մովսեսն էլ գտնում է, որ մշակույթի մակարդակը ցածր է, բայց որոնումների, էքսպերիմենտների, տակտիկայի մեջ այն հետաքրքիր դրսեւորումներ ունի: Ռուբեն Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ առնչություն ունի Վահան Թամարյանի տան առքուվաճառքի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ բնակարանը հենց Հովսեփյանն էր գնել $15000-ով, սակայն այն ուրիշի անունով է ձեւակերպված: «Ոչ մի կապ չունեմ: Փոխանակ մամուլը լուրջ հարցերով զբաղվի, նման բաներ է գրում…Հիմա ի՞նչ, սկսենք մամուլի հետ կռի՞վ տալ»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ դատի չի տալիս, պատգամավորը պատասխանեց. «Ոչ ես զահլա ունեմ դատի տալու, ոչ էլ լրատվամիջոցներն էդքան հնարավորություն ունեն իմ պատիվը վիրավորելու համար ֆինանսապես հատուցելու»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031