Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿԵՅԱՆԻ

Մայիս 11,2006 00:00

ՄԱԿԵՅԱՆԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵ՞Լ ԵՆ A320 ինքնաթիռի վթարի պատճառներից թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմի համար ամենաձեռնտու վարկածը «եղանակային բարդ պայմաններն են» եղել: Մեր տեղեկություններով՝ Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչ Մակեյանը «վերեւներից» հրահանգ է ստացել էլ չմասնակցել օպերատիվ շտաբի նիստերին ու լրագրողների մոտ այլեւս վթարի պատճառների հետ կապված վարկածներ առաջ չքաշել: Ռուսաստանի մեր աղբյուրի տեղեկատվությամբ՝ Մակեյանին ասել են՝ «դու քո ինտրիգաներով շեղում ես ռուսական ու հայկական կողմի մասնագետների փրկարարական եւ որոնողական աշխատանքները, ավելի ես լարում մարդկանց ու նոր խուճապ առաջացնում, էլ շտաբի նիստերին ու խորհրդակցություններին չգաս, դու իրավասու կողմ չես, որ այս կամ այն հայտարարությամբ հանդես գաս»: Մեզ չհաջողվեց պարոն Մակեյանից ճշտել՝ ովքե՞ր են եղել հրահանգ տվողները՝ մերո՞նք, թե՞ ռուսները, քանի որ նրա հեռախոսը չէր պատասխանում: Բայց մի բան հաստատ է. երբ մենք Սոչիում էինք՝ Հրաչ Մակեյանը ակտիվորեն մասնակցում էր օպերատիվ շտաբի բոլոր նիստերին եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քննարկումներին ու դրանցից հետո պարտադիր հանդիպում լրագրողների հետ՝ նոր տեղեկություններ հաղորդելու: Հիշեցնենք, որ «Առավոտի» հետ զրույցում պարոն Մակեյանը հայտարարել էր, որ մերոնք «փափախ» են արել ու ավիավառելիք քիչ են վերցրել՝ Սոչիում ավելի էժան գներով լիցքավորելու նպատակով, ուստի, ըստ նրա, վթարի հիմնական պատճառը վառելիքն է եղել: Այդ հայտարարության առնչությամբ մեր հարցին, թե չե՞ք վախենում, որ ձեզ հետո կնեղեն՝ պարոն Մակեյանը պատասխանեց. «Չէ, ես ինչի՞ պիտի վախենամ, եթե էսօր չասեմ՝ վաղը ուշ կլինի, թող Հայաստանում լուրջ մտածեն ու որոշեն իրենց հարցերը՝ ինչի են գրում 10 տոննա, երբ վերցնում են ընդամենը 3 տոննա, էնքան որ հերիքացնեն տեղ հասնելու համար»: Նկատենք, որ կառավարական հանձնաժողովի քննարկումների մասնակիցներից Մակեյանը միակն էր, ով խոսք բացեց վթարի պատճառներից մեկի՝ վառելիքի մասին, բայց, փաստորեն, կարճ ժամանակ անց նրա բերանը փակեցին: Արդեն վթարի 9-րդ օրն է՝ բայց հայտնի է գրեթե նույնքան ինֆորմացիա, որքան վթարի առաջին երկու օրերին: Ո՞րն է ռուսական կողմի տարբերակը՝ վթարի պատճառների հետ կապված հարցին Սոչիում օպերատիվ շտաբի հերթական նիստից հետո ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը պատասխանեց. «Մենք դեռ ոչ մի վարկած չենք քննարկում, քանի դեռ չենք ստացել կատարվածի իրական պատկերը, որը կունենանք վրացի եւ ռուս դիսպետչերների եւ օդաչուի խոսակցության ձայնագրությունները վերծանելուց հետո միայն: Մինչ այդ որեւէ վարկած առաջ քաշել չենք կարող: Հիմա մենք շատ կարեւոր առաջադրանք ենք լուծում, զոհվածների հարազատներին ենք օգնություն ցուցաբերում, ավելի քան 300 մարդ է այժմ Սոչիում ու նրանցից յուրաքանչյուրին մաքսիմում ուշադրություն է պետք, վարկածների մասին առայժմ չենք մտածում»: Սակայն այսօր արդեն վրացի դիսպետչերների ձայնագրությունները վերծանված են, զոհվածների հարազատների «հոգսն» էլ չկա, բոլորին ուղարկել են, բայց վարկածների մասին ոչ ռուսական, ոչ հայկական կողմը դեռ չեն ուզում որեւէ բան խոսել: Վրաստանի օդանավակայանի ձայնագրություններից չնչին բան հայտնի դարձավ. միայն այն, որ եղել է 2-րդ շրջապտույտ, իսկ Ադլերի դիսպետչերների խոսակցությունը կվերծանվի այսօր: Փաստն այն է, որ A320 իքնաթիռը մայիսի 2-ի գիշերն ընկել է Սեւ ծով՝ չկարողանալով հաղթահարել վթարի վայրից մինչեւ Ադլերի օդանավակայան հասնող 6-7 րոպեի ճանապարհը կամ չկարողանալով վերադառնալ «Զվարթնոց»: Անշուշտ, դա թուղթ ու գիր չէր ու վթարի համար հստակ պատճառներ եղել են: Եթե դա վառելիքը չէ, ուրեմն մարդկային գործոնն է, եթե օդաչուն ու դիսպետչերները գործել են օրինական ու ճիշտ, ուրեմն պատճառը ինքնաթիռի տեխնիկական թերությունն է: Բայց ո՛ր վարկածի մասին որ խոսք է գնում՝ ռուսական ու հայկական իշխանությունները միանգամից հերքում են: Դատելով հայկական եւ ռուսական կողմի պաշտոնական հայտարարություններից՝ վթարի հիմնական պատճառը եղանակային պայմաններն են. Ս. Սարգսյանն էլ հավաստիացնում էր, թե «երկու բան է հայտնի՝ որ ինքնաթիռը եղել է սարքին, որ եղանակային պայմանները եղել են շատ բարդ»: Սակայն ՊՆ նախարարի՝ առաջ քաշած այս վարկածին, Սոչիի հայերը կասկածում էին, վթարից ընդամենը 2-3 ժամ առաջ Ադլերի օդանավակայանում մեկ այլ ինքնաթիռ նորմալ վայրէջք է կատարել, ինչը հաստատեց նաեւ օդակայանի աշխատակիցներից մեկը: Եվս մի ուշագրավ հանգամանք. ամսի 4-ին Իգոր Լեւիտինը հայտարարեց, որ դեպքի վայրում աշխատում է 700 մասնագետ, այժմ հաջողվել է գտնել միայն ինքնաթիռի պոչի հատվածը: Սակայն ամսի 8-ին արդեն լուրեր տարածվեցին, որ իրականում գտել են ոչ թե պոչի հատվածը, այլ՝ ինքնաթիռի տարբեր մասեր: Տարօրինակ է, որ 700 մասնագետներից ոչ մեկը այդպես էլ գլխի չէր ընկել՝ ինքնաթիռի պոչի՞ հատվածն են հանել, թե՞ իրանը կամ առաջամասը: Եվ հետո, վերջին օրերին որոնողական աշխատանքների մասնակիցները հայտնաբերեցին, որ սեւ արկղը գտնվում է ոչ թե 680, այլ 400-450 մետր խորության վրա: Ավելի վաղ Լեւիտինը հայտարարել էր, որ ռուսական սարքերը կարող են աշխատել մինչեւ 500 մ խորության սահմաններում, այսինքն՝ ստացվում է, որ ռուսական սարքերն էլ կարող էին դուրս բերել սեւ արկղը, բայց թե ինչի են սպասել՝ դժվար է ասել: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել