Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արեւմո՞ւտքն

Մայիս 11,2006 00:00

Արեւմո՞ւտքն է լավ, թե՞ Արեւելքը Արամ Գասպարիչը Հայաստանն ուղարկում է Շանհայ Երեկ ՄԱԱ-ում հյուրընկալված Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն առանց փոխելու իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը պետք է փորձի ձերբազատվել մեկ երկրի՝ Ռուսաստանի կախվածությունից: Ա. Սարգսյանն այս ուղղությամբ հնարավոր քայլերի սեփական մոտեցումն ունի՝ կողմնորոշման ընտրություն անել՝ Արեւմո՞ւտք, թե՞ Արեւելք: Նա կոչ է անում ընտրել Արեւելքն ու ճանապարհներ փնտրել Արեւելքում ձեւավորվող Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար, որը հեռանկարում, ըստ նրա, լինելու է «կայունության եւ ուժի բեւեռը»: «Արեւելյան բլոկում կա հզոր Չինաստան, կա Իրան, հավանաբար կլինի Հնդկաստան, եւ այլն: Այսինքն՝ այդ բոլորը միասին իրենք արդեն ձեւավորում են իրենց խաղի կանոնները: Եվ, ես կարծում եմ, գլխավոր խնդիրն այն է, որ տեսնենք, թե մեր շահերը որտեղ են ավելի շատ արտահայտված լինելու: Հայաստանի շահերն ավելի շատ համընկնում են հենց այս, քան այլ բեւեռների հետ, որոնք մեզ առաջարկվում են: Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորված չլինելը ստիպում է լրջորեն մտածել այն բեւեռի որոնման մասին, որը երբեք Հայաստանն անեքսիայի չի ենթարկի»,- հայտարարեց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ այդ նոր բեւեռը կօգնի թուլացնել միակողմանի կախվածությունը մեկ երկրից՝ Ռուսաստանից (ի դեպ, դա այն դեպքում, երբ հայտնի է, որ մատնանշված նոր բեւեռը ձեւավորվում է առավելապես Ռուսաստանի ակտիվ ջանքերով): Ա. Սարգսյանը երեկ խոսեց նաեւ առաջիկա՝ 2007թ. ԱԺ ընտրությունների մասին ու հայտարարեց, որ ՀԴԿ-ն այլեւս գաղափարական հենք չունեցող դաշինքներին չի անդամակցելու. «Այլեւս չի կարող այդ խայտաբղետ կառույցը լինել, տարբեր գաղափարական հենք ունեցող, տարբեր ուղղություններով շարժվել: Որովհետեւ դա խանգարում էր ընդհանուր գործին: Դա փաստ է»: Ինչ վերաբերում է «Արդարությանը», ապա՝ Ա. Սարգսյանի համոզմամբ, այն ստեղծվել էր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար, ինչը նրան այդպես էլ չհաջողվեց անել: Ապրիլի վերջերին «Ազդակ» ակումբում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, թե առաջին հերթին հենց ՀԺԿ-ի շնորհիվ էր, որ ե՛ւ 1999, ե՛ւ 2003 թվականների ԱԺ ընտրություններում հաղթել էին առաջին դեպքում՝ «Միասնություն», երկրորդում՝ «Արդարություն» դաշինքները: «Եվ գաղտնիք չէ նաեւ, որ ՀԺԿ-ն «Արդարություն» դաշինքի առանցքային ուժն է»,- ասել էր Ստ. Դեմիրճյանը: ՀԴԿ-ն կարո՞ղ է առանց ՀԺԿ-ի աջակցության 2007թ. խորհրդարանական ընտրություններում մանդատներ ստանալու լուրջ հավակնություն ունենալ: «Ստ. Դեմիրճյանն այդ բառերը չի ասել, որովհետեւ ինքն էլ շատ լավ գիտի, որ ամեն մի կուսակցություն, որը միավորվեց «Արդարություն» դաշինքում, իր տեղն ու դերն ուներ: Եվ բոլորը գիտակցում էին, ավելորդ որեւէ կառույց ոչ ոք իր հետ չէր տանի: Եկեք այդ խոսակցությունները թողնենք մի կողմ: Այլ բան է, որ նրա կշիռն այն ժամանակ, նրա ռեյտինգն ավելի բարձր էր, հասկանալի պատճառներով, եւ, իհարկե, նա ավելի շատ տեղ ստացավ, քան՝ ասենք, այլ կուսակցություն»,- հակադարձեց Ա. Սարգսյանը: Ինչ վերաբերում է խորհրդարանական նոր ընտրություններին, ապա դրանց մասնակցության ու ընդհանրապես ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ ՀԴԿ-ն իր խոսքը կասի առաջիկա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կուսակցության նախագահը հայտարարել է, թե իրենք պայքարից չեն հրաժարվելու, ավելին՝ «ավելի լուրջ պայքարի ենք գնալու, կիրառելու ենք նոր ընտրական տեխնոլոգիաներ, որոնց մասին կասենք ընտրությունից մեկ ամիս առաջ»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել