Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԻԶՆԵՍ

Մայիս 11,2006 00:00

«ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍԸ» ԹՌԱՎ ՕԵԿ-ԻՑ Գործարարներն ինչպես մտել էին «Օրինաց երկիր»՝ իրենց բիզնեսն ապահովագրելու, այնպես էլ դուրս են գալիս՝ այն չվտանգելու համար: Շուրջ մեկ ամիս առաջ, երբ ՕԵԿ խմբակցության անդամ գործարար պատգամավորները չենթարկվեցին Պետական գույքի մասնավորեցման 2001 -2003թթ. ծրագրի կատարման հաշվետվությանը դեմ քվեարկելու վերաբերյալ «Օրինաց երկրի» որոշմանը եւ քվեարկեցին ձեռնպահ՝ կուսակցության ներկայացուցիչները փորձում էին լրագրողներին ճեպազրույցում համոզել, թե դեմն ու ձեռնպահը նույն բանն են: Հովհաննես Մարգարյանը եւ Մհեր Շահգելդյանն այն ժամանակ չէին համաձայնել, թե այս քվեարկությամբ սկիզբ կդրվի ՕԵԿ խմբակցության քայքայմանը: Նրանք անգամ վստահեցնում էին, թե դեռ կհամալրվի իրենց խմբակցության թվաքանակը: Երեկ ակնհայտ դարձավ, որ ՕԵԿ խմբակցությունում մնում են միայն նրանք, ովքեր ապրիլի 13-ին Արթուր Բաղդասարյանի հետ միասին դեմ էին քվեարկել այս հաշվետվությանը, կամ գոնե բացակա էին: Իսկ գրեթե բոլոր ձեռնպահ քվեարկածները (Սամվել Շահգալդյան, Գրիգոր Մարգարյան, Ալեքսան Պետրոսյան, Սայադ Զախարյան, Արշակ Մխիթարյան) առանց անգամ պատճառները նշելու՝ արդեն իսկ դիմում են գրել խմբակցությունից եւ կուսակցությունից դուրս գալու մասին: Կարելի է ենթադրել, որ նրանց օրինակին կհետեւի նաեւ ձեռնպահ քվեարկած «Երեւանի միկրոավտոբուսային ՈՒԱԶ» ընկերության բաժնետեր Էդուարդ Գաբրիելյանը: Այն, որ նախկինում խմբակցության 20 պատգամավորներից այս պահին արդեն իսկ մնացել են 13-ը՝ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը որեւէ կերպ չմեկնաբանեց, բոլոր հարցերին տալով նույն պատասխանը. «Այս գործընթացի վերաբերյալ մեր պաշտոնական դիրքորոշումը եւ մոտեցումները կարտահայտենք առաջիկա օրերին»: Իսկ Հովհաննես Մարգարյանը միայն նշեց, թե «Օրինաց երկիրն» ունի 62 հազար անդամ, եւ ողբերգություն չէ, եթե մնան 61994-ը: Փոխարենը մեկը մեկից սուր գնահատականներ է տալիս «Օրինաց երկրի» պաշտոնաթերթը, որի մայիսի 5-11-ի համարի վերնագրերն անգամ խիստ խոսուն են. «Քաղաքական պայքա՞ր, թե՞ վրեժխնդրություն հաջողության համար», «Սեւ հակաքարոզչություն՝ ի՞նչ նպատակներով», «Դատապարտելի՞ է կարծիք հայտնելը» եւ այլն: Թերթի գլխավոր հերոսը հատկապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է, որի մասին «Ախ, Գալուստ, Գալուստ» ֆելիետոնում նշված է, թե «Նրա կողմից հնչած յուրաքանչյուր բացասական խոսք ավելի օգուտ է բերում, քանի որ բոլորը նրան ճանաչում են», իսկ «Ոմանք զբաղված են քաղաքական ֆարսով» հրապարակման մեջ նշվում է, թե մարդիկ կան, որոնք ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի անունը լսելիս ջղաձգումների մեջ են ընկնում. «Ջղաձգումների այս «շքահանդեսում» առաջատարը ոչ այնքան Հմայակ Հովհաննիսյանն է (ինչը սովորական պիտի թվար), այլ նույն ինքը՝ Գալուստ Սահակյանը, այսինքն՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Հա, մեկ էլ, կողքից, իր մի սանը, որին հիշատակելը մեծ կարեւորություն չի ստանում (ըստ ամենայնի՝ խոսքն Արմեն Աշոտյանի մասին է.- Ա. Ի.): Շատ հետաքրքիր է, որ ժամանակ առ ժամանակ Գալուստ Սահակյանն սկսել է խոսել «պահվածքի» մասին: Լավ, դա էլ ոչինչ, մի կերպ կարելի է հանդուրժել, երբ մարդը չունեցածից է խոսում: Բայց մեզ միշտ թվացել է, որ նման մասշտաբի քաղաքական գործիչը գոնե նախ պիտի մտածի, թե ինչի մասին է կարծիք հայտնում: Ասենք, ի՞նչ է մտածել հարգարժան պարոն Սահակյանը, երբ ասել է, թե ՀՀԿ-ն 2003-ին դեմ էր Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը, որպես ԱԺ նախագահ»: Որքանո՞վ է այս ամենը տեղավորվում կոալիցիայի ընդամենը փետրվարին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, որում նշված է, թե հարգելու են միմյանց դիրքորոշումները եւ քաղաքակիրթ ձեւով քննարկելու ու լուծելու առկա հիմնախնդիրները: Մեր այս հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Չեմ կարդացել այդ հրապարակումները՝ պատմել են: Երեւի եկել է ժամանակը, որ վերջապես ասենք, թե թիթիզությունն ու քաղաքականությունը տարբեր բաներ են: Այս ամենն ընդամենը որակում եմ ուղեղաթափություն»: Պնդումներ կան, թե ՕԵԿ խմբակցության քայքայումը ուղղորդվել է նախագահի աշխատակազմից. մեր հարցին, թե որքանո՞վ է այս հարցում շահագրգիռ նաեւ ՀՀԿ-ն՝ պրն Սահակյանը պատասխանեց. «Մենք բնավ կապ չունենք սրա հետ ու ոչ էլ ողջունում ենք նման երեւույթները»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի բացատրությունը, թե ինչու են գործարար պատգամավորները փախչում «խորտակվող նավից»՝ այս էր. «Չեմ կարծում, թե սա զուտ գործարարության հետ է կապված: Պարզապես մարդիկ երեւի իրենց խաբված են զգում: Այլ բան է մի բանաձեւով քաղաքական դաշտ մտնելը, իսկ հետո անընդհատ փորձելը ոլոր-մոլոր գնալը: Սրանք այն մարդիկ են, որոնք ընդամենը չեն ցանկանում գնալ այդ ոլոր-մոլոր ճանապարհներով»: Հետաքրքրվեցինք, թե զրուցե՞լ է այդ պատգամավորների հետ, վստա՞հ է, որ պատճառը միայն այն է, որ իրենց խաբված են զգում, եւ պրն Սահակյանը պատասխանեց. «Քանի որ նաեւ ընկերական կապեր ունեմ՝ բնական է, որ անընդհատ եմ զրուցել»: Այսպիսով, ՕԵԿ խմբակցությունն այժմ արդեն մեծությամբ խորհրդարանում ընդամենը 4-րդն է եւ զիջում է ինչպես ՀՀԿ-ին ու «Ժողպատգամավորին», այնպես էլ՝ «Արդարությանը»: Այսուհանդերձ՝ նրա ներկայացուցիչը, ցանկության դեպքում, կարող է շարունակել գլխավորել խորհրդարանը: Համենայնդեպս՝ հարաբերական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցնում է, թե իրենք չեն պահանջելու Արթուր Բաղդասարյանի հրաժարականը. «Կարծում եմ, հիմա՝ ճանապարհի կեսին, չի կարելի փոխել ձեւաչափերն ու խաղի կանոնները: Սա իմ տեսակետն է: Բայց ՀՀԿ-ում էլ այս հարցը չի քննարկվել»: Սակայն նաեւ նշեց, որ եթե Արթուր Բաղդասարյանը «հրաժարական ներկայացնի՝ ավելի շատ կհարգեմ նրան»: Իսկ ՕԵԿ ներկայացուցիչները չեն մեկնաբանում հրապարակված լուրը, թե արդեն իսկ անցած շաբաթ էր Արթուր Բաղդասարյանը պատրաստ անել այն քայլը, որով կարժանարար Գալուստ Սահակյանի հարգանքին, այն է՝ հրաժարական տալ կամ դնել իր վստահության հարցը:?Սակայն ՕԵԿ խմբակցության պատգամավորները նրան համոզել են չգնալ այդ քայլին։ Հովհաննես Մարգարյանն ընդամենը նշեց, թե ՕԵԿ նախագահը կառչած չէ աթոռից եւ իշխանությունից: Իսկ Մհեր Շահգելդյանը՝ կրկնելով Արթուր Բաղդասարյանին, ասաց. «Եթե մենք գտնենք, որ տարաձայնություններն ու տարակարծություններն այնպիսին են, որ հնարավոր չէ համատեղ ճանապարհ գնալ՝ կարող ենք եւ դուրս գալ կոալիցիայից: Սա է մեր մոտեցումը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031