Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԻՎՆ ԱՅՍՕՐ

Մայիս 11,2006 00:00

Հայ դասական թատերագրության նշանավոր գործերից մեկի՝ «Պատվի համար» դրամայի բեմադրությունը, անշուշտ, պատվի հարց է յուրաքանչյուր ռեժիսորի համար, ուստի Վահե Շահվերդյանն էլ, իր կարծիքով, գտել է դրա սրամիտ լուծումը, այն է՝ պատիվը մեր կյանքում տեղ չունի:

Այսօր թատերագետիս համար անշնորհակալ գործ է բարոյա-գաղափարական դիրքերից քննարկել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում վերջերս բեմադրված Շիրվանզադեի անմահ ստեղծագործությունը: Պարզապես ամեն մի օրինավոր մարդու համար վիրավորական է, երբ համարձակվում են բացահայտ քարոզել այնպիսի սնանկ ու անհեռանկար փիլիսոփայություն, որը հիմնահատակ մերժում է բարեկիրթ ու ազնիվ ապրելակերպի հասարակական արժեքը: Մեր օրերում այդ աշխարհայացքի բիրտ դրսեւորումներն առանց այդ էլ քիչ չեն, ուստի հարց է ծագում. հարկ կա՞, արդյոք, որ արվեստն էլ իր հերթին վերահաստատի դրանց գերակայությունը: 20-րդ դարասկզբի մեր հայ մտավորականը շեղ է նայում այդ մեղսագործ միջավայրին, փորձելով վեր պահել այն առաջադեմն ու լուսավորը, որ միակ ապավենն է ազգի բարգավաճման համար: Հոգ չէ, որ պիեսում Օթարյանը, իբրեւ դրամատուրգիական կերպար, նույնքան ցայտուն ու վառ անձնավորություն չէ, ինչպիսիք են Անդրեաս Էլիզբարյանն ու Սաղաթելը: Բայց մի՞թե կարելի էր ավելի անճարակ ու դժգույն ներկայացնել նրան, քան դա արել են բեմադրիչն ու դերասանը (Ս. Փիլոյան): Դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կկատարվեր պիեսի հեղինակի հետ, եթե նա հրաշքով ականատես դառնար սունդուկյանական բեմադրության, ուր այդ սկզբունքային ու վեհ գաղափարներով դաստիարակված երիտասարդն ի վերջո դառնում է նույնպիսի գիշատիչ, ինչպիսիք շրջապատում վխտող առնետներն են:

Իհարկե, արվեստը հեղափոխություն չի անում եւ դրա կարիքն էլ չունի, բայց արվեստով ոգեւորվելու կարիք ունի հասարակության այն առողջ մասը, որն էլ կրում է իր մեջ այդ լուսավորն ու բարին: Մինչդեռ Շահվերդյանը, ինչպես երեւում է, ճիշտ հակառակ կողմն է նայում:

Սա մեզ հուզող երեւույթի մի երեսն է: Մյուսը վերաբերում է բեմադրության բուն գեղարվեստականությանը:

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ներկայացումն իր ողջ նկարագրով չի հավակնում երեւույթ դառնալ մեր թատերական ասպարեզում: Այս բեմադրությունն ընդամենը հերթական անգույն մի փորձ է ծեծված եղանակներով «ինքնատիպ մեկնաբանելու» հայ թատրոնի պատմության մեջ փառավոր ճանապարհ անցած պիեսը՝ խոսքը հին ու նոր խաղակերպի մասին չէ: Կարելի է ավանդական եղանակներով էլ կառուցել միանգամայն ժամանակակից, համոզիչ ու վարակիչ խաղ, եւ ընդհակառակը՝ նույնիսկ «նորագյուտ» ձեւերի մեջ հնարավոր է այնքան արխայիկ լինել, որ թվա, թե ներկա քաղաքակիրթ աշխարհում տիրող մշակույթի անգամ ստվերը չի թափանցել այստեղ: Ցավով պետք է նշել, որ մռայլությունն ու գորշությունը վաղուց է, ինչ հատկանշական են դարձել մեր «Մայր թատրոնի» համար եւ, կարծես, դրանից այլեւս չենք էլ նեղվում: Բայց ամոթ է, չէ՞…

ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել