Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատեսը հրաժարվում է իր ցուցմունքներից

Մայիս 11,2006 00:00

Շենգավիթի
դատարանում նիստերը չեն ձայնագրվում 18-ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով
կարեւորագույն վկա հանդիսացող Մելքոն Վարդանյանին բերման չենթակեցին, ինչպես սպառնում
էր մեղադրող Սամվել Մնացականյանը. նա ինքնակամ ներկայացավ Շենգավիթ համայնքի առաջին
ատյանի դատարան: 2005թ. օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը Չեխովի փողոցի 29 շենքի
բակում, ըստ քրեական գործի նյութերի, Մելքոն Վարդանյանը տեսել է, թե ինչպես ամբաստանյալներ
Վլադիմիր եւ Զավեն («Բուդուլ» մականունով) Մկրտչյանների, Հրաչ Սահակյանի եւ տուժողի
միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում վերջինիս դանակահարել եւ սպանել
են: Դատարանում մեկուկես ժամում հրապարակվեցին ամբաստանյալների եւ Մելքոն Վարդանյանի
միջեւ տեղի ունեցած առերեսման մանրամասները, ըստ որի, սպանության պատճառը եղել է
այն, որ Վլոն՝ Վլադիմիր Մկրտչյանը Մեսրոպից խնդրել է նրա բջջային հեռախոսը, իսկ երբ
վերջինս ասել է, որ «քիչ գումար է մնացել», Զավենը հոխորտացել է. «Արա, ինչի ես ափսոսում»:
Վկա Վարդանյանը նախաքննության մարմնին հայտնել էր վիճաբանության շատուշատ մանրամասներ
(որոնք գիշերվա ժամին հեշտ չէր նկատել). ամբաստանյալների հագուստը, Զավենի ձեռքին
առկա 20 սմ շեղբով տափակ դանակը, հարվածի ուղղությունը՝ կրծքավանդակին խփելը, կռվի
տեւողությունը, թե բակում, թե հետագայում կռվի վայր դարձած՝ ավտոտնակների մոտ: Դատաքննության
ժամանակ վկային երբ հարցրին, թե ինչպիսին էր լուսավորությունը, նա պատասխանեց. նորմալ
էր: Ամբաստանյալները առերեսման ժամանակ ասել էին վկային, որ ճիշտ ցուցմունք չես տալիս,
որ նշված օրը, նշված ժամին ու վայրում իրենք Մելքոն Վարդանյանին չեն տեսել: Դատարանում
վկայի հարցաքննությունից պարզ դարձավ, որ «ցուցմունքները թելադրել են քաղմասում»:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը նկատեց, որ ցուցմունքներում որոշ դրվագներ հայտնի են եղել
միմիայն վկային, եւ զարմացավ՝ ինչպես կարող էին դրանք թելադրվել: Վկան պնդեց, որ
«առաջին ցուցմունքից սկսած ինձ թելադրել են: Եթե դեպքի վայրում չեմ եղել, ինչ իմանայի,
թե ինչ շորով են եղել»: Երկու մեղադրողները շեշտեցին, որ հարցաքննությունները կատարվել
են ամբաստանյալների պաշտպանների մասնակցությամբ, տեսաձայնագրվել են. «Դարձյալ պնդո՞ւմ
եք, որ ճնշման տակ եք գտնվել», վկան հաստատեց. «Մինչեւ առերեսումը ասում էին. դուխով
կասես: Այն ժամանակ ասում էի վիզ առնեմ, պրծնեմ քաշքշոցից»: Խաչաձեւ հարցաքննությունից
էլ ոչինչ դուրս չեկավ. վկան պնդեց, որ դեպքի վայրում չի եղել, հետեւաբար՝ տեղյակ
չէ կատարվածից: Տուժողի հայրը մեկ հարց ուներ. «7-ամյա կրթությամբ, (7,5 տարի) 3
սռոկ նստած տղա ես, ճնշել կարո՞ղ էին քեզ»: Մեղադրողները խոստացան մինչ վկայի՝ դատարանում
հարցաքննության ավարտը, հրապարակել Վարդանյանի ցուցմունքները: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» ուղեկցությամբ վկան համարձակվեց դատարանի
շենքից դուրս գալ: Ի դեպ, ոստիկաններ չկային էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել