Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության ոդիսականը

Մայիս 11,2006 00:00

Պե՞տք
է արդյոք անկախությունից մինչ օրս 7 նախարար տեսած Հայաստանին մշակույթի նախարարություն:
Այս եւ այլ հարցերի շուրջ էին «Հայելի» ակումբում երեկ բանավիճում մշակույթի
նախկին նախարար, բանաստեղծ Հակոբ Մովսեսը եւ ԱԺ դաշնակցական պատգամավոր, գրող-հրապարակախոս
Ռուբեն Հովսեփյանը: «Դեռ 1991-ին ես հայտարարել եմ, որ մշակույթի նախարարություն
Հայաստանին առաջիկա 3-4 տարում է հարկավոր: Քանի որ գնում էին ապապետականացման պրոցեսներ
(նաեւ մշակույթի պետական օբյեկտների), լավ կլիներ պետության հսկողության տակ այդ
ապապետականացումը կատարվեր: Այսօր արդեն Հայաստանում մշակույթի նախարարությունը ավելորդ
գերատեսչական օրգան է»,- նշեց Հ. Մովսեսը: Ռ. Հովսեփյանը, սակայն, համաձայն
չէ, թե մշակույթի նախարարությունն այժմ ավելորդ է. «Մշակույթի նախարարություն փակելով՝
Եվրոպային չենք հավասարվի: Բացի դրանից, պետք է կարողանանք տարանջատել նախարարությունը՝
որպես մշակութային օջախների կառույցների կարգավորող, բուն մշակութային գործից, որը
այնքան էլ նախարարության խնդիրը չէ»: Հակոբ Մովսեսը փաստում է, որ կուսակցական
նախարար ունենալու դեպքում, կուսակցականացվում է ողջ ոլորտը. «Եթե վաղը ընտրություններ
սկսվեն, ՕԵԿ ներկայացուցիչը, որ այդ նախարարության գլուխ է կանգնած, կամա թե ակամա
չի կարող խուսափել իր կուսակցական պարտականություններից, նույնը կանեն դաշնակցականն
ու ՀՀՇ-ականը՝ համապատասխան իրավիճակում հայտնվելու դեպքում: Այնպես որ, պետք չէ
երեսպաշտությամբ զբաղվել»: «Եվրոպայում մշակույթի գերատեսչական ղեկավարում հասկացությունը
19-րդ դարի վերջերից, 20-րդ դարի սկզբներից վերացած է: Իմիջիայլոց, երբ Հիտլերը իշխանության
գլուխ եկավ, ստեղծեց գաղափարախոսության եւ մշակույթի նախարարություն: Եվրոպայում
մշակույթի նախարարություն ունեն այն երկրները, որոնք մշակույթի նախարարության միջոցով
պետական եւ իմպերիալ ֆունկցիաներ են իրագործում… Կարծում եմ, մեր մշակույթը գերատեսչական
ղեկավարման ենթակա չէ»,- գտնում է Հ. Մովսեսը: Նա կողմնակից է մշակույթում ազատականացման
գործընթացներին: Ըստ նրա, վաղուց ժամանակն է վերացնել գլխավոր ռեժիսորի ինստիտուտը,
որպեսզի տնօրենը հնարավորություն ունենա թատրոն հրավիրել ոչ միայն հանրահայտ բեմադրիչների,
այլեւ երիտասարդների: Այդկերպ՝ թատրոնները կձերբազատվեն «պետական մոնոպոլիզացիայից»:
Ռ. Հովսեփյանը, ընդհակառակը, կարծում է, որ այսօր մշակութային դաշտում տիրող համատարած
անճաշակությունը հենց ազատականության արդյունք է. «Ես, մեկ-մեկ, անկեղծ ասած, ճաշակի
գրաքննության կարիք եմ զգում»: Ի դեպ, այսօրվա մշակույթի ընդհանուր վիճակը
Ռուբեն Հովսեփյանին չի բավարարում: Ըստ նրա, նոր դարի արվեստագետը դեռ չի ծնվել.
հները չեն կարողանում պատռել դարի պատը ու մուտք գործել նոր դար, նորերն էլ դեռ չկան:
Հակոբ Մովսեսն էլ գտնում է, որ մշակույթի մակարդակը ցածր է, բայց որոնումների, էքսպերիմենտների,
տակտիկայի մեջ այն հետաքրքիր դրսեւորումներ ունի: Ռուբեն Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝
ի՞նչ առնչություն ունի Վահան Թամարյանի տան առքուվաճառքի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝
այդ բնակարանը հենց Հովսեփյանն էր գնել $15000-ով, սակայն այն ուրիշի անունով է ձեւակերպված:
«Ոչ մի կապ չունեմ: Փոխանակ մամուլը լուրջ հարցերով զբաղվի, նման բաներ է գրում…Հիմա
ի՞նչ, սկսենք մամուլի հետ կռի՞վ տալ»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ դատի չի տալիս, պատգամավորը
պատասխանեց. «Ոչ ես զահլա ունեմ դատի տալու, ոչ էլ լրատվամիջոցներն էդքան հնարավորություն
ունեն իմ պատիվը վիրավորելու համար ֆինանսապես հատուցելու»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել