Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԼԱՎԵԼ ԵՎ ԿԵՂԾԵԼ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Մայիս 11,2006 00:00

Ըստ
Շավարշ Քոչարյանի՝ սրան է ձգտում խորհրդարանական մեծամասնությունը Ժամանակին,
երբ շրջանառության մեջ դրվեց սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի նախագիծը,
իր սեփական նախագիծը մեջտեղ բերեց նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Այսօր էլ, երբ
կոալիցիան ունի իր «ԸՕ» նախագիծը, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն է իր նախագիծը ներկայացրել:
Մենք նկատեցինք, որ կատարվածի մեջ որոշակի ընդհանրություն կա, եւ դարձյալ Վենետիկի
հանձնաժողով ուղարկել-չուղարկելու խնդիր է առաջացել: Ինքը՝ Շավարշ Քոչարյանը մեր
այս զուգահեռից կարծես նույնիսկ նեղացավ, քանի որ նկատեց. «Իրականում այդպես չէ,
որովհետեւ հենց նույն Արշակ Սադոյանի նախագիծը ժամանակին Վենետիկ ուղարկեցին, որովհետեւ
գիտեին, որ իրենցն ավելի լավն է, իսկ Արշակ Սադոյանի նախագիծն առանձնապես լուրջ առավելություններ
չուներ: Այնպես որ, եթե անգամ ընդհանրություն կա, ապա այն կայանում է ճիշտ հակառակում»:
Շավարշ Քոչարյանը նկատեց, որ իրենց պայքարը շարունակվելու է, քանի որ Հայաստանում
արդեն ավանդաբար խախտվում է պատգամավորի սահմանադրական իրավունքը. «Չէ՞ որ պատգամավորը
նույնպես, ինչպես եւ կառավարությունը, ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք,
իսկ այդ իրավունքը նշանակում է, որ պատգամավորի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը
պետք է առնվազն քննարկվի, եւ մեծամասնությունը չի կարող պատգամավորին զրկել իր սահմանադրական
իրավունքից: Տվյալ պարագայում ես, որպես պատգամավոր, ներկայացրել եմ նախագիծ, իսկ
մեծամասնությունը զրկում է այդ նախագիծը քննարկումից»: «Ընտրական օրենսգրքի»
փոփոխությունների իր նախագիծը կոալիցիան արդեն ուղարկել է Վենետիկի փորձագետներին՝
ուսումնասիրության, սակայն չի ուղարկել ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանինը, այն դեպքում,
երբ դա շատ ավելի վաղ էր դրվել շրջանառության. «Ըստ Կանոնադրության, եթե շրջանառության
մեջ է երկու նախագիծ, ապա դրանք պետք է համարվեն այլընտրանքային եւ քննարկվեն միասին,
որից հետո արդեն մեծամասնությունն իրավունք ունի ընտրել սա կամ նա: Այս դեպքում դա
չի արվել, հետեւաբար, կարելի է ենթադրել, որ խորհրդարանական մեծամասնությունը խուսափում
է հրապարակային քննարկումներից: Հաջորդ հանգամանքը՝ եղած երկու նախագծերն էլ պետք
է ուղարկվեին փորձաքննության ե՛ւ Վենետիկի հանձնաժողով, ե՛ւ ԵԱՀԿ: Չէ՞ որ եթե նպատակը
օրենսգիրքը բարելավելն էր, ապա պետք է հաշվի առնվեին բոլոր այլընտրանքները»: Իհարկե,
պարոն Քոչարյանն իր նախագիծը ուղարկել է Վենետիկ, բայց խնդիրն այն է, որ պաշտոնական
եզրակացություն Վենետիկի հանձնաժողովը կարող էր ուղարկել միայն իշխանությունների
կողմից պաշտոնապես ստացված նախագծին: «Ընտրական օրենսգրքի» շուրջ ստեղծված իրավիճակը
պարոն Քոչարյանը գնահատում է որպես հերթական ընտրությունները կեղծելու իշխանության
հերթական ցանկություն. «Ակնհայտ է, որ իշխանությունները հակված են կեղծել ապագա ընտրությունները
նույն ավանդույթով, առավել եւս, կոալիցիայի ներկայացրած նախագծի վերլուծությունը
ցույց է տալիս, որ այն, այսպես կոչված, «բարելավում» է միայն մեկ նպատակով՝ ընտրությունները
առավել կոպիտ եւ առավել «օրենքի շրջանակներում» կեղծելու համար»: Մենք նկատեցինք,
որ միեւնույն է՝ ցանկացած օրենսգիրք խախտվում է եւ ցանկացած ընտրություն կեղծվում
է, ուրեմն ինչո՞ւ «բարելավել»: Ըստ պարոն Քոչարյանի, այդպես կարելի է մտածել եւ գործել,
ասենք, Բելառուսում կամ Թուրքմենստանում, սակայն Հայաստանը դեռեւս այդ վիճակում չէ.
«Նա գտնվում է վերահսկողության տակ, կամովին ստանձնել է որոշակի պարտավորություններ,
եւ այն ուղին, որը որդեգրել են Թուրքմենստանը, Ուզբեկստանը կամ Բելառուսը, այդ ուղիով
Հայաստանը չի կարող գնալ: Բազմաթիվ հանգամանքներ դա թույլ չեն տալիս: Մնում է՝ մի
կողմից, ելնելով ստեղծված իրավիճակից, բացահայտ գնալ բռնապետական ուղիով, իսկ դա
իշխանությունները պարզապես չեն կարող բացահայտ անել: Մյուս կողմից՝ կան շահեր, որոնք
հակասում են այդ գծին: Առաջանում է մի շատ տարօրինակ վիճակ, երբ արտաքուստ փորձում
են ժողովրդավար երեւալ՝ իրականում լինելով ավտորիտար»: Կոալիցիան առիթը բաց
չէր թողնում հպարտանալու, որ առաջին անգամ ընդդիմության հետ համատեղ քաղաքական մեծամասնությունը
մի ընդհանուր նախագիծ է դնում քննարկման: Սակայն օրեր առաջ ընդդիմության ներկայացուցիչները
հայտարարեցին, որ եթե իրենց կողմից արված առաջարկությունները չընդունվեն մեծամասնության
կողմից, ապա իրենք ստորագրությունները ետ կվերցնեն «ԸՕ» համատեղ նախագծից: Այս իրավիճակն
ինչպե՞ս պետք է կոչել: Շ. Քոչարյանի կարծիքով, ընդդիմության այս քայլը ողջունելի
է. «Վերջապես ընդդիմությունը հասկացավ, որ կոպիտ սխալ է գործել: Բայց ուղղակի տարօրինակ
է, որ ստորագրելու ժամանակ այդ բանը չէին հասկացել: Սա կրկին խոսում է այն մասին,
որ հայոց ընդդիմության այս մեծ զանգվածը դեռեւս խորքային չի աշխատում, նույնիսկ չզգաց,
որ այդ նախագծով ինքը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որը օգտագործվելու է կեղծիքների
համար: Սա շատ դաժան գնահատականն է այն վիճակի, որում գտնվում է ընդդիմությունը»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել