Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ

Մայիս 06,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդ Գիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ ՌԵՍՏՈՐԱՆ «ՍԵՎԱՆ» Մենք արդեն Կոմայգուց դուրս էինք եկել, եւ Լիզան Թամրազյանին հարցրեց. – «Սեւան» ռեստորանը որտե՞ղ է: – Հրե՛ն,- «Սեւան» հյուրանոցի շենքը ցույց տվեց Թամրազյանը:- Իզուր էլ էսքան երկար-բարակ ձեր կարծիքն եմ հարցնում: Գնացի՛նք։ – Գնացինք,- Լիզային ասացի ես: – Գնանք,- ասաց Լիզան:- Ես այսօրվանից սկսում եմ ենթարկվել տղամարդկանց: – Ի՛նձ ասա, որ դեղնակտուցների հետ լեզու եմ թրջում,- քայլերն արագացնելով՝ ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- հետեւեք ի՛նձ: – Փաստորեն, ձեզ ծախսի տակ ենք գցում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան, երբ արդեն մտել էինք ռեստորան: – Արդեն ուշ է,- ասաց Թամրազյանը.- էդ մասին շո՛ւտ պիտի մտածեիք: – Չցանկացա՛ Աստծո կամքին հակառակ գնալ,- ասաց Լիզան: – Ի՞նչ Աստծո կամք,- զարմացավ Թամրազյանը: – Աստված կամենում է, որ ես այսօր ռեստորան գնամ,- ասաց Լիզան: – Էս արձակուրդների ընթացքում շատ ես մեծամտացել, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ իմաստով եմ մեծամտացել,- հարցրեց Լիզան: – Քեզ ինչո՞ւ է թվում, որ Աստված էս ռեստորանը հատկապես քե՛զ է կամեցել եւ ո՛չ թե՝ ինձ ու Արմենին: – Որովհետեւ, ի տարբերություն ձեզ, ես այսօր առաջին անգամ եմ ռեստորան ոտք դնում,- ասաց Լիզան: – Հաստա՞տ,- զարմացավ Թամրազյանը: – Հաստա՛տ,- ասաց Լիզան.- սա առաջին դեպքն է: – Եթե Սրապն ընդունվելուդ մաղարիչն աներ, սա երկրորդ դեպքը կլիներ: – Ճիշտ եք ասում,- ասաց Լիզան: – Սրապն ո՞վ ա,- հարցրի Լիզային: – Պապաս,- ասաց Լիզան: – Քրոջդ մաղարիչն է՛լ չարեց,- ասաց Թամրազյանը:- Մի գլուխ խոստանում է, բայց չի անում: – Դուք էլ խոստացաք ամառային արձակուրդներին մեր գյուղ գալ, բայց չեկաք,- ասաց Լիզան: – Անցած լինի,- ասաց Թամրազյանը: – Արդեն ես է՛լ եմ անհարմար զգում,- ասաց Լիզան: – Ինչի՞ համար ես անհարմար զգում,- հարցրեց Թամրազյանը: – Էդ մաղարիչի համար,- կմկմաց Լիզան: – Կատակ եմ անում,- ասաց Թամրազյանը: – Ամեն կատակի մեջ որոշ ճշմարտություն կա,- ասաց Լիզան.- մանավանդ՝ ա՛յս կատակի մեջ: – Արձակուրդների ընթացքում ահագին հասունացել ես, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը: – Մեծանում ենք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան: – Շատ արագ ես մեծանում,- ինձ նայելով՝ Լիզային ասաց Թամրազյանը:- Որ ընդունվեցիր՝ մի մատ երեխա էիր: Շատ արագ մեծացար: – Կյա՛նքն է ստիպում,- ասաց Լիզան: Թամրազյանի ցուցումով մենք տեղավորվեցինք պատի տակի սեղանի շուրջ, բայց ահագին ժամանակ մեզ ոչ ոք չէր մոտենում, եւ երբ Լիզան ասաց՝ «կյանքն է ստիպում», նվագախմբի երիտասարդ երգիչը զլեց՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»: – Շատ հաճելի տեղ է,- ասաց Լիզան:- Երգիչն էլ բավականին լավ է երգում: – Ոչ թե բավականին, այլ՝ բավական,- ասաց Թամրազյանը.- երգիչը բավական լավ է երգում: – Երգիչը բավական լավ է երգում,- կրկնեց Լիզան: – Վհատվելու չէ՝ վերջ կունենան,- շարունակեց երգիչը: – Բարեւ ձեզ, ընկե՛ր Թամրազյան,- մեր սեղանին մոտենալով՝ ժպտաց սեւ կոստյումով բարձրահասակ տղամարդը: – Բարեւ, Գուրգե՛ն: Էս մեզ թթու ե՞ք դրել,- ասաց Թամրազյանը:- Ինչո՞ւ մեր սեղանին ոչ ոք չի մոտենում: – Զանգել եմ, պրոֆեսոր ջան. հես ա շեֆը գալիս ա,- ասաց բարձրահասակը: – Ի՞նչ շեֆ,- զարմացավ Թամրազյանը:- Էլի չեք թողնելո՞ւ մի կտոր հալալ հաց ուտենք: – Շեֆն ասել ա՝ որ կարեւոր մարդիկ գան, զանգեմ՝ իրան իմաց տամ,- ասաց Գուրգենը: – Ոնց որ հասկանում եմ՝ էլի մեր մի կտոր հացը հարամ եք անելու,- ասաց Թամրազյանը: – Էդ ե՞րբ ենք հարամ արել, պրոֆեսո՛ր ջան,- խեղճացավ Գուրգենը: – Շեֆիդ կանչել ես՝ էլի մեր փոխարեն սեղանի հաշիվն իր վրա է վերցնելու,- տեղից վեր կենալով՝ ասաց Թամրազյանն ու մեզ նայելով՝ ավելացրեց.- գնացի՛նք, էրեխե՛ք: – Ո՞ւր եք գնում, ընկե՛ր Թամրազյան,- սարսափահար մեզ նայեց բարձրահասակը.- շեֆը հենց հիմա գալու ա. որ իմանա ձեզ նեղացրել եմ՝ ինձ հենց տեղում գործից կազատի: – Բայց դու մեզ չես նեղացրել,- ասաց Թամրազյանը:- Շե՛ֆդ է ամեն անգամ մեզ նեղացնում: – Կապ չունի,- ասաց Գուրգենը.- կուժնուկուլեն ի՛մ գլխին ա ջարդվելու. ե՛ս եմ մեղավոր դուս գալու: – Որ էդպես է, կսպասենք ինքը գա՝ հետո նոր կգնանք,- ասաց Թամրազյանը: – Թեկուզ ըտենց,- ասաց բարձրահասակը.- մենակ թե չմտածի՝ ե՛ս եմ ձեզ նեղացրել: – Դե լավ, էրեխե՛ք, նստեք՝ մինչեւ սրանց շեֆը գա,- ասաց Թամրազյանը.- Գուրգենին հարվածի տակ չդնենք: – Հա, շա՜տ եմ խնդրում,- աղաչեց բարձրահասակը, եւ հենց այդ պահին ռեստորանի դահլիճ մտավ ու արագ քայլերով մեզ մոտեցավ կարճահասակ, չափազանց գեր ու ճաղատ մի տղամարդ: – Բարո՛վ տեսանք, պրոֆեսոր ջան,- Թամրազյանին գրկելով՝ ասաց կարճահասակը: – Բարեւ, Սամսո՛ն,- չոր տոնով ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- արդեն գնում էինք: – Ո՞ւր էիք գնում,- ապշահար մեզ նայեց կարճահասակը: – «Արարատի» պադվալ,- ասաց Թամրազյանը: – Կարող ա՞ նեղացրել են,- բարձրահասակին խիստ նայեց Սամսոնը:- Պրոֆեսորին նեղացնող ա՞ էղել, Գուգո՛: – Այստեղ միայն մի հոգի կարող է ինձ նեղացնել,- ասաց Թամրազյանը: – Էդ մի հոգին ո՞վ ա,- նորից Գուրգենին նայեց Սամսոնը: – Դո՛ւ,- ասաց Թամրազյանը: – Ե՞ս,- ապշեց Սամսոնը: – Հենց դո՛ւ,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ իմաստով ես ասում, պրոֆեսո՛ր ջան,- հարցրեց Սամսոնը: – Անցած անգամ չթողեցիր հաշիվը փակենք,- ասաց Թամրազյանը: – Էս անգամ է՛լ չեմ թողելու ,- ինքնավստահ ասաց Սամսոնը: – Դրա համար էլ գնո՛ւմ ենք,- տեղից վեր կենալով՝ ասաց Թամրազյանը.- գնացի՛նք, էրեխե՛ք ջան: – Մենակ դիակիս վրայո՛վ,- Թամրազյանի դեմը փակեց Սամսոնը: – Չեմ հասկանում,- ասաց Թամրազյանը.- զոռով ստիպում ես, որ քո ռեստորանո՞ւմ հաց ուտենք: – Ավելի լավ ա՝ էս դանակը սիրտս կոխես,- ափսեիս մոտ դրված դանակը վերցրեց ու Թամրազյանին մեկնեց Սամսոնը: – Այսինքն, էսօր թողնելո՞ւ ես մարդավարի ու հալալ հաց ուտենք,- հարցրեց Թամրազյանը: – Ի՞նչ իմաստով ես ասում, պրոֆեսո՛ր ջան,- խեղճացավ Սամսոնը: – Է՛ն իմաստով եմ ասում, որ էսօր մեր հաշիվներին չպիտի՛ խառնվես,- ասաց Թամրազյանը.- էսօր մե՛նք ենք մեր հաշիվը փակելու: – Անհնարին բան ես ասում, Թամրազյա՛ն ջան,- ասաց Սամսոնը.- Սամսոնը մեռած ա՞, որ պրոֆեսորն էս տերիտորիայում հաշիվ փակի: – Եթե անհնարին բան եմ ասում, ուրեմն՝ գնացի՛նք,- ասաց Թամրազյանը.- գնացի՛նք, էրեխե՛ք ջան: – Ո՞ւր եք գնում,- ցնցվեց Սամսոնը: – «Արարատի» պադվալ,- ասաց Թամրազյանը: – Սպանում ես, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- փաստորեն, անդանակ մորթում ես: – Մեղավորը ե՛ս եմ,- ասաց Թամրազյանը: – Դո՞ւ խի ես մեղավոր, պրոֆեսո՛ր ջան.- դու ո՞նց կարաս մեղավոր ըլնես,- ասաց Սամսոնը: – Ես էն վերջին դեպքից հետո պարզապես իրավունք չունեի ոտքս էս ռեստորան դնել,- ասաց Թամրազյանը: – Չեմ հասկանում, պրոֆեսո՛ր ջան. ո՞ր դեպքի մասին ա խոսքը,- հարցրեց Սամսոնը: – Էն՝ որ չթողեցիր հաշիվը փակեմ,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ուղղակի՝ հետս Սփյուռքից հյուրեր կային, դրա համա՛ր հետդ բազար չարեցի: – Ի՞նչ բազար, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- ես ո՞վ եմ, որ հետդ բազար անեմ: – Չերկարացնենք,- ասաց Թամրազյանը.- եթե չես ուզում, որ հենց էս պահին վեր կենանք ու գնանք, մատուցողուհիներից մեկին ուղարկիր՝ մարդավարի պատվեր տանք: – Ո՞ր մատուցողուհուն ես ուզում, պրոֆեսո՛ր ջան,- ուրախացավ Սամսոնը: – Ամենասիրունի՛ն,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ես այսօր ուզում եմ մեր երիտասարդներին ոնց որ պետքն է՝ պատիվ տալ: – Էս մեր ջահելներն էլ ե՞ն հյուր,- Լիզային նայելով՝ հարցրեց Սամսոնը: – Այո, ասաց Թամրազյանը.- իմ հարգարժան հյուրերն են: – Իրանք էլ ե՞ն Սփյուռքից,- դարձյալ Լիզային նայելով՝ հարցրեց Սամսոնը: – Ի՞նչ է, նման չե՞նք,- հարցրեց Լիզան: – Ով որ Թամրազյանի հետ իմ էս օբյեկտը ոտ ա դնում, իմ գլխի վրա տեղ ունի, աղջի՛կ ջան,- ասաց Սամսոնը: – Սա քո օբյեկտը չի,- ասաց Թամրազյանը.- սա պետական օբյեկտ է, եւ դու էլ հաճախորդներիդ վրա ճնշում գործադրելու իրավունք չունես: – Էղա՛վ, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- հես ա Նորային կուղարկեմ՝ ձեզանով կզբաղվի: – Ուղարկի՛ր,- ասաց Թամրազյանը: – Ամեն ինչ քո ուզածո՛վ կըլնի, սրտի՛դ մեռնեմ,- ասաց Սամսոնն ու գնաց դեպի ռեստորանի խոհանոցը: – Էս մարդու ձեռքը կրակն եմ ընկել,- ասաց Թամրազյանը: – Ինքը տնօրե՞նն է,- հարցրեց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը:- Երկու տարի առաջ էս մարդու աղջկան բանասիրական ընդունեցի ու ձեռը կրակն եմ ընկել: – Աղջիկն ո՞վ է,- հարցրեց Լիզան: – Քեզանից մի կուրս բարձր է,- ասաց Թամրազյանը.- եթե չեմ սխալվում՝ անունն Անահիտ է: – Եթե իմ իմացած Անահիտն է՝ շատ գեղեցիկ աղջիկ է,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը:- Զարմանում եմ՝ ո՞նց է էս գաճաճից էդ բոյբուսաթով աղջիկն առաջացել: – Երեւի կնոջն է նման,- ասաց Լիզան: – Երեւի: Կնոջը չեմ տեսել,- ասաց Թամրազյանը: – Էս տեսակ մարդիկ իրենց կանանց էնպես են թաքցնում, որ հանկարծ որեւէ մեկը չտեսնի,- ասաց Լիզան: – Կյանքից ահագին հասկանում ես, Լի՛զըչկա,- ժպտաց Թամրազյանը: – Անահիտից է՛լ է զգացվում, որ հարուստ ծնողների աղջիկ է,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը.- հարուստ որ չլիներ, ո՞նց ամեն անգամ իմ փոխարեն հաշիվ կփակեր: – Մեծ բան չի,- ասաց Լիզան.- ձեր արած լավությունը շատ ավելի մեծ է: – Ինքն է՛լ է երեւի քեզ պես մտածում, բայց եթե էս տեմպերով շարունակի իմ փոխարեն հաշիվ փակել, աղջկա կրթությունն իր վրա ահավոր թանկ կնստի,- ասաց Թամրազյանը: – Եղա՛ծ տեղից է ծախսում,- ասաց Լիզան.- որ չունենա՝ ո՞նց կծախսի: – Ի՛ր իրավունքն է. ինչքան ուզում է՝ թող ծախսի,- ասաց Թամրազյանը.- միայն թե՝ թող ծախսի է՛ն մարդկանց վրա, որոնք իրենից էդ ծախսն ակնկալում են: – Ինքն էդ ձեւով փորձում է ձեր լավության տակից դուրս գալ,- ասաց Լիզան: – Ես էլ ամեն մեկի լավության տակ չեմ ուզում մտնել,- ասաց Թամրազյանը: – Որտեղի՞ց եք իրար ճանաչում,- հարցրեց Լիզան: – Անհիշելի ժամանակներից էս ռեստորանում խմում ենք,- ասաց Թամրազյանը:- Պարույրի ու Վահագի հետ միշտ էստեղ էինք գալիս: – Ո՞ր Պարույրի,- հարցրեց Լիզան: – Սեւակի՛,- ասաց Թամրազյանը:- Պարույր Սեւակի ու Վահագն Դավթյանի հետ էստեղ մի քանի տոննա խմած կլինենք: – Մի քանի տոննա ի՞նչ,- հարցրեց Լիզան: – Ամեն ինչ,- ասաց Թամրազյանը:- Էն ժամանակ է՛լ էր տնօրենն էս Սամսոնը: – Էն ժամանակ էլ է՞ր ինքը ձեր փոխարեն հաշիվ փակում,- հարցրեց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը.- էդպիսի դեպքեր էն ժամանակ է՛լ են եղել: – Ուրեմն՝ անշահախնդիր մարդ է,- ասաց Լիզան.- էն ժամանակ հո իր աղջկան համալսարան չէի՞ք ընդունել: – Էն ժամանակ ինքը Պարույրի՛ պատվին էր հաշիվ փակում, ա՛յ խելոք,- ժպտաց Թամրազյանը.- էն ժամանակ Պարույրն արդեն հանրահայտ էր: – Հիմա էլ դո՛ւք եք հանրահայտ,- ասաց Լիզան: – Համա թե շողոքորթն ես, հա՜,- ծիծաղեց Թամրազյանը: – Փաստորեն, դուք էլ մե՛ր փոխարեն եք հաշիվ փակում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան: – Եթե իր աղջկան համալսարան ընդունած չլինեի, ինչքան ուզում էր՝ թող հաշիվ փակեր,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- բայց որ աղջկա հանգամանքը կա, մի տեսակ տգեղ է: – Մարդուն պետք է հնարավորություն տաք, որպեսզի իր երախտագիտությունն արտահայտի,- ասաց Լիզան: – Շատ ես լեզվիդ տալիս,- ասաց Թամրազյանը:- Արդեն երկու տարի է՝ Սրապին էդ հնարավորությունը տվել եմ, բայց իր երախտագիտությունը ոչ մի կերպ չի արտահայտում: – Հա,- ասաց Լիզան: – Սրապն ո՞վ ա,- նորից հարց րի ես: – Պապաս,- ասաց Լիզան:- Փաստորեն, ընկեր Թամրազյանն իր արած լավությունը երեսով է տալիս: – Ի՞նչ լավություն,- հարցրեց Թամրազյանը: – Որ ինձ ու քրոջս համալսարան եք ընդունել,- կարմրեց Լիզան: – Կատակ եմ անում, ա՛յ բալա,- ասաց Թամրազյանը:- Հիմա երկուսդ էլ գերազանցիկ եք, չէ՞: – Այո,- ասաց Լիզան: – Դա նշանակում է, որ երկուսդ էլ ինքնուրույն եք ընդունվել,- ասաց Թամրազյանը:- Դուք ի՞նչ մեղք ունեք, որ ձեր հոր ընկերն եմ: – Բայց պատմության քննությունից առաջ իմ հաշվով բարեխոսել էիք,- ասաց Լիզան: – Պատմության դասախոսն ինձ ասաց, որ փայլուն ես պատասխանել,- ասաց Թամրազյանը: – Սո՛ւտ է ասել,- ասաց Լիզան:- Եթե իրեն ասած չլինեիք, հաստատ պատմությունից կտրվելու էի: – Էդ թեման փակենք. հանաք արինք՝ անցավ,- ասաց Թամրազյանը՝ տեսնելով մեզ մոտեցող սիրունատես կնոջը: – Բարեւ, պրոֆեսո՛ր ջան,- մեր սեղանին մոտենալով՝ ժպտաց կինը: – Բարեւ, Նորա՛ ջան,- ժպտաց Թամրազյանը.- մեռանք քեզ սպասելով: – Լսում եմ ձեզ, ընկե՛ր Թամրազյան,- ասաց կինը: – Դու իմ մենյուն անգիր գիտես, Նորա՛ ջան,- ասաց Թամրազյանը:- Սկզբում խորովածն ես բերում, հետո նոր՝ իշխանը: – Օղի ե՞ք խմելու,- հարցրեց Նորան: – Ինչպես միշտ,- ասաց Թամրազյանն ու մեզ հարցրեց.- դո՞ւք ինչ եք խմելու, էրեխե՛ք: – Ես է՛լ օղի կխմեմ,- ասացի ես: – Ես է՛լ,- ասաց Լիզան: – Իսկ միգուցե կոնյա՞կ,- հարցրեց Թամրազյանը: – Օղի,- ասացի ես: – Միայն օղի,- ժպտաց Լիզան: – Օղին ու զակուսկեղենը կբերեմ՝ մինչեւ խորովածը լինի,- ասաց Նորան ու թեթեւասահ հեռացավ: Քիչ անց մեր սեղանին դարձյալ մոտեցավ տնօրենն ու հարցրեց. – Ամեն ինչ նորմա՞լ ա, պրոֆեսո՛ր ջան – Նորմալն ու աննորմալը քեզնից է կախված,- ասաց Թամրազյանը.- եթե մեզ հանգիստ թողնես՝ ամեն ինչ նորմալ կլինի: – Ո՛չ մի անհանգստացնել, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը: – Հաշիվը ճիշտ ժամանակին կներկայացնեք, որ հետո էլի անհարմար վիճակում չհայտնվենք,- ասաց Թամրազյանը: – Ամեն ինչ քո ասածո՛վ կըլնի, Թամրազյա՛ն ջան,- ասաց Սամսոնը: – Տես, հա՛, Սամսո՛ն տղա, էսօր առանձնահատուկ օր է. տրամադրություններս չփչացնես: Ուզո՞ւմ ես՝ հետներս նստիր, բայց՝ մեր հաշվին,- ասաց Թամրազյանը: – Չէ,- ժպտաց Սամսոնը.- փի՛ս կսովորեմ: – Բա դու ո՞նց ես մեզ փիս սովորեցնում,- ասաց Թամրազյանը: – Անցած ըլնի, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը: – Հույս ունեմ, որ էդպիսի բան այլեւս չի կրկնվի,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- հետներս չես նստո՞ւմ: – Չէ. ձեզ չխանգարեմ,- ասաց Սամսոնը: – Եթե ավելորդ քայլեր չանես՝ մեզ չես խանգարի,- ասաց Թամրազյանը: – Գործեր ունեմ, գնա՛մ: Ձ եզ բարի ախորժակ,- ասաց Սամսոնն ու գնաց: – Այսօր ի՞նչ առումով է առանձնահատուկ օր, ընկե՛ր Թամրազյան,- հարցրեց Լիզան: – Մի քանի առումներով,- ասաց Թամրազյանը.- նախ՝ ընկերոջս աղջկա հետ առաջին անգամ սեղան եմ նստում: – Հետո՞,- հարցրեց Լիզան: – Երկրորդ. ընկերոջս աղջիկը կյանքում առաջին անգամ է ռեստորան ոտք դնում,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- եւ երրորդ՝ ընկերոջս աղջիկն իր ընկերոջ հետ է: Այսուհանդերձ, չորրորդ հանգամանքն է՛լ կա: – Ի՞նչ չորրորդ հանգամանք,- հարցրեց Լիզան: – Ես այսօր թատրոն էի գնացել,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ թատրոն,- զարմացավ Լիզան: – Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն,- ասաց Թամրազյանը.- ինձ որ տեսաք՝ թատրոնից էի դուրս գալիս: – Թատրոնն այդքան շո՞ւտ ավարտվեց,- զարմացավ Լիզան.- մենք որ իրար տեսանք՝ լույս-լույս էր: – Մինչեւ վերջ չմնացի,- ասաց Թամրազյանը:- Մինչեւ ընդմիջում հազիվ դիմացա. շա՜տ անհամ ներկայացում էր: – Ի՞նչ ներկայացում էր,- հարցրի ես: – Որ ասեմ վերնագիրն էլ չիմացա՝ կհավատա՞ք: Պրեմիերա էր: Դերասաններից մեկն էր հրավիրել. ինքն է՛լ էր խաղում: – Ինչի՞ մասին էր,- հարցրեց Լիզան: – Էդ է՛լ չհասկացա: Ինչ-որ արտասահմանյան պիես էր, բայց մերոնք ահավոր էին խաղում: – Ձեզ հրավիրողն էլ է՞ր վատ խաղում,- հարցրեց Լիզան: – Ինձ հրավիրողն ամենավա՛տն էր խաղում,- ասաց Թամրազյանը: – Ձեզ ո՞վ էր հրավիրել,- հարցրի ես: – Կարեւոր չի: Կարեւորն այն է, որ հաջողությամբ ճողոպրեցի: Էդպես էլ չհասկացա՝ էդ պիե՞սն էր անհամ, թե՞ մերոնց արած բեմադրությունը,- ասաց Թամրազյանը: – Երեւի ընդմիջումից հետո դեպքերը զարգանային,- ասաց Լիզան: – Զարգանալու տեղ հեչ չուներ: Իբր էդ անհաջող ներկայացումը քիչ էր, ընդմիջմանն էլ ավելի անհաջող մի մարդու հանդիպեցի,- ասաց Թամրազյանը: – Ո՞ւմ հանդիպեցիք,- հարցրեց Լիզան: – Համալսարանի դասախոսներից է,- ասաց Թամրազյանը: – Ես ճանաչո՞ւմ եմ,- հարցրեց Լիզան: – Չէ,- ասաց Թամրազյանը:- Աստված չանի՝ ճանաչես: Մեր ֆակուլտետի հետ կապ չունի: Էդ մարդն արդեն մի տարի է՝ ինձ հարյուր ռուբլի էր պարտք: Մի օր ուզել էր՝ տվել էի, ու արդեն մի տարուց ավելի է՝ չէր վերադարձնում: – Երեւի չի ունեցել,- ասաց Լիզան: – Ինքը շատ կուզեր, որ ես է՛լ էդպես կարծեի,- ասաց Թամրազյանը.- երեւի հենց էդ նպատակով էլ չէր վերադարձնում: – Ի՞նչ նպատակով,- հարցրեց Լիզան: – Որ ես է՛լ քեզ պես մտածեմ՝ փող չունի,- ասաց Թամրազյանը:- Բայց էս մի տարվա ընթացքում էդ մարդը ո՛չ միայն չափազանց թանկանոց կահույք է գնել, այլեւ՝ նոփ-նոր ավտոմեքենա: Ինքը մեր համալսարանի ամենախոշոր շնաձկներից է: Ժամանակին իր շնորհի՛վ է կաշառքը համալսարան մուտք գործել: – Բա պարտքը չվերադարձնելն ինչպե՞ս եք բացատրում,- հարցրեց Լիզան: – Արդեն բացատրեցի,- ասաց Թամրազյանը:- Երեւի ուշացնում էր, որ ես է՛լ մտածեի՝ թե փող չունի: Բայց ես հիմար չեմ, որ էդպիսի բան մտածեի: Մի խոսքով, թատրոնի ընդմիջման ժամանակ էդ հարյուր ռուբլին վերադարձրեց: Որ կնոջ հետ չլիներ՝ էդ հարյուրանոցը կշպրտեի երեսին: – Հետո՞,- հարցրեց Լիզան: – Էդ հարյուրանոցը վերցրի, թատրոնից դուրս եկա ու հենց աստիճանների մոտ ձեզ հանդիպեցի: Եթե ձեզ հանդիպած չլինեի, միեւնույն է, տղերքից մեկնումեկին զանգելու էի ու էլի ռեստորան էի գալու, որովհետեւ արդեն որոշել էի, որ էս փողը մեր տուն չպիտի՛ մտնի: – Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու եք ուզում անպայման անձա՛մբ հաշիվը փակել,- ասաց Լիզան: – Անկախ ամեն ինչից՝ Սամսոնն արդեն համը հանում է,- ասաց Թամրազյանը: – Առավե՛լ եւս,- ասաց Լիզան: – Ես էս հարյուր ռուբլու վրա վաղուց խաչ էի քաշել. մտածում էի, որ եթե երբեւէ վերադարձնի՝ կշպրտեմ երեսին: – Փաստորեն չշպրտեցիք,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը:- Կինը հետն էր: Փողը հանգիստ վերցրի ու դրի գրպանս: – Ու թատրոնից դուրս եկաք,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը: – Ու թատրոնի աստիճանների մոտ հանդիպեցիք մեզ,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը: – Շատ հետաքրքիր պատմություն է,- ասաց Լիզան: – Դրա ի՞նչն է հետաքրքիր. շատ նողկալի պատմություն է,- ասաց Թամրազյանը: – Փաստորեն, այսօր առավոտից ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ես կյանքումս առաջին անգամ ռեստորան ոտք դնեմ,- ժպտաց Լիզան: – Եթե այդպես է, ուրեմն՝ ամեն ինչ Աստծուց է,- ասաց Թամրազյանը: – Եթե, իհարկե, Աստված ռեստորանների վրա իշխանություն ունի,- ասաց Լիզան: – Աստծո իշխանությունն ամենուր է,- ասաց Թամրազյանը: – Իսկ ինձ թվում էր՝ ռեստորանները սատանայի իշխանության տակ են,- ասաց Լիզան՝ նայելով մեր սեղանին մոտեցող գեղանի ու կրքահարույց Նորային: – Բարի ախորժակ,- ասաց Նորան՝ մատուցարանը մեր սեղանին դնելով ու այնուհետեւ սեղանին շարելով օղու շիշն ու թեթեւ ուտեստները: – Մեզ հետ մի բաժակ չե՞ս խմի, Նորա՛ ջան,- առաջարկեց Թամրազյանը: – Շնորհակալություն, ընկե՛ր Թամրազյան. աշխատանքի մեջ եմ,- ժպտաց Նորան: – Մի բաժակն ի՞նչ պիտի անի,- ասաց Թամրազյանը: – Մի ուրիշ անգամ, պրոֆեսո՛ր ջան,- մեր բաժակները լցնելով՝ ասաց Նորան: – Սամսոնը գնա՞ց, թե՞ դեռ էստեղ է,- հարցրեց Թամրազյանը: – Իրա կաբինետում ա. կանչե՞մ,- հարցրեց Նորան: – Չէ,- ասաց Թամրազյանը.- իրենից հազիվ ենք պրծել: – Ձեզ բարի ախորժակ,- նորից ասաց Նորան ու գնաց: Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031