Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական ավիացիան իր դժվարին ժամանակն է ապրում

Մայիս 06,2006 00:00

Հայկական ավիացիան իր դժվարին ժամանակն է ապրում Այրվեց հայաստանյան եւս երկու ինքնաթիռ Երեկ ցերեկը ժամը երկուսի սահմաններում www.panorama.am-ը հղում անելով ՀՀ Քաղավիացիայի իր աղբյուրներին, լուր տարածեց, որ մայիսի լույս 5-ի գիշերը Բելգիայի «Սաբինա Տեքնիկ» տեղական ընկերությանը պատկանող անգարում երկու հայկական գրանցում ունեցող ինքնաթիռ է այրվել: Երկուսն էլ՝ A 320: Դրանցից մեկը պատկանել է «Արմավիային», մյուսը՝ Վերսանդ Հակոբյանի «Հայկական միջազգային ավիաուղիներին»: Անգարում ինքնաթիռների այրվելու պատճառների մասին տվյալներ չէր հաղորդվում: Ընդհանուր առմամբ հրդեհի հետեւանքով տուժել է 4 օդանավ, այսինքն՝ բացի հայկականը, եւս երկուսը: Երեկ դեպքի մանրամասները ճշտվում էին: Լուրը Հայաստանում, ընդ որում՝ կառավարական շրջանակներում տարածվեց կայծակնային արագությամբ: Նույնիսկ ավելի արագ, քան ՔԱԳՎ պաշտոնյաները կհասցնեին պաշտոնապես հաստատել լուրը՝ լրագրողների հարցերին ի պատասխան: Սա, փաստորեն, «Արմավիայի» երկրորդ ինքնաթիռն էր, իսկ այդպիսիների նշանակությունը գնահատելու համար կարելի է միայն հիշել, թե վերջին «Airbus»-ն ինչ շուքով ու պատկառելի, ներկայացուցչական կազմով դիմավորվեց: Բացի այդ, հաճախ չի պատահում, որ տեխզննման անգարներում ինքնաթիռներ հրդեհվեն, առավել եւս, որ մի ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռները նման կարճ ժամանակահատվածում «կործանվեն»: Ուստի լուրը «շոկի» մեջ գցեց շատերին, եւ առաջին միտքը, որ քննարկվում էր՝ Միխայիլ Բաղդասարովի նկատմամբ դիվերսիայի կազմակերպումն էր: Սա էլ ավելի ինտենսիվորեն սկսեց շրջանառվել, երբ օրվա ընթացքում ավելի շատ տեղեկություններ ի հայտ եկան ամսի 3-ի ավիավթարի՝ վառելիքի պակասի վարկածի մասին: Ինչպես նշված է մեր թերթի մյուս հրապարակումներում, վթարված ինքնաթիռը «Զվարթնոցում» չի լիցքավորվել: Չճշտված տեղեկություններով, գոյություն ունի պրակտիկա, ըստ որի, միշտ չէ, որ վառելիքի պաշարը համապատասխանում է փաստաթղթի տվյալներին. գրում են որքան անհրաժեշտ է, սակայն լիցքավորում են՝ որտեղ էժան է: Այսինքն, հնարավոր է, որ, իրոք, վառելիքը քիչ է եղել: Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ չհաստատվեր վառելիքի կամ այլ տեխնիկական պատճառների մասին վարկածը, ինչը հակառակ դեպքում կվկայեր այն մասին, որ քաղավիացիայում բարձիթողի խնդիրներ կան: Իսկ վառված երկու ինքնաթիռները Բելգիա էին տարվել՝ տեխնիկական զննում անցնելու նպատակով: Մեր տեղեկություններով, Վ. Հակոբյանը հենց հերթական տեխզննման նպատակով ընդմիջել էր Դուբայում իր ավիաընկերության գործունեությունը, ինչը, ըստ ամենայնի, արդեն ժամանակին վերսկսելու հնարավորություններ չի ունենա եւ որոշակի վնասներ կկրի: Չնայած, ամենայն հավանականությամբ, «Սաբինա Տեքնիկը» կփոխհատուցի վերոհիշյալ երկու ինքնաթիռների վնասները: Սակայն գործունեության դադարեցումը, վճարվող հարկերը, չկատարված պայմանագրերը, հետաձգված չվերթները, այս ամենի հետեւանքով ընկերությունների կրելիք գործարար համբավի տուժումը եւս մեծ վնասներ են առաջացնում: «Արմավիայի» վնասների չափն արդեն իսկ աստղաբաշխական չափերի է հասնում: Այս ինքնաթիռի այրվելով, փաստորեն, «Արմավիան» իր երկրորդ հիմնական փոխադրամիջոցը կորցրեց, ինչը, ոլորտի աշխատողների համոզմամբ, կստիպի ընկերությանը չվերթները հետաձգել, կլինի նաեւ հաճախորդների կորուստ, ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ նաեւ օբյեկտիվ պատճառներով: Մի խոսքով, հայկական ավիացիան, հնարավոր է, իր ամենաճգնաժամային ժամանակներն է ապրում: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել