Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԱԿՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲԵՐԵՑԻՆ

Մայիս 06,2006 00:00

ԴԻԱԿՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲԵՐԵՑԻՆ Վաղ առավոտից քաղաքային դիահերձարանի առաջ ծանոթներն ու անծանոթները ծաղկեփնջեր էին դնում: Մայիսի 4-ի գիշերը ժամը 3-ից Մխիթար Հերացու փողոցը, որտեղ գտնվում է Երեւանի քաղաքային դատաբժշկական դիահերձարանը, ոստիկանության աշխատակիցները կիսով չափ փակել էին՝ դիահերձարան դիակներ տեղափոխող սգո մեքենաների ելումուտն ապահովելու համար: Այդ գիշեր Սոչիից Երեւան է տեղափոխվել աղետից զոհվածների 26 դի, որից 11-ը մարզերի բնակիչներ էին: Օդանավակայանից զոհվածների մարմինները քաղաքային դիահերձարան տեղափոխելու համար քաղաքապետարանը նստարանները նախապես հանված մոտ 50 երթուղային տաքսի էր տրամադրել, որոնք պատրաստակամ էին՝ մարզերի մահացած բնակիչների դիակները եւս մինչեւ տուն հասցնել: Վերջիններս քաղաքային դիահերձարան էին բերվել, որպեսզի ցինկե դագաղներից դիակը տեղափոխեն փայտե դագաղների մեջ ու տանեն մարզերի դիահերձարաններ, որտեղից էլ կհանձնվեին հարազատներին: Զոհվածների դիերը Երեւանից մարզեր տեղափոխելու համար այդ գիշեր հարազատներին ուղեկցում էին նաեւ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզպետները: Երեկ ողջ օրվա ընթացքում դիահերձարանում աշխատում էր նաեւ Հայաստանի փրկարարական ծառայության մի խումբ, որ օգնում էր դիակները տեղափոխել դագաղից դագաղ: Ժամը 13-ի դրությամբ դիահերձարանում դեռեւս 9 մարդու մարմին կար, որից մեկը 8 տարեկան Լուսինե Բադալյանինն էր: Նրա ծնողների դիերը երեկ կեսօրի դրությամբ ծովի հատակից դեռեւս չէին հայտնաբերել: Անահիտ Ավետիսյանը հեռուստատեսությամբ լսել էր, որ իր մորաքրոջ աղջկա՝ Անահիտ Խաչատրյանի մարմինը այս չվերթով բերել են, սակայն երեկ դիահերձարանում պարզեց, որ ցուցակում նրա անունը բացակայում էր, այսինքն հարազատին չէին բերել եւ ոչ մի աղբյուրից կնոջը չէր հաջողվում ճշտել, թե երբ կբերեն: Վթարից զոհվել էր նաեւ մորաքրոջ աղջկա ամուսինը՝ Ալբերտ Բաղդասարյանը, սակայն նրա մարմինը չէր գտնվել: Ա. Ավետիսյանի պատմելով. «Բարեկամներս բնակվում էին Արարատի մարզի Ավշար գյուղում: Սոչի էին մեկնում զավակների մոտ մշտական բնակության»: Դժբախտ պատահարից հետո, երբ Ա. Ավետիսյանի հարազատներից մեկի դիակը գտել են, կնոջ պատմելով, նա այն աստիճան վնասված է եղել, որ նույնիսկ հարազատ որդիները չեն կարողացել ծնողին ճանաչել. «Ճանաչելու համար ստիպված Սոչի է մեկնել բարեկամներիս հարեւանը, որը օդանավակայանում նրանց ճանապարհ էր դրել: Հարեւանն էլ՝ հագուստներից է ճանաչել»: Դիահերձարան էին եկել նաեւ A320 ինքնաթիռի զոհված ուղեկցորդուհի Անաիդա Աբելյանի հարազատներն ու ընկերները: Ի դեպ, երեկ վաղ առավոտից քաղաքային դիահերձարանի ցանկապատների առաջ զոհվածների հարազատներն ու անծանոթները ծաղկեփնջեր էին դնում: Դիակների մի մասը Հայաստան պետք է տեղափոխվեին երեկ, սակայն ավելի ուշ ժամի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել