Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 06,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ երեսունմեկերորդ

ՌԵՍՏՈՐԱՆ «ՍԵՎԱՆ»

Մենք արդեն Կոմայգուց դուրս էինք եկել, եւ Լիզան Թամրազյանին հարցրեց.

– «Սեւան» ռեստորանը որտե՞ղ է:

– Հրե՛ն,- «Սեւան» հյուրանոցի շենքը ցույց տվեց Թամրազյանը:- Իզուր էլ էսքան երկար-բարակ ձեր կարծիքն եմ հարցնում: Գնացի՛նք։

– Գնացինք,- Լիզային ասացի ես:

– Գնանք,- ասաց Լիզան:- Ես այսօրվանից սկսում եմ ենթարկվել տղամարդկանց:

– Ի՛նձ ասա, որ դեղնակտուցների հետ լեզու եմ թրջում,- քայլերն արագացնելով՝ ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- հետեւեք ի՛նձ:

– Փաստորեն, ձեզ ծախսի տակ ենք գցում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան, երբ արդեն մտել էինք ռեստորան:

– Արդեն ուշ է,- ասաց Թամրազյանը.- էդ մասին շո՛ւտ պիտի մտածեիք:

– Չցանկացա՛ Աստծո կամքին հակառակ գնալ,- ասաց Լիզան:

– Ի՞նչ Աստծո կամք,- զարմացավ Թամրազյանը:

– Աստված կամենում է, որ ես այսօր ռեստորան գնամ,- ասաց Լիզան:

– Էս արձակուրդների ընթացքում շատ ես մեծամտացել, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը:

– Ի՞նչ իմաստով եմ մեծամտացել,- հարցրեց Լիզան:

– Քեզ ինչո՞ւ է թվում, որ Աստված էս ռեստորանը հատկապես քե՛զ է կամեցել եւ ո՛չ թե՝ ինձ ու Արմենին:

– Որովհետեւ, ի տարբերություն ձեզ, ես այսօր առաջին անգամ եմ ռեստորան ոտք դնում,- ասաց Լիզան:

– Հաստա՞տ,- զարմացավ Թամրազյանը:

– Հաստա՛տ,- ասաց Լիզան.- սա առաջին դեպքն է:

– Եթե Սրապն ընդունվելուդ մաղարիչն աներ, սա երկրորդ դեպքը կլիներ:

– Ճիշտ եք ասում,- ասաց Լիզան:

– Սրապն ո՞վ ա,- հարցրի Լիզային:

– Պապաս,- ասաց Լիզան:

– Քրոջդ մաղարիչն է՛լ չարեց,- ասաց Թամրազյանը:- Մի գլուխ խոստանում է, բայց չի անում:

– Դուք էլ խոստացաք ամառային արձակուրդներին մեր գյուղ գալ, բայց չեկաք,- ասաց Լիզան:

– Անցած լինի,- ասաց Թամրազյանը:

– Արդեն ես է՛լ եմ անհարմար զգում,- ասաց Լիզան:

– Ինչի՞ համար ես անհարմար զգում,- հարցրեց Թամրազյանը:

– Էդ մաղարիչի համար,- կմկմաց Լիզան:

– Կատակ եմ անում,- ասաց Թամրազյանը:

– Ամեն կատակի մեջ որոշ ճշմարտություն կա,- ասաց Լիզան.- մանավանդ՝ ա՛յս կատակի մեջ:

– Արձակուրդների ընթացքում ահագին հասունացել ես, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը:

– Մեծանում ենք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

– Շատ արագ ես մեծանում,- ինձ նայելով՝ Լիզային ասաց Թամրազյանը:- Որ ընդունվեցիր՝ մի մատ երեխա էիր: Շատ արագ մեծացար:

– Կյա՛նքն է ստիպում,- ասաց Լիզան:

Թամրազյանի ցուցումով մենք տեղավորվեցինք պատի տակի սեղանի շուրջ, բայց ահագին ժամանակ մեզ ոչ ոք չէր մոտենում, եւ երբ Լիզան ասաց՝ «կյանքն է ստիպում», նվագախմբի երիտասարդ երգիչը զլեց՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»:

– Շատ հաճելի տեղ է,- ասաց Լիզան:- Երգիչն էլ բավականին լավ է երգում:

– Ոչ թե բավականին, այլ՝ բավական,- ասաց Թամրազյանը.- երգիչը բավական լավ է երգում:

– Երգիչը բավական լավ է երգում,- կրկնեց Լիզան:

– Վհատվելու չէ՝ վերջ կունենան,- շարունակեց երգիչը:

– Բարեւ ձեզ, ընկե՛ր Թամրազյան,- մեր սեղանին մոտենալով՝ ժպտաց սեւ կոստյումով բարձրահասակ տղամարդը:

– Բարեւ, Գուրգե՛ն: Էս մեզ թթու ե՞ք դրել,- ասաց Թամրազյանը:- Ինչո՞ւ մեր սեղանին ոչ ոք չի մոտենում:

– Զանգել եմ, պրոֆեսոր ջան. հես ա շեֆը գալիս ա,- ասաց բարձրահասակը:

– Ի՞նչ շեֆ,- զարմացավ Թամրազյանը:- Էլի չեք թողնելո՞ւ մի կտոր հալալ հաց ուտենք:

– Շեֆն ասել ա՝ որ կարեւոր մարդիկ գան, զանգեմ՝ իրան իմաց տամ,- ասաց Գուրգենը:

– Ոնց որ հասկանում եմ՝ էլի մեր մի կտոր հացը հարամ եք անելու,- ասաց Թամրազյանը:

– Էդ ե՞րբ ենք հարամ արել, պրոֆեսո՛ր ջան,- խեղճացավ Գուրգենը:

– Շեֆիդ կանչել ես՝ էլի մեր փոխարեն սեղանի հաշիվն իր վրա է վերցնելու,- տեղից վեր կենալով՝ ասաց Թամրազյանն ու մեզ նայելով՝ ավելացրեց.- գնացի՛նք, էրեխե՛ք:

– Ո՞ւր եք գնում, ընկե՛ր Թամրազյան,- սարսափահար մեզ նայեց բարձրահասակը.- շեֆը հենց հիմա գալու ա. որ իմանա ձեզ նեղացրել եմ՝ ինձ հենց տեղում գործից կազատի:

– Բայց դու մեզ չես նեղացրել,- ասաց Թամրազյանը:- Շե՛ֆդ է ամեն անգամ մեզ նեղացնում:

– Կապ չունի,- ասաց Գուրգենը.- կուժնուկուլեն ի՛մ գլխին ա ջարդվելու. ե՛ս եմ մեղավոր դուս գալու:

– Որ էդպես է, կսպասենք ինքը գա՝ հետո նոր կգնանք,- ասաց Թամրազյանը:

– Թեկուզ ըտենց,- ասաց բարձրահասակը.- մենակ թե չմտածի՝ ե՛ս եմ ձեզ նեղացրել:

– Դե լավ, էրեխե՛ք, նստեք՝ մինչեւ սրանց շեֆը գա,- ասաց Թամրազյանը.- Գուրգենին հարվածի տակ չդնենք:

– Հա, շա՜տ եմ խնդրում,- աղաչեց բարձրահասակը, եւ հենց այդ պահին ռեստորանի դահլիճ մտավ ու արագ քայլերով մեզ մոտեցավ կարճահասակ, չափազանց գեր ու ճաղատ մի տղամարդ:

– Բարո՛վ տեսանք, պրոֆեսոր ջան,- Թամրազյանին գրկելով՝ ասաց կարճահասակը:

– Բարեւ, Սամսո՛ն,- չոր տոնով ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- արդեն գնում էինք:

– Ո՞ւր էիք գնում,- ապշահար մեզ նայեց կարճահասակը:

– «Արարատի» պադվալ,- ասաց Թամրազյանը:

– Կարող ա՞ նեղացրել են,- բարձրահասակին խիստ նայեց Սամսոնը:- Պրոֆեսորին նեղացնող ա՞ էղել, Գուգո՛:

– Այստեղ միայն մի հոգի կարող է ինձ նեղացնել,- ասաց Թամրազյանը:

– Էդ մի հոգին ո՞վ ա,- նորից Գուրգենին նայեց Սամսոնը:

– Դո՛ւ,- ասաց Թամրազյանը:

– Ե՞ս,- ապշեց Սամսոնը:

– Հենց դո՛ւ,- ասաց Թամրազյանը:

– Ի՞նչ իմաստով ես ասում, պրոֆեսո՛ր ջան,- հարցրեց Սամսոնը:

– Անցած անգամ չթողեցիր հաշիվը փակենք,- ասաց Թամրազյանը:

– Էս անգամ է՛լ չեմ թողելու ,- ինքնավստահ ասաց Սամսոնը:

– Դրա համար էլ գնո՛ւմ ենք,- տեղից վեր կենալով՝ ասաց Թամրազյանը.- գնացի՛նք, էրեխե՛ք ջան:

– Մենակ դիակիս վրայո՛վ,- Թամրազյանի դեմը փակեց Սամսոնը:

– Չեմ հասկանում,- ասաց Թամրազյանը.- զոռով ստիպում ես, որ քո ռեստորանո՞ւմ հաց ուտենք:

– Ավելի լավ ա՝ էս դանակը սիրտս կոխես,- ափսեիս մոտ դրված դանակը վերցրեց ու Թամրազյանին մեկնեց Սամսոնը:

– Այսինքն, էսօր թողնելո՞ւ ես մարդավարի ու հալալ հաց ուտենք,- հարցրեց Թամրազյանը:

– Ի՞նչ իմաստով ես ասում, պրոֆեսո՛ր ջան,- խեղճացավ Սամսոնը:

– Է՛ն իմաստով եմ ասում, որ էսօր մեր հաշիվներին չպիտի՛ խառնվես,- ասաց Թամրազյանը.- էսօր մե՛նք ենք մեր հաշիվը փակելու:

– Անհնարին բան ես ասում, Թամրազյա՛ն ջան,- ասաց Սամսոնը.- Սամսոնը մեռած ա՞, որ պրոֆեսորն էս տերիտորիայում հաշիվ փակի:

– Եթե անհնարին բան եմ ասում, ուրեմն՝ գնացի՛նք,- ասաց Թամրազյանը.- գնացի՛նք, էրեխե՛ք ջան:

– Ո՞ւր եք գնում,- ցնցվեց Սամսոնը:

– «Արարատի» պադվալ,- ասաց Թամրազյանը:

– Սպանում ես, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- փաստորեն, անդանակ մորթում ես:

– Մեղավորը ե՛ս եմ,- ասաց Թամրազյանը:

– Դո՞ւ խի ես մեղավոր, պրոֆեսո՛ր ջան.- դու ո՞նց կարաս մեղավոր ըլնես,- ասաց Սամսոնը:

– Ես էն վերջին դեպքից հետո պարզապես իրավունք չունեի ոտքս էս ռեստորան դնել,- ասաց Թամրազյանը:

– Չեմ հասկանում, պրոֆեսո՛ր ջան. ո՞ր դեպքի մասին ա խոսքը,- հարցրեց Սամսոնը:

– Էն՝ որ չթողեցիր հաշիվը փակեմ,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ուղղակի՝ հետս Սփյուռքից հյուրեր կային, դրա համա՛ր հետդ բազար չարեցի:

– Ի՞նչ բազար, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- ես ո՞վ եմ, որ հետդ բազար անեմ:

– Չերկարացնենք,- ասաց Թամրազյանը.- եթե չես ուզում, որ հենց էս պահին վեր կենանք ու գնանք, մատուցողուհիներից մեկին ուղարկիր՝ մարդավարի պատվեր տանք:

– Ո՞ր մատուցողուհուն ես ուզում, պրոֆեսո՛ր ջան,- ուրախացավ Սամսոնը:

– Ամենասիրունի՛ն,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ես այսօր ուզում եմ մեր երիտասարդներին ոնց որ պետքն է՝ պատիվ տալ:

– Էս մեր ջահելներն էլ ե՞ն հյուր,- Լիզային նայելով՝ հարցրեց Սամսոնը:

– Այո, ասաց Թամրազյանը.- իմ հարգարժան հյուրերն են:

– Իրանք էլ ե՞ն Սփյուռքից,- դարձյալ Լիզային նայելով՝ հարցրեց Սամսոնը:

– Ի՞նչ է, նման չե՞նք,- հարցրեց Լիզան:

– Ով որ Թամրազյանի հետ իմ էս օբյեկտը ոտ ա դնում, իմ գլխի վրա տեղ ունի, աղջի՛կ ջան,- ասաց Սամսոնը:

– Սա քո օբյեկտը չի,- ասաց Թամրազյանը.- սա պետական օբյեկտ է, եւ դու էլ հաճախորդներիդ վրա ճնշում գործադրելու իրավունք չունես:

– Էղա՛վ, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը.- հես ա Նորային կուղարկեմ՝ ձեզանով կզբաղվի:

– Ուղարկի՛ր,- ասաց Թամրազյանը:

– Ամեն ինչ քո ուզածո՛վ կըլնի, սրտի՛դ մեռնեմ,- ասաց Սամսոնն ու գնաց դեպի ռեստորանի խոհանոցը:

– Էս մարդու ձեռքը կրակն եմ ընկել,- ասաց Թամրազյանը:

– Ինքը տնօրե՞նն է,- հարցրեց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը:- Երկու տարի առաջ էս մարդու աղջկան բանասիրական ընդունեցի ու ձեռը կրակն եմ ընկել:

– Աղջիկն ո՞վ է,- հարցրեց Լիզան:

– Քեզանից մի կուրս բարձր է,- ասաց Թամրազյանը.- եթե չեմ սխալվում՝ անունն Անահիտ է:

– Եթե իմ իմացած Անահիտն է՝ շատ գեղեցիկ աղջիկ է,- ասաց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը:- Զարմանում եմ՝ ո՞նց է էս գաճաճից էդ բոյբուսաթով աղջիկն առաջացել:

– Երեւի կնոջն է նման,- ասաց Լիզան:

– Երեւի: Կնոջը չեմ տեսել,- ասաց Թամրազյանը:

– Էս տեսակ մարդիկ իրենց կանանց էնպես են թաքցնում, որ հանկարծ որեւէ մեկը չտեսնի,- ասաց Լիզան:

– Կյանքից ահագին հասկանում ես, Լի՛զըչկա,- ժպտաց Թամրազյանը:

– Անահիտից է՛լ է զգացվում, որ հարուստ ծնողների աղջիկ է,- ասաց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը.- հարուստ որ չլիներ, ո՞նց ամեն անգամ իմ փոխարեն հաշիվ կփակեր:

– Մեծ բան չի,- ասաց Լիզան.- ձեր արած լավությունը շատ ավելի մեծ է:

– Ինքն է՛լ է երեւի քեզ պես մտածում, բայց եթե էս տեմպերով շարունակի իմ փոխարեն հաշիվ փակել, աղջկա կրթությունն իր վրա ահավոր թանկ կնստի,- ասաց Թամրազյանը:

– Եղա՛ծ տեղից է ծախսում,- ասաց Լիզան.- որ չունենա՝ ո՞նց կծախսի:

– Ի՛ր իրավունքն է. ինչքան ուզում է՝ թող ծախսի,- ասաց Թամրազյանը.- միայն թե՝ թող ծախսի է՛ն մարդկանց վրա, որոնք իրենից էդ ծախսն ակնկալում են:

– Ինքն էդ ձեւով փորձում է ձեր լավության տակից դուրս գալ,- ասաց Լիզան:

– Ես էլ ամեն մեկի լավության տակ չեմ ուզում մտնել,- ասաց Թամրազյանը:

– Որտեղի՞ց եք իրար ճանաչում,- հարցրեց Լիզան:

– Անհիշելի ժամանակներից էս ռեստորանում խմում ենք,- ասաց Թամրազյանը:- Պարույրի ու Վահագի հետ միշտ էստեղ էինք գալիս:

– Ո՞ր Պարույրի,- հարցրեց Լիզան:

– Սեւակի՛,- ասաց Թամրազյանը:- Պարույր Սեւակի ու Վահագն Դավթյանի հետ էստեղ մի քանի տոննա խմած կլինենք:

– Մի քանի տոննա ի՞նչ,- հարցրեց Լիզան:

– Ամեն ինչ,- ասաց Թամրազյանը:- Էն ժամանակ է՛լ էր տնօրենն էս Սամսոնը:

– Էն ժամանակ էլ է՞ր ինքը ձեր փոխարեն հաշիվ փակում,- հարցրեց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը.- էդպիսի դեպքեր էն ժամանակ է՛լ են եղել:

– Ուրեմն՝ անշահախնդիր մարդ է,- ասաց Լիզան.- էն ժամանակ հո իր աղջկան համալսարան չէի՞ք ընդունել:

– Էն ժամանակ ինքը Պարույրի՛ պատվին էր հաշիվ փակում, ա՛յ խելոք,- ժպտաց Թամրազյանը.- էն ժամանակ Պարույրն արդեն հանրահայտ էր:

– Հիմա էլ դո՛ւք եք հանրահայտ,- ասաց Լիզան:

– Համա թե շողոքորթն ես, հա՜,- ծիծաղեց Թամրազյանը:

– Փաստորեն, դուք էլ մե՛ր փոխարեն եք հաշիվ փակում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան:

– Եթե իր աղջկան համալսարան ընդունած չլինեի, ինչքան ուզում էր՝ թող հաշիվ փակեր,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- բայց որ աղջկա հանգամանքը կա, մի տեսակ տգեղ է:

– Մարդուն պետք է հնարավորություն տաք, որպեսզի իր երախտագիտությունն արտահայտի,- ասաց Լիզան:

– Շատ ես լեզվիդ տալիս,- ասաց Թամրազյանը:- Արդեն երկու տարի է՝ Սրապին էդ հնարավորությունը տվել եմ, բայց իր երախտագիտությունը ոչ մի կերպ չի արտահայտում:

– Հա,- ասաց Լիզան:

– Սրապն ո՞վ ա,- նորից հարց րի ես:

– Պապաս,- ասաց Լիզան:- Փաստորեն, ընկեր Թամրազյանն իր արած լավությունը երեսով է տալիս:

– Ի՞նչ լավություն,- հարցրեց Թամրազյանը:

– Որ ինձ ու քրոջս համալսարան եք ընդունել,- կարմրեց Լիզան:

– Կատակ եմ անում, ա՛յ բալա,- ասաց Թամրազյանը:- Հիմա երկուսդ էլ գերազանցիկ եք, չէ՞:

– Այո,- ասաց Լիզան:

– Դա նշանակում է, որ երկուսդ էլ ինքնուրույն եք ընդունվել,- ասաց Թամրազյանը:- Դուք ի՞նչ մեղք ունեք, որ ձեր հոր ընկերն եմ:

– Բայց պատմության քննությունից առաջ իմ հաշվով բարեխոսել էիք,- ասաց Լիզան:

– Պատմության դասախոսն ինձ ասաց, որ փայլուն ես պատասխանել,- ասաց Թամրազյանը:

– Սո՛ւտ է ասել,- ասաց Լիզան:- Եթե իրեն ասած չլինեիք, հաստատ պատմությունից կտրվելու էի:

– Էդ թեման փակենք. հանաք արինք՝ անցավ,- ասաց Թամրազյանը՝ տեսնելով մեզ մոտեցող սիրունատես կնոջը:

– Բարեւ, պրոֆեսո՛ր ջան,- մեր սեղանին մոտենալով՝ ժպտաց կինը:

– Բարեւ, Նորա՛ ջան,- ժպտաց Թամրազյանը.- մեռանք քեզ սպասելով:

– Լսում եմ ձեզ, ընկե՛ր Թամրազյան,- ասաց կինը:

– Դու իմ մենյուն անգիր գիտես, Նորա՛ ջան,- ասաց Թամրազյանը:- Սկզբում խորովածն ես բերում, հետո նոր՝ իշխանը:

– Օղի ե՞ք խմելու,- հարցրեց Նորան:

– Ինչպես միշտ,- ասաց Թամրազյանն ու մեզ հարցրեց.- դո՞ւք ինչ եք խմելու, էրեխե՛ք:

– Ես է՛լ օղի կխմեմ,- ասացի ես:

– Ես է՛լ,- ասաց Լիզան:

– Իսկ միգուցե կոնյա՞կ,- հարցրեց Թամրազյանը:

– Օղի,- ասացի ես:

– Միայն օղի,- ժպտաց Լիզան:

– Օղին ու զակուսկեղենը կբերեմ՝ մինչեւ խորովածը լինի,- ասաց Նորան ու թեթեւասահ հեռացավ:

Քիչ անց մեր սեղանին դարձյալ մոտեցավ տնօրենն ու հարցրեց.

– Ամեն ինչ նորմա՞լ ա, պրոֆեսո՛ր ջան

– Նորմալն ու աննորմալը քեզնից է կախված,- ասաց Թամրազյանը.- եթե մեզ հանգիստ թողնես՝ ամեն ինչ նորմալ կլինի:

– Ո՛չ մի անհանգստացնել, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը:

– Հաշիվը ճիշտ ժամանակին կներկայացնեք, որ հետո էլի անհարմար վիճակում չհայտնվենք,- ասաց Թամրազյանը:

– Ամեն ինչ քո ասածո՛վ կըլնի, Թամրազյա՛ն ջան,- ասաց Սամսոնը:

– Տես, հա՛, Սամսո՛ն տղա, էսօր առանձնահատուկ օր է. տրամադրություններս չփչացնես: Ուզո՞ւմ ես՝ հետներս նստիր, բայց՝ մեր հաշվին,- ասաց Թամրազյանը:

– Չէ,- ժպտաց Սամսոնը.- փի՛ս կսովորեմ:

– Բա դու ո՞նց ես մեզ փիս սովորեցնում,- ասաց Թամրազյանը:

– Անցած ըլնի, պրոֆեսո՛ր ջան,- ասաց Սամսոնը:

– Հույս ունեմ, որ էդպիսի բան այլեւս չի կրկնվի,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- հետներս չես նստո՞ւմ:

– Չէ. ձեզ չխանգարեմ,- ասաց Սամսոնը:

– Եթե ավելորդ քայլեր չանես՝ մեզ չես խանգարի,- ասաց Թամրազյանը:

– Գործեր ունեմ, գնա՛մ: Ձ եզ բարի ախորժակ,- ասաց Սամսոնն ու գնաց:

– Այսօր ի՞նչ առումով է առանձնահատուկ օր, ընկե՛ր Թամրազյան,- հարցրեց Լիզան:

– Մի քանի առումներով,- ասաց Թամրազյանը.- նախ՝ ընկերոջս աղջկա հետ առաջին անգամ սեղան եմ նստում:

– Հետո՞,- հարցրեց Լիզան:

– Երկրորդ. ընկերոջս աղջիկը կյանքում առաջին անգամ է ռեստորան ոտք դնում,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- եւ երրորդ՝ ընկերոջս աղջիկն իր ընկերոջ հետ է: Այսուհանդերձ, չորրորդ հանգամանքն է՛լ կա:

– Ի՞նչ չորրորդ հանգամանք,- հարցրեց Լիզան:

– Ես այսօր թատրոն էի գնացել,- ասաց Թամրազյանը:

– Ի՞նչ թատրոն,- զարմացավ Լիզան:

– Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն,- ասաց Թամրազյանը.- ինձ որ տեսաք՝ թատրոնից էի դուրս գալիս:

– Թատրոնն այդքան շո՞ւտ ավարտվեց,- զարմացավ Լիզան.- մենք որ իրար տեսանք՝ լույս-լույս էր:

– Մինչեւ վերջ չմնացի,- ասաց Թամրազյանը:- Մինչեւ ընդմիջում հազիվ դիմացա. շա՜տ անհամ ներկայացում էր:

– Ի՞նչ ներկայացում էր,- հարցրի ես:

– Որ ասեմ վերնագիրն էլ չիմացա՝ կհավատա՞ք: Պրեմիերա էր: Դերասաններից մեկն էր հրավիրել. ինքն է՛լ էր խաղում:

– Ինչի՞ մասին էր,- հարցրեց Լիզան:

– Էդ է՛լ չհասկացա: Ինչ-որ արտասահմանյան պիես էր, բայց մերոնք ահավոր էին խաղում:

– Ձեզ հրավիրողն էլ է՞ր վատ խաղում,- հարցրեց Լիզան:

– Ինձ հրավիրողն ամենավա՛տն էր խաղում,- ասաց Թամրազյանը:

– Ձեզ ո՞վ էր հրավիրել,- հարցրի ես:

– Կարեւոր չի: Կարեւորն այն է, որ հաջողությամբ ճողոպրեցի: Էդպես էլ չհասկացա՝ էդ պիե՞սն էր անհամ, թե՞ մերոնց արած բեմադրությունը,- ասաց Թամրազյանը:

– Երեւի ընդմիջումից հետո դեպքերը զարգանային,- ասաց Լիզան:

– Զարգանալու տեղ հեչ չուներ: Իբր էդ անհաջող ներկայացումը քիչ էր, ընդմիջմանն էլ ավելի անհաջող մի մարդու հանդիպեցի,- ասաց Թամրազյանը:

– Ո՞ւմ հանդիպեցիք,- հարցրեց Լիզան:

– Համալսարանի դասախոսներից է,- ասաց Թամրազյանը:

– Ես ճանաչո՞ւմ եմ,- հարցրեց Լիզան:

– Չէ,- ասաց Թամրազյանը:- Աստված չանի՝ ճանաչես: Մեր ֆակուլտետի հետ կապ չունի: Էդ մարդն արդեն մի տարի է՝ ինձ հարյուր ռուբլի էր պարտք: Մի օր ուզել էր՝ տվել էի, ու արդեն մի տարուց ավելի է՝ չէր վերադարձնում:

– Երեւի չի ունեցել,- ասաց Լիզան:

– Ինքը շատ կուզեր, որ ես է՛լ էդպես կարծեի,- ասաց Թամրազյանը.- երեւի հենց էդ նպատակով էլ չէր վերադարձնում:

– Ի՞նչ նպատակով,- հարցրեց Լիզան:

– Որ ես է՛լ քեզ պես մտածեմ՝ փող չունի,- ասաց Թամրազյանը:- Բայց էս մի տարվա ընթացքում էդ մարդը ո՛չ միայն չափազանց թանկանոց կահույք է գնել, այլեւ՝ նոփ-նոր ավտոմեքենա: Ինքը մեր համալսարանի ամենախոշոր շնաձկներից է: Ժամանակին իր շնորհի՛վ է կաշառքը համալսարան մուտք գործել:

– Բա պարտքը չվերադարձնելն ինչպե՞ս եք բացատրում,- հարցրեց Լիզան:

– Արդեն բացատրեցի,- ասաց Թամրազյանը:- Երեւի ուշացնում էր, որ ես է՛լ մտածեի՝ թե փող չունի: Բայց ես հիմար չեմ, որ էդպիսի բան մտածեի: Մի խոսքով, թատրոնի ընդմիջման ժամանակ էդ հարյուր ռուբլին վերադարձրեց: Որ կնոջ հետ չլիներ՝ էդ հարյուրանոցը կշպրտեի երեսին:

– Հետո՞,- հարցրեց Լիզան:

– Էդ հարյուրանոցը վերցրի, թատրոնից դուրս եկա ու հենց աստիճանների մոտ ձեզ հանդիպեցի: Եթե ձեզ հանդիպած չլինեի, միեւնույն է, տղերքից մեկնումեկին զանգելու էի ու էլի ռեստորան էի գալու, որովհետեւ արդեն որոշել էի, որ էս փողը մեր տուն չպիտի՛ մտնի:

– Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու եք ուզում անպայման անձա՛մբ հաշիվը փակել,- ասաց Լիզան:

– Անկախ ամեն ինչից՝ Սամսոնն արդեն համը հանում է,- ասաց Թամրազյանը:

– Առավե՛լ եւս,- ասաց Լիզան:

– Ես էս հարյուր ռուբլու վրա վաղուց խաչ էի քաշել. մտածում էի, որ եթե երբեւէ վերադարձնի՝ կշպրտեմ երեսին:

– Փաստորեն չշպրտեցիք,- ասաց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը:- Կինը հետն էր: Փողը հանգիստ վերցրի ու դրի գրպանս:

– Ու թատրոնից դուրս եկաք,- ասաց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը:

– Ու թատրոնի աստիճանների մոտ հանդիպեցիք մեզ,- ասաց Լիզան:

– Հա,- ասաց Թամրազյանը:

– Շատ հետաքրքիր պատմություն է,- ասաց Լիզան:

– Դրա ի՞նչն է հետաքրքիր. շատ նողկալի պատմություն է,- ասաց Թամրազյանը:

– Փաստորեն, այսօր առավոտից ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ես կյանքումս առաջին անգամ ռեստորան ոտք դնեմ,- ժպտաց Լիզան:

– Եթե այդպես է, ուրեմն՝ ամեն ինչ Աստծուց է,- ասաց Թամրազյանը:

– Եթե, իհարկե, Աստված ռեստորանների վրա իշխանություն ունի,- ասաց Լիզան:

– Աստծո իշխանությունն ամենուր է,- ասաց Թամրազյանը:

– Իսկ ինձ թվում էր՝ ռեստորանները սատանայի իշխանության տակ են,- ասաց Լիզան՝ նայելով մեր սեղանին մոտեցող գեղանի ու կրքահարույց Նորային:

– Բարի ախորժակ,- ասաց Նորան՝ մատուցարանը մեր սեղանին դնելով ու այնուհետեւ սեղանին շարելով օղու շիշն ու թեթեւ ուտեստները:

– Մեզ հետ մի բաժակ չե՞ս խմի, Նորա՛ ջան,- առաջարկեց Թամրազյանը:

– Շնորհակալություն, ընկե՛ր Թամրազյան. աշխատանքի մեջ եմ,- ժպտաց Նորան:

– Մի բաժակն ի՞նչ պիտի անի,- ասաց Թամրազյանը:

– Մի ուրիշ անգամ, պրոֆեսո՛ր ջան,- մեր բաժակները լցնելով՝ ասաց Նորան:

– Սամսոնը գնա՞ց, թե՞ դեռ էստեղ է,- հարցրեց Թամրազյանը:

– Իրա կաբինետում ա. կանչե՞մ,- հարցրեց Նորան:

– Չէ,- ասաց Թամրազյանը.- իրենից հազիվ ենք պրծել:

– Ձեզ բարի ախորժակ,- նորից ասաց Նորան ու գնաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել