Ընդհանուր ժողովը՝ անխոս դերասան
Կանոնադրական խախտումներ
ԳԱԱ ղեկավարությունը արդեն 6 տարի է՝ շահագրգռված է ԳԱԱ անդամների ընտրությունները հետաձգելու մեջ, քանի որ դրա հետեւանքով «պատվովճարների տնտեսումը» 2004-2005թթ. նախագահության բյուջեն ավելացրել է 40-50 մլն դրամով: Նշենք նաեւ, որ տարիներ շարունակ գոյություն է ունեցել, այսպես ասած, «պրեզիդենտի ֆոնդ»: 2002-2005թթ. ամեն տարի այն կազմել է շուրջ 17,5 մլն դրամ: Բայց այդ մասին որեւէ հաշվետվություն չկա, իմ խնդրանքը՝ տրամադրել փաստաթղթեր, թե ինչպես են ծախսվել այդ եւ այլ գումարները, մնաց անպատասխան: Բայց չէ՞ որ, ըստ կանոնադրության, ԳԱԱ պրեզիդենտը պատասխանատու է ե՛ւ նախագահության, ե՛ւ ընդհանուր ժողովի առաջ:
Հանձնաժողովին ներկայացված է ՀԽՍՀ ԳԱ նախագահության 1960թ. հունվարի 9-ի որոշումը՝ նախագահության բյուրոյի ստեղծման մասին. դրանից հետո 2 անգամ փոխվել է ԳԱԱ կանոնադրությունը (1994-ին եւ 2002-ին) եւ դրանցից ոչ մեկում խոսք անգամ չկա նախագահության բյուրոյի մասին: 1994-ի կանոնադրության 35-րդ կետն է միայն, որ սահմանում է բաժանմունքի բյուրոյի իրավունքները: Այնպես որ, ներկայիս ե՛ւ նախագահության, ե՛ւ բաժանմունքի բյուրոները չունեն լիազորություններ՝ վերջնական որոշումներ ընդունելու համար:
Բժշկական գենետիկայի կենտրոն (ԲԳԿ) եւ փորձագիտական լաբորատորիա
2001-ից ամեն տարի նախագահությունը ԲԳԿ-ի բյուջեի համար հայտ է ներկայացնում (ԳԱԱ նախագահի ստորագրությամբ եւ կնիքով) 35մլն դրամի չափով: Իսկ նշված տարիներին այս հիմնարկի աշխատակիցների թիվը տատանվել է 16-24-ի սահմաններում: Երբ ԳԱԱ գիտական մյուս հիմնարկներն ունեին թեմատիկ ֆինանսավորում, այս հիմնարկը բազայինի վրա էր: Ակնհայտ է, որ ոչ մի փորձագիտական հանձնաժողով նշված հայտերը չէր հաստատի, եթե դրանք գնային թեմատիկով: Եղել են տարիներ, երբ այս կենտրոնի ֆինանսավորման հայտը (մեկ աշխատակցի կամ գիտաշխատակցի կտրվածքով) տասնյակ անգամ գերազանցել է համանման ինստիտուտների հայտերը:
Ինչ վերաբերում է Ազգային փորձագիտական լաբորատորիային, ապա ԳԱԱ 2005-ի հաշվետվության մեջ չկան տեղեկություններ այս բացահայտ քրեագիտական (կրիմինալիստիկական) տիպի կազմակերպության աշխատակազմի կամ հաշվետվության մասին: Այն նույնիսկ չի հիշատակվում եւ ոչ մի բաժանմունքի կազմում: Իսկ պետությունը նրա 2005-ի բյուջեի համար, իսկապես, տվել է միայն 92.5 մլն դրամ: Սակայն ԳԱԱ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ստորագրությամբ կա մի փաստաթուղթ, որով այս լաբորատորիային հատկացվել է 142.5 մլն դրամ: Հարց է ծագում՝ մնացած համարյա 50 մլն դրամը որտեղի՞ց է հատկացվել:
ԳԱԱ նախագահության բյուջեն եւ եկամուտները
Այս հարցի կապակցությամբ ես բազմիցս բերել եմ հետեւյալ համեմատությունը:
Համաձայն ԳԱԱ հաշվետվությունների, վերջին տարիներին ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը ունեցել է շուրջ 130 աշխատակից՝ մոտ 40 մլն դրամ բյուջեով: Նույն թվով աշխատակից է ունեցել ԳԱԱ նախագահությունը՝ մոտ 130 մլն դրամ բյուջեով (չհաշված ԳԱԱ անդամների «պատվովճարները»): Այս թվերն արդեն մտահոգիչ են:
Իսկ վերջին տարիներին «վայելվում» են 30-50 մլն դրամ «տնտեսումներ պատվովճարներից»: Ինչո՞ւ այդ գումարները չեն օգտագործվել, ասենք, գիտական գործուղումների, սարքերի կամ գրքերի գնման համար, այլ հիմք են հանդիսացել, որպեսզի 300 հազար դրամ աշխատավարձ ստացող պրեզիդենտը եւ 180 հազար դրամ աշխատավարձ ստացող փոխպրեզիդենտները ստանան 13-րդ աշխատավարձ, չհաշված պարգեւատրումները:
Ավելի զարմանալի փաստեր են պարզվում: Նախագահությունը զգալի գումարներ է ստանում տարածքների վարձակալությունից: Այդ ո՞ր «կանոնադրական պահանջների» համար է այն օգտագործվում: «Պատահական» է համարվում այն փաստը, որ համարյա բոլոր հատուկ ծրագրերը կապված են ԳԱԱ ղեկավարության գիտական շահերի հետ: Հանձնաժողովի անդամներն ասում են՝ «բնական է, որ ծրագրերի համակարգողները բաժանմունքների ղեկավարներն են»: Ընդունենք, բայց ինչո՞ւ են նրանք ստանում ե՛ւ «իրենց գործի» համար, ե՛ւ լրացուցիչ այնպիսի աշխատավարձ, որ ակադեմիական դոկտորը կերազեր: Այս, գիտության համար «առաջնահերթ» ծրագրերին հատկացված գումարներով կարելի էր ԳԱԱ բոլոր գիտնականների աշխատավարձերը բարձրացնել 50 տոկոսով:
Առանձնապես ուզում եմ կանգ առնել «ԳԱԱ համակարգի տեղեկատվական ցանցի պահպանման համար» 2005-ին հատկացված 18 մլն դրամի փաստի վրա: ԳԱԱ-ն ունի աշխատակազմ, որը եւ առանց այս օգնության պարտավոր է ԳԱԱ էլեկտրոնային կայքի հետ կապված բոլոր հարցերը լուծել: Այս մասին արդեն մի քանի անգամ հրապարակումներ են եղել: Գործը լիովին ձախողված է, եւ այժմ ԳԱԱ-ն խայտառակվում է ամբողջ աշխարհի առաջ այդպիսի «դեմք» ունենալով:
ԳԱԱ սեփականության օտարման հետ կապված հարցեր
Բերեմ մի քանի փաստ: Վաճառվել են՝ Մոսկովյան 22 (280 հազար ԱՄՆ դոլարով), Չարենցի 19 շենքերը (գնի մասին ինձ տեղեկություն չտրվեց): Ոչինչ չասվեց եւ Չարենցի փողոցում գտնվող շենքի (ներկայումս այստեղ Գերմանիայի դեսպանատունն է) առաջին հարկի մասին: Ինչպե՞ս գնահատել Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի հատուկ նախագծով կառուցվող շենքի վաճառքը Սեւանում: Այդ ինստիտուտի տեղը Երեւանո՞ւմ է, ԳԱԱ գրադարանի 10-րդ հարկո՞ւմ: Իսկ Ծաղկաձորի ճամբա՞րը: Խախտվել է նույնիսկ կառավարության որոշումը՝ աճուրդ անցկացնելու մասին: Անօրինական գործարքի հետեւանքով այն «նվիրվեց» ինչ-որ անհատի՝ «ջրի գնով», 8 հազար դոլարով: Ինչո՞ւ ինձ չտրվեց եւ ոչ մի որոշում, որով հիմնավորվում է այս եւ այլ անշարժ գույքերի վաճառքը:
Ի դեպ, ինչպե՞ս է ստացվել, որ ակադեմիային պատկանող Մաշտոցի 9 հասցեում 3 մուտք ունեցող բնակելի շենքի առաջին եւ նկուղային հարկերը վերածվել են ռեստորանի ու խանութների: Մեկ հարց եւս՝ ինչու ԳԱԱ պրեզիդենտը իր համար չի գնում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա՝ շուկայից կամ հայտնի խանութներից, շուկայական գներով եւ շուկայական որակի երաշխիքներով, այլ գնում է այն մեքենան, որ տրվել էր ԳԱԱ-ին՝ կառավարության կողմից:
ԳԱԱ հիմնարար գրադարանի հարակից տարածքը 10 տարով անհատույց նվիրվել է մի անհատի, իսկ Բուսաբանական այգու ահռելի տարածքը՝ չնչին գներով հանձնվել էր 25 տարով մասնավոր շենքերի շինարարության համար: Վերջին որոշումը բարեբախտաբար կասեցվեց: Իսկ «Դրախտ» ռեստորանը գրավել է մեծ տարածք հենց նույն այգու Կովկասյան ֆլորայի մասում՝ անժամկետ: Բաղրամյան 24-ի (նախկին «Ակադեմկնիգայի») 420 քմ տարածքը 1 քմ-ն 59 ցենտով տրվել է մի մասնավոր կազմակերպության՝ մինչեւ 2066թ, եւ եթե ԳԱԱ-ն այսօր փորձի ընդհատել պայմանագիրը, ապա պետք է մնացած 60 տարվա կորուստները փոխհատուցի վարձակալին: Այս պայմանագրերի տակ կա ԳԱԱ նախագահի կնիքը, իսկ առնվազն վերջինում՝ նաեւ ստորագրությունը:
«Ակունքշինը» մենաշնո՞րհ ունի
Այս կազմակերպությունը փաստորեն վերջին տասնամյակին ԳԱԱ նախագահությունից ստացել է բացահայտ մենաշնորհ շինարարական-վերանորոգման աշխատանքների համար: Այդ ժամանակաշրջանում նա կատարել է, ամենահամեստ հաշվարկներով, մոտ 100 պատվեր, որոնք, ըստ ՀՀ օրենքների, պետք է անցնեին մրցույթով (տենդերով):
Չնայած իմ գրավոր դիմումին, ինձ ընդհանրապես չտրվեց ոչ մի տենդերի փաստ, որ անցկացված լիներ նախագահության կողմից: Չներկայացվեց եւ ոչ մի գրություն ԳԱԱ կողմից կառավարությանը, ուր հիմնավորված լիներ որեւէ աշխատանքի նախահաշիվը:
Իմ կողմից պահանջված 1999-ին ԳԱԱ հիմնարար գրադարանի տարածքում վերանորոգման աշխատանքների հետ կապված կատարողականը եւս չներկայացվեց: Իսկ այս դեպքում «Ակունքշինի» գերբարձր գները ես կարող եմ ապացուցել:
Տրվեցին միայն մի քանի կառավարական որոշումներ՝ գումարներ հատկացնելու վերաբերյալ, բայց չտրվեցին աշխատանքները եւ գները հիմնավորող անհրաժեշտ որոշումները:
Ակնհայտ է, որ ավելի քան 10 տարվա ընթացքում նախագահության կողմից պատվիրվել են մի քանի տասնյակ (միգուցե եւ հարյուրի հասնող) պատվերներ միայն «Ակունքշինին»: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի օգնությամբ 1999-ին ԳԱԱ համալիրում գազային ջեռուցման երկու կաթսաներ տեղադրվեցին, որոնք առնվազն 20 տարվա փոխարեն «ծառայեցին» չորս տարի: Դրա հետեւանքով «Ակունքշինը» ստացավ ավելի քան 100 մլն դրամի պատվեր, իսկ ԳԱԱ-ն այսքան էլ կորցրեց: Ո՞վ է պատասխանել այդ կորստի համար: Ո՞ր հաշվետվությունում է նշվել այդ «վթարը», ո՞ր հաշվետու ընդհանուր ժողովին է զեկուցվել: Ծախսերը երբեմն անիմաստ են: Օրինակ, ԳԱԱ ինստիտուտների ջեռուցվող շենքերում հազարավոր քմ տրվում է վարձով: Ի՞նչն է խանգարում այդ տարածքներում տեղավորել որոշ այլ ինստիտուտների լաբորատորիաները՝ խնայելով ահռելի գումարներ գիտական պահանջների համար: Ավելի քան 60 հազար դոլար ծախսվեց մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի «ջեռուցման» համար: «Մոռացել» էին, որ ինստիտուտը ի վիճակի չէ վճարել տարեկան ջեռուցման վարձը: «Չէին տեսնում», որ այս ինստիտուտի ահռելի շենքում ամեն մի գիտաշխատողի (ներառյալ «մեռած հոգիներին») հասնում է մի բնակարանի չափ տարածք: Բուսաբանության ինստիտուտի շենքն այժմ տաքացվում է էլեկտրականությամբ, այն դեպքում, երբ «Ակունքշինը» ջեռուցման լոկալ համակարգ է կառուցել, նույնը եւ՝ կենսաքիմիայի ինստիտուտում, այս տարվա հունվարից: Փաստորեն, լուծվել է ոչ թե շենքերը նորմալ ջեռուցումով ապահովելու, այլ «Ակունքշինին» մաքսիմալ շահույթ հատկացնելու գերխնդիրը: 1995-2005 թթ. «Ակունքշինը» ստացել է մի քանի միլիոն դոլարի պատվերներ: Կան բոլոր հիմքերը հարցնելու՝ արդյո՞ք «Ակունքշինի» միջոցով չեն լվացվել մեծ գումարներ:
Խե՜ղճ ակադեմիական գիտություն: Փաստորեն, այն ոչ միայն կողոպտվել է, այլ պարզապես անպաշտպան է մնացել, քանի որ իշխանությունը զավթել էր ԳԱԱ նախագահը՝ նախագահության կարեւորագույն լծակները հանձնելով միայն «բյուրոյին», իսկ ընդհանուր ժողովը դարձնելով անխոս դերասան:
ԱՆՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ակադեմիկոս ԳԱԱ
հիմնարար գրադարանի տնօրեն,
ակադեմիկոս
Անրի Ներսիսյանի կողմից ԳԱԱ նախագահությանը ուղղված մեղադրանքների առիթով ստեղծված հանձնաժողովը, ինչպես արդեն գիտենք, ԳԱԱ նախագահության ապրիլի 5-ի նիստում հայտնեց իր եզրակացությունը 13 կետից բաղկացած մեղադրանքների վերաբերյալ՝ առանց ընթերցելու եւ քննարկելու այս առիթով ուղարկած Ա. Ներսիսյանի հատուկ կարծիքը: Այս հրապարակման մեջ ներկայացված են հատուկ կարծիքի այն հատվածները, որոնց առանձին հրապարակումներով չենք անդրադարձել: