Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱ՞Ն ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ

Մայիս 06,2006 00:00

Փաթեթավորումը՝ Կոտայքի մարզի դատախազության

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում, Արիստակես Սիսակյանի նախագահությամբ, սկսվեց խուլիգանության մեջ մեղադրվող Գարիկ Մանուկյանի գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա 2005թ. հունիս ամսին Աղվերանի «Միկա» հանգստյան տանը վիճաբանության էր բռնվել Գեւորգ Մանուկյանի հետ, այնուհետեւ այնտեղից Արզական գյուղ վերադառնալիս ավտովթարի էին ենթարկվել եւ Գեւորգը մահացել էր (ըստ մեղադրականի): Մինչդեռ Գեւորգի քույրը՝ Ռուզաննա Մանուկյանը հիմնավոր կասկածներ ունի, որ իր եղբորը սպանել են հանգստյան տանը, հետո ավտովթարի իմիտացիա ստեղծել:

Նիստի սկզբում ամբաստանյալ Գարիկ Մանուկյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան եւ խնդրեց դադարեցնել տուժողի իրավահաջորդի՝ Ռ. Մանուկյանի դատավարական լիազորություններն ու պարտավորությունները:

Դատարանը լսելով կողմերին, որոշեց հետաձգել միջնորդության լուծումը մինչեւ գործի որոշ հանգամանքների պարզումը, քանի որ դատաքննության ներկա փուլում այդ քայլը կլիներ արդարադատության կոպիտ ոտնահարում: Միաժամանակ դատարանը հուշեց շահագրգիռ կողմերին, որ անհրաժեշտության դեպքում հետագայում կարող են կրկնել միջնորդությունը: Ամբաստանյալ Գարիկ Մանուկյանը առաջադրված մեղադրանքը ընդունեց մասամբ, իսկ թե որ մասով՝ չկողմնորոշվեց եւ խնդրեց ժամանակ տալ պաշտպանի հետ խորհրդակցելու համար: Ներկաները նեղվեցին, եւ ամբաստանյալը մի կերպ կողմնորոշվեց դատավորի տված հարցի օգնությամբ. «Հայհոյանքներ տալու համա՞ր ես քեզ մեղավոր ճանաչում»: Գարիկը համաձայնեց:

Այնուհետեւ ասպարեզ եկավ կարեւոր վկաներից մեկը՝ 1971թ. ծնված Նարինե Դավթյանը, որը դեպքի օրը ընդունել էր «Միկա» պանսիոնատ գնալու Գեւորգի առաջարկը (գործի ընդունվելու համար- Է. Մ.) եւ իր երեք անչափահաս երեխաների՝ Գրիգոր, Հեղուշ, Սաթենիկ Սեւոյանների հետ միացել ու մասնակցել երեք տղաների՝ Գեւորգ, Գարիկ, Ասքանազ Մանուկյանների՝ «Միկայում» կազմակերպած խրախճանքին: Ն. Դավթյանը նույն օրը «ավտովթարի» արդյունքում ստացել էր ոտքի վնասվածք: Ն. Դավթյանի՝ դատարանում տված ցուցմունքներում հակասություններ կային նախաքննական ցուցմունքների հետ համեմատած:

Պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Բենիամին Մինասյանի հարցերին, Ն. Դավթյանն ասաց, որ կողքի հանգստացողների հանգիստը չեն խանգարել, սենյակի դրկից հարեւանը պատը չի ծեծել կարգի հրավիրելու համար, իրենք տղաներից փող չեն վերցրել, չեն առանձնացել սենյակներում: Նաեւ ժխտեց, որ Գեւորգը ուշ լինելու եւ տուն գնալու մասին զգուշացում է արել: Հավելեց, որ բակում Գեւորգին պառկած վիճակում չի տեսել: Ըստ նրա, չի տեսել նաեւ դրվագը, երբ Գարիկը բռունցքով հարվածել է Գեւորգի մեքենային: Բ. Մինասյանը հիշեցրեց, որ նախաքննության ցուցմունքում Ն. Դավթյանը նկարագրել է վերը նշված հանգամանքները: Ն. Դավթյանն ասաց. «Սուտ եմ գրել, վիճակս էն չի եղել»: Ուշադրության արժանի եւս երկու հարց. սենյակում տեղի ունեցած վեճից հետո Ասքանազ Մանուկյանն ասե՞լ է՝ գնում ենք մեռնելու: Երկրորդ՝ վթարից հետո Ասքանազն ասե՞լ է՝ տասը տարի սրոկ վերցրի: Առաջինին Ն. Դավթյանը պատասխանեց ոչ, երկրորդին՝ այո: Տուժողի իրավահաջորդը հարցրեց, թե աղջիկներն ինչո՞ւ են մեղադրել մորը եւ դատախազությանը խնդրել պատժել նրան. արդյո՞ք սեփական երեխաների նկատմամբ կավատություն անելու համար:

Ն. Դավթյանը «պարզաբանեց», որ իր ամուսնու դրդմամբ են դա արել: Հետո հիշեց լրատվամիջոցներին, որ գրել են այդ մասին եւ հրավիրել դատախազության ուշադրությունը. «Չեղած բան են հրապարակել թերթում, գժվել եմ»: Հետո խաչաձեւ հարցումներից ու բերված հիմնավորումներից այնքան շփոթվեց, որ սկզբում ասաց, թե ինքը իր ձեռքով ոչ մի ցուցմունք չի գրել: Քիչ անց ասաց, որ գրել է: Այնպես ստացվեց, որ Ն. Դավթյանը դատարանում հիմնականում երեք տեսակի պատասխան հնչեցրեց. «Չգիտեմ, տենց բան չկա» (առանց հարցը լսելու), «սուտ ցուցմունք եմ տվել» եւ «չեմ հիշում»:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել