Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացքից թռչելու ժամանակը

Մայիս 06,2006 00:00

«Նոր Հայաստան» կազմակերպության «Սեւ ու սպիտակ» ակումբի երեկվա հյուրը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր:

Նա իր դիտարկումները ներկայացրեց Ազգային անվտանգության հայեցակարգի շուրջ: Քննարկմանը ներկա տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն առաջարկեց թեման վերանվանել «Ազգային անվտանգության վերականգնման հայեցակարգ»՝ հաշվի առնելով, որ Հայաստանում բացակայում է էներգետիկ կամ որեւէ այլ ոլորտում ազգային անվտանգությունը:

Վիկտոր Դալլաքյանը մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում միասնական հայեցակարգի բացակայությունը հիմնավորեց հետեւյալ օրինակով. «Երկրի առաջին դեմքը «Գոլոս Արմենիի» թերթում երկրի երկրորդ դեմքին առնչվող մեկնաբանություններ է անում: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը (նա նույնպես ներկա էր քննարկմանը.- Ա. Ի.) իր հարցազրույցներից մեկում նրբանկատորեն ասաց, թե այս կապակցությամբ թող լրագրողներն անեն մեկնաբանություններ: Բայց ես հիմա հարց եմ տալիս՝ կարո՞ղ է 2003-ին կոալիցիա ձեւավորվել, եւ 2006-ին հանկարծ պարզվել, որ այդ կոալիցիայի 4 կողմերից երկուսը՝ երկրի առաջին եւ երկրորդ դեմքերն ասում են տրամագծորեն հակառակ բաներ: Ո՞ր երկրում կարող է տեղի ունենալ նման բան: Միայն այնտեղ, ուր չի գործում Անվտանգության խորհուրդը, եւ որտեղ չկա ազգային անվտանգության հիմնադրույթների մասին օրենք կամ հրամանագիր: Այսինքն՝ ամեն ինչ կատարվում է տղայական մակարդակով: Նորմալ երկրներում, եթե իրոք կան նման հակասություններ՝ երկրի երկրորդ դեմքը հայտարարում է, թե կա նման հակասություն, եւ ոչ թե ասում է, որ եթե հակասություն լինի՝ մենք դուրս կգանք կոալիցիայից: Անձերի մասին չէ խոսքը, այլ նրա, որ եթե կան նման տարաձայնություններ՝ ուրեմն հարկ է հրաժարական տալ ու դուրս գալ կոալիցիայից: Սա է քաղաքակիրթ տարբերակը՝ ես համաձայն չեմ ձեր տեսակետի հետ, թեկուզ 3 տարի ուշացումով համաձայն չեմ: Մենք ամեն ինչ հասկանում ենք, չէ՞, թե ինչու 2006-ի ապրիլին է այս ամենն ասվում, քանի որ գալիս է 2007-ի ապրիլը: Մոտավորապես այդ ժամանակ են ընտրությունները: Այսինքն՝ Վազգեն Մանուկյանի արտահայտությամբ՝ գնացքից թռչելու ժամանակն է»:

Վիկտոր Դալլաքյանն անդրադարձավ նաեւ ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Հայաստանը փոխել է դիրքորոշումը ու գնացել է լուրջ փոխզիջման. «Եթե Ադրբեջանը համաձայնվի այն իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որը կարող է իրագործվել ոչ անմիջապես, այլ ապագայում, ապա հայկական կողմը պատրաստ է հենց այսօր քննարկել հակամարտության հետեւանքների վերացման հետ կապված հարցերը՝ տարածքներ, փախստականներ եւ այլն»: ԱԺ պատգամավորը համարում է սա խոցելի դիրքորոշում. «Ինքնորոշման իրավունքի իրականացումը դեռ չի նշանակում Ադրբեջանի կազմից դուրս դրա իրականացում: Օրինակ, դա կարող է նշանակել ինքնորոշման իրավունքի դրսեւորում Ադրբեջանի կազմում՝ բարձր կարգավիճակ: Օսկանյանը համաձա՞յն է դրան, երբ ԼՂ ժողովուրդը ինքնորոշվել է հանրաքվեով: Եվ երկրորդը՝ եթե ասում եք, որ ինքնորոշման իրավունքը ճանաչելու դիմաց կանդրադառնաք պատերազմի հետեւանքներին՝ ուրեմն կատարում եք մեթոդոլոգիական փոփոխություն. բա դուք 1998-ին եկել էիք իշխանության փաթեթային լուծման տարբերակով եւ «8 հազար քառ. կմ-անոց անկախ Ղարաբաղ» կարգախոսով: Բա այսօր անցնում եք արդեն փուլային տարբերակի՞»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ նման հակասական հայտարարություններն էլ են արտաքին քաղաքականության հայեցակարգի բացակայության հետեւանք:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանին պրն Դալլաքյանը համեմատեց հայտնի վիրաբույժի հետ, որին փող էին տալիս չվիրահատելու համար. «Պետք է այդ կառույցին փող տալ, որ խորհուրդներ չտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել