Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ԱՎԻԱՎԹԱՐԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Մայիս 06,2006 00:00

Սոչիում շրջանառվող վարկածներն
իրարամերժ են
A320 ինքնաթիռի վթարից անցել է 3 օր, բայց աղետի պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Սա արդեն իսկ անհանգստանալու տեղիք է տալիս այն առումով, որ եթե վթարի առաջին օրերին գոնե հույս կար, որ ուր որ է՝ կգտնվեն սեւ արկղերը, կվերծանվեն վրացի եւ ռուս դիսպետչերների եւ հայ օդաչուների խոսակցության ձայնագրությունները, դրանք կհամեմատվեն արկղերի ձայնագրության հետ ու կունենանք կատարվածի ամբողջական պատկերը, ապա այսօր արդեն չնչին հույս է մնացել, որ ընդհանրապես որեւէ բան մեջտեղ դուրս կգա: Մայիսի 3-ին Սոչիում ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը դիսպետչերների եւ օդաչուների վերջին 5-6 րոպեների խոսակցության ձայնագրությունների մասին հայտարարեց. «Դրանք շատ լավ որակի ձայնագրություններ են եւ կօգնեն պարզելու տեղի ունեցած աղետի պատճառները»: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ թարսի պես հենց խոսակցության այն հատվածում, երբ դիսպետչերները մեր օդաչուներին ասում են՝ «Ռոստովը խնդրում է ճշտել ձեր վառելիքի մնացորդը եւ պահեստայինը», ձայնագրությունը «շատ լավ որակի» չէր, տեխնիկական վնասվածք էր ստացել, եւ այն չի հաջողվել վերծանել. լսվում է միայն օդաչուների այս պատասխանը՝ «վերադառնում ենք Երեւան»: Չնայած դեռեւս վաղ է սրանից հստակ եզրահանգումներ անել, բայց, այնուամենայնիվ, տարօրինակ է թվում՝ խոսակցության որոշ հատվածները նորմալ լսվում են, իսկ դիսպետչերների՝ ինքնաթիռի տեխնիկական վիճակի, վառելիքի եւ այլ խնդիրների հետ կապված հարցերի պատասխանները չեն վերծանվում:

Ավելի վաղ, երբ դեռ վրացիները մերոնց չէին փոխանցել ձայնագրությունները, «Վրացաերոնավիգացիա» ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին ասել էր. «Մենք չենք ասում՝ ով է մեղավոր: Դա մեր գործը չէ: Մենք միայն ասում ենք, որ ունենք կարեւոր ինֆորմացիա. թռիչքի 90 տոկոսի ձայնագրությունը, եթե լսեք դրանք, այնտեղ Ռոստովի դիսպետչերները շատ տհաճ արտահայտություններ են անում, սակայն ես այժմ չեմ ուզում այդ մասին խոսել, թող ձեր դեսպանը որոշի՝ արժե՞ արդյոք դրանք հրապարակել»: Վերծանումներում այդ «տհաճ արտահայտությունները» լսելի չեն, զուտ մասնագիտական խոսակցություն է: Սա չի՞ խոսում այն մասին, որ վթարի իրական պատճառը չի համապատասխանում պաշտոնական այն վարկածին, որ ինքնաթիռը եղանակային բարդ պայմանների պատճառով ռադարների էկրանից դուրս է եկել ու ընկել Սեւ ծով: Այս վարկածը Սոչիում բացարձակապես ժխտում են: Նրանք, ովքեր այդ օրը օդանավակայանում են եղել, պնդում են, որ միանգամայն բարենպաստ եղանակ էր, որ Սոչիում շատ քիչ է նման լավ եղանակ լինում: Տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ հավաստիացնում էին, որ «ոչ մի փոթորիկ, մառախուղ կամ նման բան չի եղել»: Մայիսի 4-ի առավոտյան, երբ մենք՝ լրագրողներս, եւ զոհվածների հարազատները հասանք Սոչի, մի քիչ անձրեւային եղանակ էր, եւ համեմատության կարգով տեղացիներն ասում էին. «Այսօր եղանակն ավելի անբարենպաստ է, քան այդ օրը»:

Նույնը հաստատեց նաեւ Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչ Մակեյանը: Նա մանրամասն պատմեց, թե ինչ է կատարվել դեպքից մի քանի րոպե առաջ Սոչիի օդանավակայանում. «Մենք նույն A320-ով պիտի գնայինք Երեւան, ասեցին՝ ինքնաթիռը շուտով կժամանի: Մենք մարդ ունեինք, որը նախկինում աշխատում էր «Չեռնամորավիայում» եւ սվյազ էր պահել դիսպետչերի հետ, նրա միջոցով անընդհատ լսում էինք, որ ինքնաթիռը գնում էր Վրաստանով պտտվում, նորից գալիս էր: Դիսպետչերը մեզ ասաց, որ վառելիքի խնդիր կա: Ես չեմ ասում, թե առանց վառելիքի ա դուրս եկել, բայց զապաս չի ունեցել, դա 100 տոկոսով»: Նույն վարկածը 99%-ով հավաստի էր գնահատել նաեւ Կրասնոդարի երկրամասի ռազմական գերատեսչության ծառայողներից մեկը. «Ես պատասխանատու եմ այդ տեղեկատվության համար, այն 99%-ով հավաստի է»:

Երեկ մենք Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ճշտեցինք, որ Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում չի լիցքավորվել, այն վառելիք է վերցրել Մոսկվայից: Մեր նախորդ համարում արդեն անդրադարձել ենք այն կարծիքին, որ մերոնք թղթով գրանցել են, իբր վերցրել են 10 տոննա վառելիք, բայց «փափախ» են արել ու վերցրել ավելի քիչ, քանի որ Սոչիում ավիավառելիքը նկատելիորեն էժան է: Ուստի ստացվում է, որ «փափախն» արել են Մոսկվայի օդանավակայանի վրա: Վառելիքի պակասի մասին Սերժ Սարգսյանի պարզաբանմամբ՝ «Ինքնաթիռն ուներ այնքան վառելիք, որ կարող էր 4-5 անգամ մեկնել Սոչի ու վերադառնալ»: Իսկ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ավելի համեստ գնահատեց ինքնաթիռի հնարավորությունները. «Կարող էր 2-3 անգամ գնալ ու վերադառնալ, ուներ 10 տոննա եւ Երեւանից Սոչի հասնելու համար կարող էր ծախսել 3 տոննա»:

Սոչիում շրջանառվող երկրորդ վարկածի համաձայն, A320-ը գերարդիական էլեկտրոնային բարդ համակարգ ունի, որոնցից օդաչուն չի կարողացել գլուխ հանել, բացի այդ, այդ ինքնաթիռով արգելվում է կտրուկ շրջադարձեր կատարել, մինչդեռ օդաչուն փորձել է, տարածությունը գետնից շատ ցածր է եղել ու առաջամասով դեպի ներքեւ է իջել՝ կորցնելով կառավարումը:

Դեպքի մասին այլ մանրամասներ հասարակությանը դժվար թե հաջողվի ստանալ, քանի որ երեկ արդեն իսկ լուրեր տարածվեցին, թե քանի որ սեւ արկղը շատ խորն է եւ այս օրերի ընթացքում չի հաջողվել դուրս բերել, հնարավոր է այն արդեն վնասված լինի ինչ-որ թթուներից, իսկ մարմիններն էլ՝ քայքայված: Ըստ վերջին տեղեկատվության, հայտնաբերվել է 53 դիակ, որոնցից ճանաչվել է 41-ը: Զոհերի ինքնությունը պարզելու համար արդեն հարազատներից խնդրում են ստենդի վրա նկարներով ճանաչելու փոխարեն արյան նմուշ տալ՝ ԴՆԹ-ի համար, քանի որ օրեցօր դիակներն ավելի ու ավելի անճանաչելի են դառնում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Սոչի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել