Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայիս 05,2006 00:00

… ԲԱՅՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունները քննադատեցին ընդդիմադիր գործընկերները: Ի պատասխան՝ նա առավել սաստկացրեց քննադատությունը: «Ես ընդհանրապես սովոր եմ արտահայտել դիրքորոշումներ, որոնք այդ պահին ընկալելի չեն շատերի համար,- մեր զրույցի ընթացքում ասաց Սուրեն Սուրենյանցը:- Նման արձագանքներ եղան նաեւ անցած տարի Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ իմ տեսակետների առնչությամբ: Բայց փորձը ցույց է տալիս, որ կարճ ժամանակ հետո քաղաքական ուժերը հանգում են հիմնականում նույն դիրքորոշումներին»: Այս անգամ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն, ասենք, շատ կոպիտ էր արձագանքել նրա այն պնդմանը, թե «17»-ի ձեւաչափը կատարել է իր առաքելությունը: Սակայն պրն Սուրենյանցն այժմ էլ պնդեց. «Այն ընդամենը տեխնոլոգիական միավորում էր: Եվ անկախ նրանից, թե ինչ արդյունավետությամբ գործեց հանրաքվեի ժամանակ՝ միավորումը սպառել է իրեն, ու այդ հենքի վրա որեւէ բան ձեւավորելն ուղղակի անարդյունավետ, անպտուղ զբաղմունք է»: Հիշեցրինք, թե ձեւաչափին մաս կազմող կուսակցություններն այնուամենայնիվ այժմ էլ փորձեր են ձեռնարկում համաժողով կազմակերպել, ուր ընդունելու են հայտարարագիր շարժման մասին, շարժման հիմնադրույթներ եւ կոչ հանրությանը: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ այս փորձերը հաջողություն կունենա՞ն, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը պատասխանեց. «Իհարկե, չեն ունենա: Քանի որ ցանկացած քաղաքական նախաձեռնություն հաջողություն է ունենում, եթե իր հիմքում ունի հասարակական ռեսուրս: Տվյալ պարագայում՝ քաղաքացիականության գաղափարի մասին խոսելը, առանց հասարակության մասնակցության, միայն կուսակցությունների (անկախ մասնակիցներից) մեխանիկական համաձայնությամբ՝ դատապարտված է ձախողման: Բացի այդ՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտի որեւէ մագիստրալ կուսակցություն այս պահին մասնակցություն չունի այդ գործընթացներին: Խոսքս մասնավորապես վերաբերում է 3 առանցքային ընդդիմադիր կուսակցություններին՝ ՀԺԿ-ին, «Հանրապետությանը» եւ «Ազգային միաբանությանը»: Այս գործընթացն այժմ փորձում են առաջ տանել կուսակցություններ, որոնց հասարակական վարկանիշը եւ ռեսուրսը շատ սահմանափակ են: Նաեւ այս առումով եմ վստահաբար ասում, որ այս ծրագիրը ձախողվելու է: Բայց դա չի նշանակում, որ ընդդիմադիր դաշտում չկա որակական փոփոխությունների անհրաժեշտություն: Ճիշտ հակառա՛կը: Հիմա նույնիսկ ժամանակն է, որ ընդդիմադիր բոլոր բեւեռներում էլ տեղի ունենան որակական փոփոխություններ, եւ ընդդիմադիր դաշտն, ի վերջո, թիմերի, նաեւ ինստիտուցիոնալ կառույցների ու արժեքային համակարգի հստակ ուրվագծով ներկայանա հասարակությանը»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն էլ ի պատասխան երկրում քաղաքական ճգնաժամի վերաբերյալ Սուրեն Սուրենյանցի դատողությունների՝ նշել էր, թե «ամեն ինչ ընթանում է ճիշտ այն ուղով», որն իրենց կուսակցությունը կանխատեսել էր դեռ 1 տարի առաջ, մինչդեռ «Հանրապետությունը» վերջին շրջանում ձախողումներ է արձանագրել, այն է՝ «18+1» ձեւաչափի «սկանդալային» ձախողումը եւ «անհաջող փորձերը» կազմակերպելու «Քաղաքացիական Հայաստան» նոր շարժում: Իսկ ի պատասխան այն հայտի, թե «Հանրապետությունը» ձգտելու է դառնալ առանցք, որի շուրջ կձեւավորվի «նոր որակի ընդդիմություն»՝ «Ազգային միաբանության» նախագահն ասել էր. «Ինչ խոսք, կան նման հնարավորություններ, որ «Հանրապետություն» կուսակցությունը դառնա «18+1+ 8» ձախողված ձեւաչափի նոր առանցքը»: Սուրեն Սուրենյանցն այս ամենին ի պատասխան ասաց. «Երբ խոսել եմ 2005-ի նոյեմբերից հետո ընդդիմության ձախողումների, որոշակի բացթողումների եւ հեռանկարների մասին՝ բնավ Արտաշես Գեղամյանին նկատի չեմ ունեցել: Ես խոսել եմ մեր մասին եւ քաղաքական այն ուժերի, որոնք իրենց վրա որոշակի պատասխանատվություն վերցրին հանրաքվեին առնչվող գործընթացների ժամանակ: Այնպես որ՝ կարծում եմ, մի քիչ անշնորհակալ գործ է, երբ որեւէ քաղաքական գործիչ իրեն է վերագրում խոսքեր, որոնք իրեն չէ, որ հասցեագրված էին: Բացի այդ՝ ցավում եմ թյուրըմբռնման համար, քանի որ ես չեմ ասել, թե «Հանրապետությունը» խնդիր ունի դառնալ ընդդիմադիր դաշտի առանցք: Շատ հստակ շեշտել եմ՝ խնդիր ունենք առանցք դառնալու ազատական եւ երրորդ հանրապետության արժեքներով ապրող քաղաքացիների համար: Սրանք շատ տարբեր հասկացություններ են: Այսինքն՝ «Հանրապետության» ծրագրային հիմնադրույթներից ելնելով, մեր քաղաքացիներին միավորելու խնդիր ենք առաջադրել: Եվ բնականաբար, խնդիր չունենք միավորելու թեկուզ ընդդիմության այն հատվածին, որն այժմ հպարտանում է ՌԴ համակրությունն ունենալու հանգամանքով կամ նախագահական վերջին ընտրություններում իրեն համարում էր Ռուսաստանի թեկնածու»: Վերջին ակնարկն ակնհայտորեն մեկ այլ հասցեատեր էլ ուներ, որի վերջին հայտարարություններին Սուրեն Սուրենյանցն արձագանքեց ամենախիստը: Սակայն այս մասին՝ վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել