Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀՆՉԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 05,2006 00:00

Երեկ
Կամերային երաժշտության տանը մեկնարկեց Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների
միության ավանդական դարձած գարնանային համերգաշարը՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան
85-ամյակին: Մինչեւ մայիսի 23-ը Կամերային երաժշտության տանը, Կոմպոզիտորների
միությունում, «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Դիլիջանի ստեղծագործական տան դահլիճում
կհնչեն միության տարբեր տարիքի ստեղծագործողների երկերը՝ հայաստանյան երաժիշտների
կատարմամբ: Երկու համերգով հանդես կգա նաեւ Ֆրանսիայից հրավիրված «Բրետոն» փողային
կվինտետը: Կկայանան երկու համերգ-երեկոներ՝ նվիրված Ստեփան Նաղդյանի ծննդյան 85 եւ
Գրիգոր Հախինյանի 80-ամյակներին: «Առավոտին» հետաքրքրող հարցերն ուղղեցինք
միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: – Մասնագետների շրջանում
գարնանային այս փառատոնը անվանում են «առաջին կատարման» փառատոն: Այդպե՞ս է:
– Կատարվելիք ստեղծագործությունների գերակշիռ մասը առաջին անգամ կհնչի: Կան այնպիսիք,
որ հեղինակների կողմից վերախմբագրված են: Այսինքն, ստեղծագործողը այսօր լսելով տարիներ
առաջ գրած իր այս կամ այն երկը, հեղինակի իրավունքով անդրադարձ է կատարել՝ վերափոխելով
կամ վերաձեւելով իրեն չբավարարող հատվածները: Կարծում եմ, ողջունելի է, երբ կոմպոզիտորը
պահանջկոտ է իբրեւ ստեղծագործող՝ ինքն իր հանդեպ: – Իսկ ինչո՞վ է պայմանավորված
ֆրանսիացի երաժիշտների մասնակցությունը փառատոնին: – Աշնանային ու գարնանային
համերգաշրջաններում մենք ունենում ենք հյուրեր արտերկրից, այնպիսիները, ովքեր փորձում
են իրենց երկրում քարոզել մեր երաժշտությունը: Ներքին համոզմունքով եմ ասում, որ
այսօր քարոզ կոչվածի անհրաժեշտությունը ավելի է, քան երբեւէ: Իսկ Ֆրանսիայից «Բրետոն»
կվինտետը կատարում է նման առաքելություն ոչ միայն իր երկրում, այլեւ աշխարհի տարբեր
կետերում: Մենք սիրով կհրավիրեինք Մոսկվայի ժամանակակից երաժշտության, Կիեւի կամերային
նվագախմբերին, որոնց երկացանկում մշտապես տեղ ունեն հայ կոմպոզիտորների գործերը:
Ցավոք, չկարողացանք իրականացնել դա ֆինանսական պատճառներով: Ասեմ նաեւ, որ համերգաշարը
(նախկինները նույնպես) անցկացնում ենք միայն մեր՝ միության ուժերով: – Ծանոթանալով
հրատարակված բուկլետին, նկատեցինք, որ համերգները հիմնականում կայանալու են Կամերային
երաժշտության տանը, Միության դահլիճում եւ Դիլիջանի ստեղծագործական տանը, եւ ընդամենը
մեկ համերգ՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում: Վերջինում կատարվելու են «արտոնյա՞լ»
կոմպոզիտորների գործեր: – Դահլիճները մեզ մոտ վճարովի են: Դրա համար էլ հիմնականում
համերգները կկայանան մեր տանը (նկատի ունի Կոմպոզիտորների տան դահլիճը): Իսկ «Ա.
Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը, որին կմասնակցի ֆիլհարմոնիկ նվագախմբի
մենակատարների «Կամերատա» անսամբլը՝ պայմանավորված է այլ բանով: Անսամբլի երաժշտական
գործիքները դեֆիցիտ են, եւ դրանք դահլիճից դուրս բերելը խնդիր է: – Համերգաշրջանի
ավարտին կլինե՞ն մեզանում արդեն մոռացված երաժշտագետների քննարկումներ, քննադատություններ,
ինչին չենք հանդիպել նախորդ համերգաշրջանների ավարտին: – Քննարկումները ոչ
թե պետք են, այլ՝ անհրաժեշտ: Իսկ մեր երաժշտագետներն իսկապես պասիվ են: Զարմանալի
է, բայց կոմպոզիտորներս էլ չգիտենք դրա պատճառը: Զրուցեց Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆԸ Հ. Գ. Հասկանալի պատճառով մայիսի 5-ի համերգը տեղափոխված
է մեկ շաբաթ հետո: Մինչդեռ Ֆրանսիայից ժամանած փողային կվինտետի կողմից կատարվելիք
դասական երաժշտությունը (Տ. Մանսուրյան, Ա. Ոսկանյան, Ա. Զոհրաբյան եւ այլք) կարող
էր ընկալվել ակցիա, հիշատակի տուրք զոհվածներին: Բնականաբար, առանց ծափահարությունների:
Մեկ շաբաթով հետաձգված է նաեւ Դիլիջանի ստեղծագործական տան դահլիճում կայանալիք համերգը՝
անբարենպաստ եղանակի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել