Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ

Մայիս 04,2006 00:00

Հայ երգիչը՝ Էկվադորյան մշակույթում Կարճ ժամանակով հայրենիքում էր Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչ, կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի դասախոս Ալեքսանդր Թամազովը: «Առավոտը» քանիցս ներկայացրել է արտերկրում ապրող ու ստեղծագործող հայաստանցի արվեստագետներին, որոնք չկտրելով կապը հայրենիքի հետ, ժամանակ առ ժամանակ այցելում են ու նաեւ հյուրախաղերով հանդես գալիս երեւանյան բեմերում: Դեռ մեկ տարի առաջ երգչին հանդիպում էինք Երեւանի օպերային թատրոնում: Նրա անսպասելի «անհետանալը» մասնագետները տարբեր կերպ էին մեկնաբանում: Հանդիպելով նրան, խնդրեցինք պարզաբանել իր «անհետացման» առիթը եւ տեղեկացնել գործունեության մասին: «2005թ. գարնանը Էկվադորի Կուենկա քաղաքի մշակույթի համալսարանի ռեկտոր Խայմե Ռոմերոյի հրավերով մեկնեցի այնտեղ, ուր համալսարանի պատմության ընթացքում առաջին անգամ հիմնադրվեց վոկալ բաժին եւ ինձ վստահվեց ղեկավարել միակ դասարանը, որտեղ արդեն սովորում է 15 երիտասարդ»,- ասաց Ա. Թամազովը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ հիշյալ համալսարանի մշակույթի բաժնի դիրեկտորն է երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, դասավանդում են դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ դաշնակահար Սուսաննա Խաչատրյանը: Իսկ իր «անհետացման» մասին երգիչը նշեց միայն, որ ամեն ինչ շատ արագ կատարվեց. «Ի վերջո, ես չեմ գնացել այնտեղ մինչեւ խոր ծերություն ապրելու: Ոչ միայն ես, այլեւ այնտեղ աշխատող իմ հայ կոլեգաները վաղ թե ուշ կվերադառնանք: Համոզված եմ, ինչպես Էկվադորում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում գտնվող հայաստանցի արվեստագետները ռացիոնալ են օգտագործում ժամանակը՝ ծանոթացնելով եւ պրոպագանդելով հայ երաժշտությունը: Ի դեպ, էկվադորցիներին մոտ է մեր երաժշտությունը՝ իր ռիթմով ու տեմպերամենտով: Լսելով այն, նրանք կատակում են՝ հետաքրքիր է, դո՞ւք՝ մեզնից, թե՞ մենք ենք ձեզնից վերցրել»: Ա. Թամազովը նշեց, որ Կուենկա քաղաքում թեեւ կան շքեղ համերգասրահներ, սակայն քաղաքի ղեկավարությունը ձեռնամուխ է եղել տեղի օպերային թատրոնի շենքի կառուցմանը: Հետաքրքրությանը՝ Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 19-րդ դարի վերջերից գործում է հայտնի «Սուկրե» ազգային թատրոնը, որտեղ ներկայացվում են բեմադրություններ, այդ թվում՝ օպերային: Ինչ է, Կիտոյում է՞լ չկա օպերային երգիչներ պատրաստող հաստատություն, Ա. Թամազովը պատասխանեց. «Կիտոյում ի սկզբանե բալետային եւ օպերային ներկայացումների համար հրավիրված են եղել աշխարհի տարբեր թատրոնների բեմադրիչներ ու մենակատարներ: Օպերային արվեստի գծով «Սուկրեում» այսօր էլ կան հրավիրված մասնագետներ, որոնք պայմանագրով աշխատում են թատրոնում՝ օպերային երգիչներ պատրաստելու համար: Թատրոնը նաեւ ինձ հետ կնքեց պայմանագիր»: Նա նշեց, որ ինքը բեմ է բարձրացել հիշյալ թատրոնում՝ Օրֆֆիի «Կարինա Բուրանա» կանտատում: Ընդ որում, դա համերգային կատարում չէր, այն բեմադրված է միայն Կիտոյում եւ Գերմանիայում: «Մեկ ամսից հանդես կգամ նաեւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում՝ Զառաստրոյի դերերգով, իսկ Կուենկայում՝ Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերայում»,- տեղեկացրեց Ա. Թամազովը: Մեր ոչ կոռեկտ հարցին, թե ինչքան է վարձատրվում երգիչը մենահամերգների, օպերային դերերգերի ու մանկավարժական գործունեության համար, Ա. Թամազովը զգուշավոր պատասխան տվեց. «Եթե մի քանի օր Երեւանում անցկացնելու համար ես կարող եմ ինձ թույլ տալ կտրել-անցնել օվկիանոսը, ուրեմն…»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել