Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Մայիս 04,2006 00:00

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻ՞Ց ԷՐ Սկսվեց ԱԺ նախկին պատգամավորի դեմ մահափորձի գործը Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, երեկ սկսվեց Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վոլֆսոնը մեղադրվում է, որ 2001-ի նոյեմբերին իր «մտերմուհի» Սիլվա Ասատրյանից պատվեր է ստացել ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Մելիք Գասպարյանին սպանելու համար: Յուրի Վոլֆսոնը 2001թ. դեկտեմբերի 29-ին, ինչպես մեղադրական եզրակացությունը հրապարակելիս հայտարարեց մեղադրող Ժաննա Կոտիկյանը, իր կողմից պատրաստված պայթուցիկ սարքը մագնիսի միջոցով ամրացրել էր Երեւանի Աճառյան 18 հասցեում գտնվող Մելիք Գասպարյանի բնակության վայրի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 61ԼԼ637 պետհամարանիշի ավտոմեքենայի տակ, պայթուցիկ սարքը բերվել էր մարտական աշխատունակ վիճակի: Ըստ մեղադրականի, Մելիք Գասպարյանի կողմից ավտոմեքենան գործարկելու ժամանակ պայթուցիկը գործի է դրվել, ինչի հետեւանքով Գասպարյանը ստացել էր միջին ծանրության վնասվածք: Այս գործով տուժողներ են ճանաչվել 10 քաղաքացի (վնասվել է Երեւանի Ավան համայնքի «Աճառյան» համատիրության պատկանող գույքը) եւ ընդհանուր առմամբ տուժողներին պատճառվել էր 2.647.250 դրամի՝ խոշոր չափի գույքային վնաս: Երեկ հրապարակվեց նաեւ, որ Վոլֆսոնի մոտ հայտնաբերվել են ԱԿՍ, ԱԿ, ԱԿՄՍ տեսակների ինքնաձիգներ, ատրճանակ, փամփուշտներ, 210 նռնակ, պայթուցիչ, հակատանկային ականներ եւ նռնակներ, ինչպես նաեւ «խոշոր չափերի թմրամիջոցներ, ամֆետամին եւ պրոմեդոլ: Ազգությամբ հրեա Վոլֆսոնն իրեն մեղավոր չճանաչեց, իսկ երբ ստուգվում էր նրա ինքնությունը, նա փորձեց հայտարարություն անել, որ աշխատել է ազգային անվտանգության նախարարությունում եւ վերոնշյալ զենք-զինամթերքը ձեռք է բերել օպերատիվ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Ընդ որում, հանդես է եկել իբրեւ Սերգեյ Իվանով եւ գործում կան օպերատիվ փաստաթղթեր, համազգեստ, ունեցել է փոխգնդապետի կոչում: Նախաքննություն իրականացնող մարմինը գրել էր, որ Յուրի Վոլֆսոնը չի աշխատում: Իբրեւ ապացույց, փաստաբան Անժելա Կարապետյանը դատարանին տրամադրեց ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված ուղեգիրը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն ուղարկված, իրենց աշխատակից Սերգեյ Իվանովին պետպատվերով բուժելու նպատակով: Գործին կցվեց նաեւ էպիկրիզը: 22 տարվա մանկավարժ Սիլվա Ասատրյանը իրեն նույնպես մեղավոր չճանաչեց: Առողջության հետ կապված երբ հարցրին՝ ի վիճակի է մասնակցել նիստերին, նա ասաց, որ հերոսություն է այսօր կալանավայրային պայմաններում գտնվելով խոսել առողջության մասին: «Ութ ամիսների ընթացքում խայտառակ առողջական վիճակում եմ, ինձ բախտ է վիճակվել լինել բոլոր կալանավայրերում, որոնք գտնվում են անմարդկային վիճակում, հակասանիտարական: Բայց կարող եմ մասնակցել դատական նիստերին»,- չնայած գանգատվում էր ճնշման տատանումներից: ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը դատարան չէր ներկայացել, փոխարենն ուղարկել էր իր ներկայացուցչին՝ փաստաբան Վլադիմիր Յավրումյանին: Այս գործով տուժողները տասն են, իսկ վկաները՝ 31-ը, չնայած երեկ դատարան էր ներկայացել նրանցից 4-ը: Հետաքրքիր իրավիճակում հայտնվեց դատարանը՝ կապված Վոլֆսոնի մոր հետ: Նա գործով վկա էր ճանաչվել եւ երբ նախագահողը դուրս հրավիրեց վկային, մայրը ընդվզեց՝ բողոքելով, թե ինչու են իրեն վկա ճանաչել եւ ինչու ինքը ամիսներով իր որդուն չի տեսել: Ըստ գործող օրենքի, մերձավորն իրավունք ուներ ամբաստանյալի նկատմամբ ցուցմունքներ չտալ, եւ փաստաբանները, ինչպես նախագահողն էլ նկատեց, կարող էին այդ հարցը լուծել եւ ըստ էության վկայի կարգավիճակից մայրը կարող էր դառնալ նիստի մասնակից: Վոլֆսոնը փորձեց հայտարարություն անել իր առողջության հետ կապված, ասելով, որ հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների է ենթարկվել նախաքննության ժամանակ: Դատարանը երեկ որոշեց հաջորդ նիստի ժամանակ լսել ԱԺ նախկին պատգամավորին, տուժողներին, վկաներին եւ ամբաստանյալների ցուցմունքները: Նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 15-ը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել