Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թխած»

Մայիս 04,2006 00:00

«Թխած» նախշերը թանկ նստեց Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւս իր հերթական նիստը սկսեց ավիավթարի զոհերի հարազատներին ցավակցությամբ: Հանձնաժողովը 100 հազար դրամով տուգանեց «Սուպեր-Էս Ջի-գրուպ» ընկերությանը՝ հանքային ջրերի շուկայում թույլ տված անբարեխիղճ մրցակցության համար: «Ջերմուկ գրուպ» ընկերության դիմումի հիման վրա ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը դիմել էր հանձնաժողովին՝ հայտնելով, որ «Սուպեր-Էս Ջի-գրուպ»-ի արտադրանքը շփոթության աստիճանի նմանեցված է «Ջերմուկ գրուպի» արտադրանքին եւ սպառողներին կարող է մոլորության մեջ գցել: Նիստի ընթացքում «Սուպեր-Էս Ջի-գրուպ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Չինարյանը պնդում էր, որ իրենց արտադրանքը տարբերվում է, քանի որ «մեր շշի վրայի նախշերն ավելի լայն են»: Նա հանձնաժողովից հետաքրքրվեց, ունե՞ն փորձաքննության եզրակացություն, թե՞ հանձնաժողովի անդամներն իրենք են որոշել, որ երկու ընկերությունների արտադրանքները նման են: Ի պատասխան, հանձնաժողովը ներկայացրեց Մտավոր սեփականության գործակալության փորձագիտական եզրակացությունը, ըստ որի այդ արտադրանքներն իսկապես շփոթության աստիճանի նմանեցված են: «Սուպեր-Էս Ջի-գրուպ»-ի արտադրանքը շուկայում դեռ վաճառվում է: Հանձնաժողովը 40-օրյա ժամկետ տրամադրեց՝ արտադրանքը շրջանառությունից հանելու համար, մինչեւ ընկերությունը կհասցնի կազմակերպել նոր շշերով արտադրանքի թողարկումը: Ժամկետին «Ջերմուկ գրուպը» դեմ չէր: Երեկ հանձնաժողովը քննարկեց նաեւ Երեւան-Նոր Խարբերդ թիվ 105 երթուղին սպասարկող «Տիգրան» ՍՊ ընկերության գերիշխող դիրքի չարաշահման մասին դեպքը: Հանձնաժողովի կատարած մոնիտորինգի արդյունքներից պարզվել էր, որ ընկերությունը արհեստական պակասորդ է ստեղծել, այսինքն գիծը սպասարկել է ավելի քիչ թվով երթուղային տաքսիներով, քան պարտավորված է եղել քաղաքապետարանի մրցույթի պայմանագրով: Ընկերության տնօրենը նիստի ժամանակ հավաստիացրեց, որ «շարժակազմի քանակը 100 տոկոսով ապահովել ենք»: Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ լրատվամիջոցները չեն դադարում գրել, «դաչնիկներն էլ»՝ բողոքել: Բայց քանի որ քաղաքապետարանը եւ հանձնաժողովի մասնագետները լրացուցիչ մոնիտորինգ չէին կատարել, հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստը հետաձգվեց մինչեւ նոր մոնիտորինգի անցկացումը: Ի դեպ, ոչ լիարժեք ուսումնասիրության համար հանձնաժողովի աշխատակազմը նախագահի կողմից դիտողություն ստացավ: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել