Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍՍԿԻՅ

Մայիս 04,2006 00:00

«ՌՈՒՍՍԿԻՅ ՆԱՇԱ ՊԱՐՏՆՅՈՐ» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն անցած շաբաթ Մոսկվայում էր, եւ նրա այցելությունը համընկավ 17-ամյա հայ երիտասարդի սպանությանը: Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ հայերի իրավունքների ոտնահարման, նրանց ստորացման լավագույն օրինակներից մեկն այն է, թե ինչպես են մեզ վերաբերվում օդանավակայանում եւ մաքսատանը. «Չնայած սովորաբար նման խնդիրներ չեմ ունենում՝ այս անգամ ինքս էլ զգացի այդ ճնշումը, որ գործադրվում է բոլոր ուղեւորների նկատմամբ»: Ռուսաստանում հայերի դեմ հաճախակի դարձած հարձակումները պրն Իգիթյանը դիտում է իբրեւ հետեւանք մի ընդհանուր երեւույթի, որն առնչվում է ինչպես ընդհանրապես ռուսական հասարակությանը, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ նրա՝ ռուս հասարակության լուծելիք խնդիրն է, եւ մեր պետությունն այս առումով չի կարող ունենալ մեծ դեր. «Ռուսական հասարակության մեջ շատ են տարածվել այդ տրամադրությունները, որոնք բնութագրվում են օտարամերժություն, ֆաշիզմ, նացիզմ կամ շովինիզմ տերմիններով: Եվ չի կարելի ասել, թե այդ տրամադրությունները զուտ հայերի նկատմամբ են»: Հովհաննես Իգիթյանը մեջբերեց ՌԴ հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի տվյալները, ըստ որոնց՝ 1600 հարցվածներից 53%-ը Վրաստանն են համարում ՌԴ քաղաքացիների համար ամենավտանգավոր երկիրը, 29%-ը՝ Լատվիան, 28%-ը՝ Ադրբեջանը, 27%-ը՝ Լիտվան, Տաջիկստանը՝ 26%-ը, Էստոնիան՝ 23%-ը, իսկ Հայաստանը՝ 20%-ը: Ուկրաինան վտանգավոր են համարում ռուսաստանցիների միայն 13%-ը: «Հարցումների համաձայն՝ ռուսական հասարակության ընդամենը 1/3-րդն է դեմ արտահայտվում այս ընդհանուր մթնոլորտին, մնացած 1/3-րդ անտարբեր է, իսկ մնացածն էլ «Ռուսաստանը՝ ռուսների համար» կարգախոսի կողմնակից են,- նշեց պրն Իգիթյանը:- Եվ հասկանալի է, որ քաղաքական ուժերը սկսել են օգտագործել 2/3-րդ կազմող այդ զանգվածի տրամադրությունները՝ ինչպես, ասենք, Ապօրինի էմիգրացիայի դեմ շարժում, Ռուսական ազգային միասնություն, Լիմոնովի կամ Ժիրինովսկու կուսակցություններն են: Վերջին շրջանում նաեւ Կոմկուսը սկսեց աշխատել այդ զանգվածի վրա»: Այս այցելության ժամանակ էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը հանդիպել էր իր նախկին գործընկերներին, որոնց մի մասը շարունակում է մնալ քաղաքականության մեջ, եւ այդ հանդիպումներից փոխանցեց. «Բոլորը մտահոգված են ռուս հասարակության այս խնդիրներով: Պարզ է, որ մտավորականությունը, ազատական, ժողովրդավարական կուսակցությունները դեմ են այս երեւույթներին»: Անդրադարձավ նաեւ ՌԴ-ում հայկական համայնքին. «Ոչ միայն մեր, այլ նաեւ մյուս ազգային համայնքների սխալն է, որ արձագանքում են միայն այնժամ, երբ միջադեպը վերաբերում է տվյալ համայնքի ներկայացուցչին: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ նման հարցերում համայնքները գործեին համատեղ: Մինչեւ էթնիկական համայնքները չմիավորվեն ու չսկսեն աշխատել միասին՝ չեն լուծվի այդ խնդիրները»: Այս իրադարձությունների կապակցությամբ քննադատության ենթարկվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, թե նա դիվանագիտական հակազդման ոչ բավարար մեթոդներ կիրառեց մեր հայրենակիցների նկատմամբ հալածանքների կապակցությամբ: Սակայն արդյոք սրանք այն միջադեպե՞րն էին, որոնց Հայաստանը պիտի անպայման արձագանքեր պետական մակարդակով՝ հարցին ի պատասխան, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Սա իրոք հայ-ռուսական հարաբերությունների հարց է, եւ այստեղ Հայաստանը պիտի ունենա դերակատարություն, եւ ոչ միայն դեսպանի, այլեւ՝ առաջին հերթին՝ մեր երկրի քաղաքական ղեկավարության մակարդակով: Ընդգծում եմ, Ռուսաստանի հասարակության շուրջ 20 տոկոսը Հայաստանը համարում է թշնամական երկիր: Վիրավորական է, չէ՞, որ մենք այսպես նվիրվա՜ծ ենք, կոպիտ ասած՝ ամբողջությամբ տրվո՜ւմ ենք ռուսներին, եւ դա չի գնահատվում: Փորձենք հասկանալ այս երեւույթի պատճառները: Քիչ է միայն վատ ռուսերենով ասելը, թե ռուսները մեր բարեկամներն են՝ «ռուսսկիյ նաշա պարտնյոր», ինչպես արել էր մեր կառավարության անդամներից մեկը: Ինձ թվում է, որ շատ քիչ է նաեւ Պուտինի հետ նստել-գարեջուր խմելը: Հայաստանը պետք է պահպանի իր Սահմանադրության պահանջը՝ պաշտպանի մեր քաղաքացիների ու ՌԴ-ում մեր հայրենակիցների շահերը: Իսկ դա չնկատվեց այս իրադարձությունների ժամանակ: Եվ հատկապես այն միջադեպերի կապակցությամբ, որոնք ուղղված են մեր քաղաքացիների դեմ՝ Հայաստանի ղեկավարությունն ու դեսպանատունը պետք է քայլեր ձեռնարկեն: Նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն էլ, ինձ թվում է, պիտի քննարկի այս խնդիրները: Այսինքն՝ հայերը պետք է զգան, որ կան ատյաններ, ուր նրանք կարող են դիմել եւ իրենց շահերի ոտնահարումների վերաբերյալ փաստերին կարձագանքեն Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները համատեղ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել