Ազգային
ժողովի հերթական քառօրյայի չորեքշաբթի օրվա նիստը «Արդարություն» խմբակցության առաջարկով
երեկ տեղի չունեցավ: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Երեւան-Սոչի
չվերթի ինքնաթիռի զոհերի հիշատակը: Խորհրդարանում տրամադրությունները համարժեք էին
երկրում տիրող իրավիճակին, ոմանք նույնիսկ փորձեցին զուգահեռներ անցկացնել մասնավորապես
այս կարգի՝ ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ը, օրը դարձյալ չորեքշաբթի էր եւ սպասվում
էր, որ կառավարությունը գալու է խորհրդարան՝ լսելու պատգամավորների հարցերը: Ուրիշները
վերջին երկու շաբաթվա անձրեւոտ եւ ցուրտ եղանակից հետո երեկվա պայծառ եւ արեւոտ եղանակը
բացատրեցին նրանով, որ բնությունը դրանով զգուշացնում էր սպասվող աղետի մասին: Երրորդները
պարզապես վստահ էին, թեպետ փաստեր չէին նշում, որ ինքնաթիռի հետ կատարված ողբերգությունը
ոչ թե սովորական աղետ է, այլ՝ ահաբեկչություն: Կային նաեւ այնպիսիք, որ պարզապես
բարձրաձայն մտածեցին. «Հիմա թուրքերը ոնց կուրախանան»: Դարձյալ ցավը եւ ողբերգությունը
համախմբեց շատերին, եւ խորհրդարանում մի պահ մոռացվեցին փոխադարձ վիրավորանքներն
ու թշնամանքը, նույնիսկ՝ կառավարության հետ տարաձայնությունները, եւ առաջարկվեց կառավարության
հետ համատեղ աշխատել եւ օգնել տուժածների հարազատներին: «ԱՄ» ղեկավար Արտաշես
Գեղամյանի առաջարկով ստեղծվեց խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված
աշխատանքային խումբ, որի կազմում են ՀՀԿ խմբակցությունից՝ Հովիկ Աբովյանը, ՀՅԴ-ից՝
Ոստանիկ Մարուխյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՄԱԿ-ից՝ Մնացական Պետրոսյանը,
«Արդարություն»-ից՝ Էդմոնդ Ծատուրյանը, «ԱՄ»-ից՝ Աղասի Արշակյանը եւ «Ժողպատգամավոր»
խմբից՝ Վլադիմիր Բադալյանը: Հենց խորհրդարանի նիստերի դահլիճում «Ժողպատգամավոր»
խմբի Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ իր տվյալներով
իր ընտրատարածքից 18 հոգի զոհվել է օդային աղետի հետեւանքով եւ ինքը պարտավորվում
է թիվ 26 ընտրատարածքից զոհվածների ընտանիքներին 1000-ական դոլար միանվագ օգնություն
ցուցաբերել: «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը
խորհրդարանին հիշեցրեց, թե ինքը քանի տարի ահազանգում է ավիացիայի խնդիրների, ոլորտում
տիրող իրավիճակի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկվում: Արթուր Բաղդասարյանը Արշակյանին
զգուշացրեց, որ նման հայտարարությունների համար օրը հարմար չէ եւ նման խոսակցությունների
ժամանակը չէ: Թերեւս ավելի ճիշտ կլիներ, որ Ազգային ժողովը երեկ ոչ թե ընդմիջեր
նիստը, այլ համարժեք օրակարգով ե՛ւ ավիացիայի պատասխանատուներին, ե՛ւ ոլորտի մասնագետներին
անմիջապես հրավիրեր ԱԺ դահլիճ, պահանջեր համապատասխան տեղեկատվություն հաղորդել թե՛
ինքնաթիռի, թե՛ Արմավիայի եւ, ընդհանրապես, հայկական օդային ճակատագրի վերաբերյալ:
Եվ այս ամենը ուղիղ հեռարձակվեր հեռուստատեսությամբ: Դա կնշանակեր, որ երկրի օրենսդիր
մարմինը ամբողջ ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեր ողբերգության հետ կապված
գործընթացները եւ կփորձեր պարզել ճշմարտությունը: Հակառակ դեպքում ստացվում է այնպես,
որ երբ, ասենք, հայտարարվում է, թե «Դժվար թե գտնվի ինքնաթիռի սեւ արկղը», գրեթե
բոլորը սկսում են մտածել՝ «Ուրեմն մի բան կա, որ նախօրոք նման բան են հայտարարում»:
Թեպետ մեր բոլոր կասկածները երեկ փորձեց ցրել «Ժողպատգամավոր» խմբից հանձնաժողովի
անդամ Վլադիմիր Բադալյանը, ասելով, որ ինքնաթիռի հետ կատարվածը զուտ տեխնիկական վթար
է, իսկ ավելի մանրամասները կպարզվեն սեւ արկղը գտնելուց հետո միայն: Իսկ որ արկղը
կգտնվի, պարոն Բադալյանը չէր կասկածում: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանը երեկ տեղեկացրեց, որ նույն ինքնաթիռով պետք է Սոչի թռչեր նաեւ
իր խմբակցության անդամ, «Հրազդան» մարզահամալիրի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, սակայն
նախորդ օրը ինքը վերջինիս պարտավորեցրել է ներկա լինել ԱԺ նիստին, եւ Աղաբաբյանը
հրաժարվել է Սոչի մեկնելու մտքից, եւ միայն երեկ առավոտյան է մեկնել՝ օգնելու տուժածների
հարազատներին: «Առավոտի» տեղեկություններով, Վրաստանի երկու քաղաքացիներ՝
Գեորգի Հակոբյանը եւ Գարիկ Սահակյանը, բարեբախտաբար, չեն կարողացել օդանավ նստել՝
ՌԴ մուտքի վիզա չունենալու պատճառով: Արդեն հայտնի է, որ օդանավում եղել է
ՆԳ եւ ԱԱ նախկին փոխնախարար Հուսիկ Հարությունյանը, որը Սոչի էր մեկնում ընկերոջ՝
«Պրոմեթեւս» ընկերության սեփականատեր Սենիկ Գեւորգյանի հրավերով: Օդանավում է եղել
նաեւ ԱԱ նախկին նախարար Կառլոս Պետրոսյանի որդին՝ Արամ Պետրոսյանը, «Արմավիայի» գլխավոր
տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Յարալովը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ