Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ՄԵԴԱԼԸ ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ

Մայիս 03,2006 00:00

ՉՈՐՍ ՄԵԴԱԼԸ ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը պատասխանեց մեր հարցերին: – Երկու «արծաթից» ու մեկ «բրոնզից» գո՞հ եք: – Ինչո՞ւ մեկ «բրոնզ»: Կարինե Շադոյանի բրոնզն էլ ազատ ոճից է: Չնայած չեմպիոն չտվեցինք, բայց Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո գրավեցինք թիմային երրորդ տեղը՝ մեզնից ետ թողնելով Բելառուսին, Բուլղարիային, Թուրքիային, Վրաստանին: Դա վատ ցուցանիշ չէ: Ես գոհ եմ, որ ստեղծվել է միասնական կոլեկտիվ, որտեղ ամեն մի ըմբիշ իր ներդրումն է ունենում հավաքականի ընդհանուր արդյունքում: – Հաջողությունը մեծապես կախված է նաեւ վիճակահանությունից: Այդ մասին ի՞նչ կասեք: – Այս անգամ վիճակահանությունը բոլոր քաշային կարգերում մեզ համար բարենպաստ էր: Դժգոհելու պատճառ չունեմ: – Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ մեր տղաներից շատերը, հատկապես «ներքեւի» քաշերի՝ պայքարի սկզբից կամ կեսից դուրս մնացին: – Իսկ ո՞վ է ասել, որ պետք է մեդալների համար պայքարեին: Հայաստանցի ըմբիշները դեռ երիտասարդ են ու մեծահասակների մեջ առաջին քայլերն են անում: Այս առաջնությունն ավելի շատ փորձի կուտակման նշանակություն ուներ: Միայն 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանի հետ էի մեդալի հույս կապում, բայց մրցավարները կոտրեցին նրան՝ երրորդ գոտեմարտի ավարտից ութ վայրկյան առաջ պարտվող մոլդովացուն երեք միավոր նվիրելով: – Լեգեոներականների մասին ի՞նչ կասեք: – Եվրոպայի առաջնությունում թույլ ըմբիշներ չեն լինում: Վատը չեն, բայց լիդեր էլ չեն: Ամեն բան կերեւա աշխարհի առաջնությունում: – 74 կգ-ում ունենք աշխարհի երիտասարդների 3-րդ մրցանակակիր Հարություն Ենոքյան: Նա հեռանկարային ըմբիշ է: Բայց հրավիրվել է նաեւ Ռուսլան Կոկաեւը, որը Մոսկվայում 2-րդ տեղ գրավեց: – Մի տեսակ արհեստական մրցակցություն է ստեղծվել: Ուրեմն, Հարությունը պիտի ապացուցի, որ ինքն ավելի ուժեղ է: Նույնը վերաբերում է նաեւ 84 կգ քաշային կարգին: – Ասացիք, որ հավաքականը մի կուռ կոլեկտիվ է: Բայց որքան տեղյակ ենք, լեգեոներականները ապրելու եւ մարզվելու են իրենց քաղաքներում… – Եթե նրանք ապագայում էլ ներկայացնելու են Հայաստանը, ճիշտը այստեղ տեղափոխվելը կլիներ: Հիմա հետագայի մասին ոչինչ ասել չեմ կարող: Բայց մի բան գիտեմ. լեգեոներականները հավաքականի ուսումնամարզական հավաքներին, մարզումներին պարտադիր պետք է ներկա լինեն, այլապես, կարծում եմ, հաջողություններ հաստատ չեն ունենա: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել