Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գավառի

Մայիս 03,2006 00:00

Գավառի թատրոնի հոգսերը «Առավոտը» հյուրընկալել էր Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գառնիկ Պողոսյանին: Շուրջ երեք տարի 123-ամյա մշակութային այս օջախի ղեկավարությունը ստանձնած մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենց թատրոնի շենքը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել 30 տարի առաջ: Ըստ Գ. Պողոսյանի, ահավոր ճաքեր ունեցող շենքում, դեֆորմացված բեմահարթակում գավառցիները 2005թ. խաղացել են շուրջ 60 ներկայացում: Այսօր թատրոնի խաղացանկում 7 բեմադրություն կա, այդ թվում՝ Գ. Սունդուկյանի «Պատվի համարը», Ա. Քալանթարյանի «Բումերանգը» եւ այլն: Շուտով թատրոնը կներկայացնի «Կանայք եւ պատերազմ» ներկայացումը՝ ըստ Բերթոլթ Բրեխտի «Կուրաժ մայրիկը» ստեղծագործության: Գ. Պողոսյանը հայտնեց նաեւ, որ 2005թ. քաղաքաշինության նախարարությունը խոստացել էր հոգալ շենքի վերանորոգման աշխատանքները. «Բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղափոխվեց 2007թ.»: Հայտնեց նաեւ, որ «պետպատվեր» հասկացությունը վերջին 15 տարիների ընթացքում, ինչպես ասում են, որպես դասակարգ վերացել է: «15 տարի առաջ շրջահայաց, ակտիվ չգտնվեցինք եւ մշակույթի նախարարության ենթակայությունից դուրս մղվեցինք, դառնալով մարզային կազմակերպություն: Ճիշտ է, մարզի ղեկավարությունը ձեռքից եկածն անում է, աջակցում, բայց հասկանալի է, որ մշակույթի նախարարության հնարավորություններն անհամեմատ մեծ են: Թեեւ այսօր տարբեր հարցերում նախարարությունն օգնում է, բայց նկատենք, որ դա իր պարտականությունը չէ: Թատերական գործիչների միությունն էլ հասարակական կազմակերպություն է, որից էլ որոշակի օգնություն ստանում ենք: Միությունը վերջերս Գեղարքունիքի մարզում անցկացրեց թատերական փառատոն»,- ասաց պարոն Պողոսյանը: Նա փաստեց, որ իր ղեկավարած կոլեկտիվը տարիներ շարունակ խաղում է որտեղ ասես. «Հանդես ենք եկել Գեղարքունիքի շրջանի գյուղական դպրոցներում, խաղացել միջանցքներում, սպորտային դահլիճներում: Տոմսերը վաճառել ենք ընդամենը 200 դրամով՝ ոչ թե նրա համար, որ մեր արվեստը այդքան ենք գնահատում, այլ բարոյական չենք համարում 1000 դրամով տոմս վաճառել, որովհետեւ խաղում ենք առանց բեմի, լույսերի եւ այլն: Գյուղեր կան, որտեղ մարդիկ 30-40 տարի չգիտեն ինչ է թատրոնը, ու թեկուզ նման պայմաններում ենք աշխատում, բայց ճիշտ չենք էլ համարում մարդկանց զրկել թատրոնի հետ շփումից»: Չե՞ք պատրաստվում վերադառնալ մշակույթի նախարարության ենթակայությանը հարցին՝ պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի: Օրինակ, մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը խոստացել է մեր կողմից ծրագիր ներկայացնելու դեպքում պետպատվերի շրջանակում ներկայացման համար 2007-ին հատկացնել միջոցներ: Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն էլ խոստացել է օգնել զգեստներով, դեկորներով: Ես պատրաստ եմ մեր թատրոնը հայտարարել երիտասարդ ռեժիսորների եւ դերասանների էքսպերիմենտալ հարթակ: Եթե Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողներն իրենց դիպլոմային աշխատանքները պաշտպանեն Գավառի թատրոնում, համոզված եմ, որ մեզ մոտ շարժ կսկսվի: Ավելի քան 10 տարվա ընդմիջումից հետո Գավառի թատրոնը կմասնակցի Երեւանում ամռանն անցկացվելիք Մետաքսյա Սիմոնյանի հոբելյանին նվիրված փառատոնին: Հույս ունեմ, որ մեր ներկայացումը կդիտեն մշակույթի նախարարության պաշտոնյաներն ու համապատասխան հետեւություն կանեն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել