Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց

Մայիս 03,2006 00:00

Առանց լցոնումների Երեկ «Հազարամյակի մրտահրավերներ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդում ընտրվում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 217 հ/կ-ներ, որոնք նախօրոք հայտ էին ներկայացրել որպես ընտրող, ընտրություն էին կատարում 83 հ/կ-ի մեջ, որոնք հայտ էին ներկայացրել որպես ընտրվող եւ հավակնում էին շահառուների խորհրդում 5 տեղի համար: Քվեարկության մասնակիցներից մի քանիսը ներկայացել էին ոչ թե անձնագրով, այլ սոցիալական քարտով: Ըստ Ընտրական հանձնաժողովի անդամների, «ոչ մի տարբերություն չկա, միեւնույն է, քարտի վրա նշվում է նաեւ անձնագրի սերիան, ուստի այստեղ կեղծելու ոչ մի միտում չենք տեսնում»: Հ/կ-ներից մեկի ներկայացուցիչը, որը նույնպես ընտրությանը մասնակցեց սոցիալական քարտով, նախապես հանձնաժողովի անդամներից մեկին՝ «Բարեփոխում» կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանին զգուշացրեց, որ «մոտս անձնագիր չկա, գործով ուղարկել եմ Մոսկվա»: Մեր հարցին, թե ինչո՞ւ եք թույլատրում առանց անձնագրի մասնակցել քվեարկությանը՝ Կ. Հակոբյանը պատասխանեց. «Բացառիկ դեպքերում կարելի է, արդեն մեկ-երկու հոգու թույլատրել ենք, իսկ այս մարդուն մենք դեմքով ճանաչում ենք, համ էլ սոցիալական քարտը անձնագրի փոխարինողն է, ի՞նչ տարբերություն»: Մեր ձեռքի տակ է «Շահառուների խորհրդում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրության կարգը», որը հստակ սահմանում է. «Քվեարկության մասնակիցը քվեարկության է ներկայանում անձնագրով»: Այսինքն՝ ընտրական հանձնաժողովը, գուցեեւ անտեղյակությունից, այս հարցում խախտել է ընտրությունների կարգը: Ինչ վերաբերում է քվեարկության ընթացքին, ժամը 13-ի սահմաններում, հանձնաժողովի անդամների ներկայացմամբ՝ ընտրողների 50%-ը արդեն մասնակցել էր քվեարկությանը: Ըստ հանձնաժողովի ներկայացուցիչ, ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանի, որոշ խոչընդոտներ են առաջացել հայտի եւ ցուցակների հետ կապված. «Մարդիկ կան, որ որոշում են, թե այսօր Երեւանում չեն ու իրենց փոխարեն ուղարկում են իրենց կազմակերպությունից ինչ-որ մեկին, իսկ մենք չենք թողնում: Ընտրական կարգի համաձայն, կազմակերպությունը պետք է հայտով դիմած լիներ եւ նշեր, թե ով է մասնակցելու քվեարկությանը, կարող էին ամսի 26-27-ին մեկ ուրիշին առաջադրել, անունը փոխել, բայց մարդիկ կան, որ եկել են ուրիշի փոխարեն՝ լիազորագրերով. ոնց որ հանրապետական ընտրություններում ինչ-որ մեկը լիազորագրով գա քվեարկության: Արդեն երկու նման դեպք է եղել, մենք էլ հասկացրել ենք, որ էդպես չի լինի»: Ընտրական հանձնաժողովի մյուս ներկայացուցիչը՝ Կաշեգործների միության նախագահ Վլադիմիր Գալստյանը հավաստիացրեց, որ «ցուցակներում որեւէ անճշտություն, որեւէ պրոբլեմ այս պահին չի առաջացել, ամեն ինչ նորմալ է»: Ինչ վերաբերում է լցոնումներին՝ ըստ նրա, «դա անհնար է, որովհետեւ բաց, թափանցիկ ընտրություններ են, պակաս տեղ չկա»: Հայաստանի ամերիկյան համալսարանի նախասրահում, որտեղ անցկացվում էր ընտրությունը, փակցված էին ընտրողների եւ թեկնածուների ցուցակները: Ընտրության մասնակիցները 10-15 րոպե կանգ էին առնում այդ ցուցակների մոտ, որպեսզի ճշտեին՝ իրենց անունն ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ, բայց որպես կանոն իրենց անունները փնտրում էին թեկնածուների ցուցակներում: Մեր հարցին, թե սա չի՞ նշանակում, որ շատ հ/կ-ներ բոլորովին չեն գիտակցում, թե ուր են եկել, պարզապես ստացել են հրահանգ, որ կընտրես այս-այս կազմակերպություններին ու բանից անտեղյակ որոշել մասնակցել՝ Կ. Հակոբյանը համաձայնեց: Ըստ նրա, Շահառուների խորհրդում ընդգրկվելու համար կարեւորն այն է, որ «պոպուլյար լինես, թե չէ կարող է շատ լավ գործունեություն ծավալած լինես, բայց ընտրազանգված չունենաս, ես, օրինակ, գիտեի, որ 30% ձայն չեմ հավաքի, դրա համար էլ հանձնաժողովում ինձ առաջադրեցի»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ Հ. Գ. Մեզ հայտնած տեղեկություններով, քվեարկության արդյունքներով 5-րդ տեղի համար հավասար ձայներ են հավաքել երկու հ/կ-ներ: Հանձնաժողովի անդամների՝ տեղում կատարած վիճակահանության արդյունքում ընտրվել է «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» միությունը։ Իսկ առավելագույն քվե է հավաքել «Կիրառական հետազոտությունների եւ ագրոբիզնեսի» հիմնադրամը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել