Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿՈԱԼԻՑԻԱՆ

Մայիս 03,2006 00:00

«ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԵՏՔ Է ԹԱՍԻԲ ՈՒՆԵՆԱ» Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, կոալիցիան երեկ անթասիբ էր, քանի որ չպահանջեց Արթուր Բաղդասարյանի հրաժարականը: Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նախորդ շաբաթ հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ԱԺ քառօրյայի ժամանակ առաջարկելու է կոալիցիային՝ պահանջել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը: Երեկ սկսված քառօրյայի ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը հարցրեց ԱԺ նախագահին. «Այս օրակարգում օրենսդրական որեւէ նախաձեռնություն ձեր խմբակցության կողմից կա՞, որը գոնե մեկ քայլ Հայաստանը պետք է մոտեցնի ՆԱՏՕ-ին, որովհետեւ դուք հայտարարեցիք, որ Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ն է»: Այդ հարցը հնարավորություն տվեց Արթուր Բաղդասարյանին պարզաբանել արտաքին քաղաքականությանը վերաբերող հեռանկարային գնահատականները: ԱԺ նախագահը նաեւ հայտարարել է. «Կարծում եմ, մենք աշխատել եւ ապրել ենք այնպես, որ միշտ կարողանանք իրար աչքերի նայել եւ ոչ թե ռեստորաններում գինովցած մի բան ասենք, թերթին՝ մի ուրիշ բան ասենք, անհատական զրույցներում բոլորովին այլ բան ասենք: Մենք, որպես քաղաքական կազմակերպություն, մտել ենք իշխանություն, մտել ենք ռեֆորմներ անելու համար, ինչ որ մտածում ենք՝ ասում ենք ազնիվ, շիտակ եւ ոչ մի վատ բան դրանում չենք տեսնում եւ ոչ էլ ասում ենք՝ ընկերներին թիկունքից հարվածելով: Ճանապարհ ենք անցել, նույն «Հանրապետականի», նույն Դաշնակցության հետ, ՀՀ նախագահի հետ, ազնիվ ճանապարհ ենք անցել»: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրինք, թե ինչո՞վ է բացատրում, որ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը իր հնչեցրած հարցով, փաստորեն, հնարավորություն տվեց ԱԺ նախագահին մեկ անգամ եւս մեկնաբանել իր իսկ մտքերը: Ըստ Գալուստ Սահակյանի՝ «Հմայակ Հովհաննիսյանի հարցը Կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտում էր, խնդիրը օրակարգին չէր վերաբերում, եւ ԱԺ նախագահը պարզապես պիտի չպատասխաներ, իսկ մնացած խնդիրները, որոնք կան, կարծում եմ՝ կոալիցիան հասու է եւ ինքն իր ներսում կարող է քննարկել եւ համապատասխան եզրակացության հանգել: Եթե խնդիրներ ունենք, մենք ինքներս կարող ենք լուծել, կողքից օգնության կարիք չունենք»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հմայակ Հովհաննիսյանը խոսքի տերը չեղավ եւ ԱԺ նախագահի հրաժարականը չպահանջեց. «Ես գտնում եմ, որ իր կոալիցիայի գործընկերները պետք է թասիբ ունենան եւ պահանջեն իր հրաժարականը,- ասաց պրն Հովհաննիսյանը,- մանավանդ, ինչպես դուք այսօր տեսաք, Արթուր Բաղդասարյանը երկու-երեք անգամ ընդգծված հայտարարեց, փաստորեն սպառնաց, որ ինքը կոալիցիայից դուրս կգա: Իսկ նրանք, որ կատվի նման նստել էին եւ լռում էին, բոլորը՝ եւ ՀՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն, ապացուցեցին, որ ենթարկվել են այդ շանտաժին եւ իրենց լեզուները կուլ են տվել: Դա իրենց խնդիրն է, ես կոալիցիայի փոխարեն կոալիցիայի խնդիրները լուծելու մտադրություն չունեմ»: Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ «Արթուր Բաղդասարյանը հաջողությամբ եւս մեկ անգամ թաղեց կոալիցիային եւ թաղեց կոալիցիայի վերակենդանանալու փորձը, ինչի համար էլ ես իրեն ողջունեցի, ասելով՝ քանի նա կա, կոալիցիան վերակենդանանալ չի կարող»: ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին լրագրողները խնդրեցին վերաբերմունք արտահայտել ԱԺ նախագահի ելույթին: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ՀՅԴ խմբակցությունը ցանկացած միջավայրում ասում է նույն տեսակետը: Իսկ հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ն իրոք դուրս գա կոալիցիայից. «Դա ՕԵԿ-ին հարցրեք, բայց հետեւյալ խնդիրը կա. մինչեւ հիմա մեր տարաձայնությունները եղել են տակտիկական բնույթի, եւ գաղտնիք չէ, որ դրանք եղել են բազմաթիվ, սակայն այդ վեճերը հիմնականում օգտակար են եղել, որովհետեւ վեճի մեջ է ծնվել ճշմարտությունը, եւ, վերջապես, քվեարկությամբ որոշվել է հարցը: Իսկ երբ ստրատեգիական բնույթի տարաձայնություններ են առաջանում, այսինքն՝ երբ խոսքը վերաբերում է երկրի հեռանկարային զարգացմանը, ապա, ես կարծում եմ, դրանք պետք է լուծվեն կոալիցիայի նիստի ընթացքում: Նման նիստ այդպիսի օրակարգով դեռ տեղի չի ունեցել, իսկ ինչ վերաբերում է մեկ այլ մակարդակի, կարծում եմ, ԱԺ նախագահը, լինելով Անվտանգության խորհրդի անդամ, պետք է առաջին հերթին այդ ատյանում իր տեսակետը հայտնի, որովհետեւ, ի վերջո, ազգային անվտանգության մեր հեռանկարը որոշվում է այդ ատյանի մեջ, եւ դրա արտահայտողը, այո, սահմանադրությամբ ՀՀ նախագահն է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել