Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԻ

Մայիս 03,2006 00:00

«ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՄ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ՍՏԵՂԾԻ» Մեր թերթին տված հարցազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, չբացառելով ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հեռանկարը: – Պարոն Բաղդասարյան, Ձեր ելույթից երեւաց, որ դուք պատրաստ եք դուրս գալ կոալիցիայից, այդպե՞ս է արդյոք, եւ ե՞րբ կլինի այդ մասին հայտարարություն: – 2003 թ. «Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիայի մաս է կազմել եւ 2006-ին էլ հուշագիր է ստորագրել ոչ ինքնանպատակ, ինչի մասին առիթ ու հնարավորություն ունեցել եմ ասել, նաեւ՝ «Առավոտում»: Ոչ երրորդ գումարման Ազգային ժողովը, ոչ էլ կոալիցիան հավերժական չեն: Սա, վստահ եմ, ոչ ոք չի վիճարկի: Ակնհայտ է, որ կոալիցիայից դուրս գալու համար լուրջ տարաձայնություններ են պետք, որոնք այլեւս հնարավոր չէ հաղթահարել: Այո, ես հայտարարեցի, որ երկրի նախագահի կամ մեր կոալիցիոն գործընկերների համար դժվարություններ չենք ստեղծի, եւ եթե գաղափարների ու գործելակերպի անհամատեղելիություն ստեղծվի, «Օրինաց երկիրը» կոալիցիայից դուրս կգա: – Ձեր կարծիքով՝ այս անհամատեղելիությունը ինչո՞վ կարող է արտահայտվել եւ ինչո՞ւ մեկ հարցազրույցը գերմանական թերթին այսքան տաընթերցումների առիթ տվեց: – Գիտե՞ք, երբ ՕԵԿ-ին 2003-ին էին մեղադրում պոպուլիզմի մեջ, մի քիչ հասկանալի էր՝ ընտրական տարի էր, նախընտրական կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ նույնը շարունակում էին անել 2004-ին, զարմանալի էր, 2005-ին արդեն դառնում էր անիմաստ, որովհետեւ բավարար ժամանակ կար հասկանալու, որ ոչ իմ պաշտոնական այցերը այլ երկրներ, ոչ աշխատանքային այցերը Հայաստանի մարզեր, ոչ ԱԺ նախագահին առընթեր խորհուրդների ստեղծումը, ոչ «Օրինաց երկրի» անդամների ակտիվ ելույթները պոպուլիզմ չեն, սովորական, խորհրդարանական աշխատանք են՝ այնպես, ինչպես մենք ենք հասկանում ու պատկերացնում ժողովրդի ընտրյալի՝ պատգամավորի օրենսդրական ու քաղաքական գործունեությունը: Սա՝ մեկ, եւ երկրորդը՝ որեւէ թերթի (ոչ հայկական, ոչ արտասահմանյան մամուլում) հարցազրույցում ես ոչ մի նոր, իմ հրապարակային ելույթները հերքող ոչինչ չեմ ասել: Չեմ բացառում, որ կարող էին լինել եւ տարընթերցումներ, չէ՞ որ, ի վերջո, մեկ ժամից ավելի ազատ զրույց է եղել լրագրողի հետ: Մեկ բառով ասեմ իմ ողջ ասածը՝ «Դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելով»: Սա է եղել իմաստը: Վերջապես՝ երբ ասվում է, որ Հայաստանի ապագան «Ռուսաստան-Բելառուս» դաշինքը չէ, պարզ է բոլորին: Իսկ ինչո՞ւ է ԱԺ-ում 2003-ի սեպտեմբերից եվրաինտեգրման հարցերով հանձնաժողով ստեղծվել՝ «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին անդամագրվելո՞ւ, թե՞ եվրոպական կառույցների հետ համագործակցությունը խորացնելու եւ Եվրամիության անդամակցության հիմքեր ստեղծելու համար: Նախ՝ Ռուսաստանն ինքը ՆԱՏՕ-ին իր թշնամին չի համարում, ինչը եւ ես ասել եմ Սանկտ Պետերբուրգում, որ անընդունելի է հակադրել Ռուսաստանն ու Եվրամիությունը, որ Հայաստանը այսօր քնելով՝ վաղը ՆԱՏՕ-ի անդամ չի արթնանալու: Ի վերջո՝ ՆԱՏՕ-ն ունի եւ ռազմական, եւ քաղաքական բաղադրիչներ, եւ կան երկրներ, որոնք, դիցուք, միայն քաղաքական բաղադրիչին են անդամակցում: Այսինքն՝ համագործակցության խորացման բազմաթիվ տարբերակներ կան: Ի դեպ՝ նույն Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով արտահայտվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների խորացման օգտին՝ Հռոմի հռչակագրով ստեղծելով ՆԱՏՕ-Ռուսաստան հատուկ խորհուրդ: Նույն Վլադիմիր Պուտինը 2005 թ. հոկտեմբերի 31-ին պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին՝ ասել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է քննարկել ՆԱՏՕ-ին միանալու խնդիրը, չնայած Ռուսաստանը ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել: Ի վերջո՝ նման հարցերը ոչ հարցազրույցներով են լուծվում, ոչ էլ մեկ ամսում կամ մեկ տարում, եւ ես չեմ խոսել ՆԱՏՕ-ին անդամակցության մասին: Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ առկա անհատական գործընկերության ծրագրի եւ մեր երկրի՝ եվրաատլանտյան համագործակցության խորացման հեռանկարի մասին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ է կանոնակարգված, որ արտաքին քաղաքականությունը վերապահված է հանրապետության նախագահին, եւ նա է այդ քաղաքականության որոշողն ու պատասխանատուն, եւ ես, որպես ԱԺ նախագահ, գիտեմ, որ նման հարց մեր արտաքին քաղաքականության օրակարգում դրված չէ: Բայց երբ այդ մասին լրագրողը երկար ու ազատ զրույցի ժամանակ տարբեր հարցեր է տալիս, ի՞նչ եք կարծում՝ կոռե՞կտ է արդյոք պատասխանել՝ այդ հարցը նախագահին ուղղեք: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ես դրանք բարձր եմ գնահատում եւ նույն հարցազրույցում էլ ասել եմ այդ մասին եւ կողմնակից եմ, որ դրանք ավելի շատ բովանդակային դառնան: Ի դեպ, այդ մասին ասել եմ եւ Վաշինգթոնում, եւ Բրյուսելում, եւ Մոսկվայում: Եվ եթե ես որպես քաղաքական գործիչ իմ երկիրը տեսնում եմ արեւմտյան արժեքային համակարգում, դա ամենեւին չի նշանակում, թե ես դեմ եմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին: Ի վերջո՝ կարեւոր է ոչ միայն այլակարծության իրավունքը, այլ նաեւ բովանդակությունը: – Մեր տեղեկություններով, օրերս Մոսկվայում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեղադրել է Ձեզ այն բանի համար, որ ելույթ եք ունեցել Կիեւի Մայդանում: Այդպե՞ս է: – Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Զատուլինի ասածը, կասեմ հետեւյալը՝ ես անկախ երկրի խորհրդարանի նախագահ եմ եւ ելույթ եմ ունեցել մեկ այլ երկրի նախագահի՝ Վիկտոր Յուշչենկոյի հրավերով եւ ողջունել եմ Ուկրաինայի ժողովրդին՝ իրենց պետական տոնի առիթով: Ես կողմնակից եմ Ռուսաստանի հետ բարեկամական, այլ ոչ թե վասալային հարաբերություններին, ինչպես երեւի թե պատկերացնում է նույն Զատուլինը: – Չե՞ք կարծում, որ ամեն ինչ սկսվեց սեփականաշնորհման Ձեր ելույթից. փաստորեն, կոռուպցիոն լուրջ մեղադրանքներ հնչեցրիք: – Իմ ելույթն ուղղված էր ոչ թե անձերի, այլ երեւույթի դեմ: Սակայն անընդունելի է, երբ առողջ ու փաստարկված քննադատությունը սվիններով են ընդունում, իսկ ոչ մոդայիկ մտքեր արտահայտողներին մերժում են: Խառնաշփոթություն անվանենք թե աչքակապություն՝ դժվար է ասել, բայց չպետք է մոռանանք, որ մենք ունենք խոսքի ազատ տարածք, որ կոչվում է ժողովրդավարություն: Լավ խոսելով՝ լավ Հայաստան չեն կառուցում: Այն իսկապես պահանջում է, որ մենք ներդնենք մեր լավագույն ջանքերը եւ մեր իրական ցանկությունը, որպեսզի հավատանք ինքներս մեզ եւ մեր ապագային: Այն, որ այսուհետ մեր հետեւողական պայքարի արդյունքում այլեւս Հայաստանում դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնարաններ, գիտակրթական հիմնարկներ չեն կարող սեփականաշնորհվել, արդեն կոնկրետ ձեռքբերում է: Առաջին իսկ օրից մուտք գործելով իշխանություն՝ մենք հայտարարել ենք, որ աշխատելու եւ պայքարելու ենք թե ժողովրդավարական եւ թե սոցիալ-տնտեսական բարեփոխումների համար: Եվ մենք այս ճանապարհին եղել ենք ազնիվ, խոսել ենք բաց ու հրապարակային, չենք մտել խարդավանքների մեջ ու դավեր չենք նյութել: Կոալիցիայի ներսում եւս մենք պահպանել ենք մեր սկզբունքայնությունը՝ հարգել ենք մեր դիմացինի սկզբունքները եւ ակնկալել նույնպիսի վերաբերմունք: Հայաստանը ապագայի երկիր պետք է լինի: Երբեմն ոմանք դժվարությունները համեմատում են մայրամուտի հետ, մինչդեռ դա ընդամենը մեծ ուղեւորության ճանապարհի ժամանակավոր արգելքներ են, որոնք պետք է հաղթահարվեն: Մարդկանց մի մասը պայքարում է ապագայի նկատմամբ հավատով ու ակնկալիքներով, որ այն լավն է լինելու: Մինչդեռ մյուսները վախենում են ապագայից՝ մտավախություն ունենալով, որ անցյալի ձախողումները կարող են կրկնվել: Բայց մենք չպետք է վախենանք մեր ապագայից, մենք պետք է պայքարենք մեր ապագայի եւ այն առաջադեմ արժեքների համար, որ ունենք, այն հավատի համար, որ փայփայում ենք, եւ այն գաղափարների համար, որոնց նվիրված ենք: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել