Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնավոր կորուստներ՝ վատ եղանակի պատճառով

Մայիս 03,2006 00:00

Միլիոնավոր
կորուստներ՝ վատ եղանակի պատճառով Երեկվա դրությամբ գյուղատնտեսության
նախարարությունը դեռեւս ոչ մի ամփոփ տեղեկատվություն չուներ, թե նախորդ օրերի առատ
տեղումներից ու գետերի վարարումներից հանրապետության մարզերն ինչ վնասներ են կրել:
Բոլոր մարզերում էլ գյուղատնտեսության վարչությունները հանձնաժողովներ են
կազմել եւ մեկ առ մեկ այցելում են գյուղեր ու տեղում հաշվառում վնասի չափերը: Վայոց
ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի ներկայացմամբ, իրենց մարզում պտղաբուծությունը
մեծ վնասներ է կրել, հատկապես ցրտահարվել են ընկուզենիները. «Ծաղկած ծառերի վրա մի
քանի սանտիմետր ձյուն էր դրել եւ ամենայն հավանականությամբ այս տարի գյուղացիները
բերքի 70-80%-ի կորուստ կունենան: Արփա գետի ափամերձ տարածքներում էլ ջրածածկվել
են բնակիչների հողատարածքները»: Այս մարզում ջերմաստիճանը իջել է մինչեւ -8 աստիճան:
Կոտայքի մարզում, ըստ մարզպետարանի նախնական հաշվարկների, միայն 6-7 միլիոն
դրամի վնաս հասցրել է Հրազդան գետի վարարումը: Գետը հունից դուրս գալով ողողել էր
Հրազդան քաղաքի երկու թաղամասերի սեփական տները՝ նկուղներն ամբողջությամբ լցվել են
ջրով: Փոխմարզպետ Վալերիկ Բակլաչյանի խոսքերով՝ «հատկապես Եղվարդի տարածաշրջանում
բոլոր կորիզավոր պտուղներն արդեն ծաղկած են եղել, բայց իսկական հետեւանքները կերեւան
մեկ շաբաթից. երբ ծաղիկը սեւանա ու թափվի՝ ուրեմն բերքը ցրտահարվել է»: Լոռու մարզում,
մարզպետ Հենրիկ Քոչինյանի տվյալներով, հիմնականում տուժել են այգիները, աշնանացան
ցորենի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները: Հեղեղումները վնասել են Վանաձոր-Սպիտակ
երկաթուղու 20 մետր ճանապարհահատվածը: Ի դեպ, անկանոն անտառահատումների հետեւանքով
արդեն մի քանի օր է, որ անձրեւաջրերը ցեխ դարձած անտառներից հոսում-լցվում են քաղաք:
Գեղարքունիքի մարզում բերքի ցրտահարությունից կորուստներն այդքան էլ մեծ չեն,
բայց, ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի, «այդքանով
չենք պրծնի: Մեր մարզում հիմնական հեղեղումների «պիկը» սկսվում է մայիսի 1-ից: Չնայած
նրան, որ կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկել կառավարության հատկացրած 16 միլիոն
դրամով՝ մաքրել ենք գետերի հուները եւ հեղեղատարները, գետերի վտանգավոր հատվածներում
հենապատեր ենք կառուցել, սակայն վստահ չենք, որ վտանգ չի լինի, դրա համար նորից դիմելու
ենք կառավարությանը լրացուցիչ գումար ստանալու համար»: Տավուշի մարզում բերքի
ցրտահարությունը երկրորդական պլան է մղվել. այստեղ բնակիչներն ավելի շատ հեղեղումներից
են տուժել: Ապրիլի 28-ին մարզի Հաղարծին գյուղում փլվել էր սողանքային մեծ գոտին
եւ փակել գետի հունը, ինչի հետեւանքով գյուղի տների մի մասը ամբողջությամբ մնացել
էր ջրի տակ: Գետը քշել- տարել էր գյուղացիների ունեցվածքը, ընտանի կենդանիներին:
Մարդիկ մնացել են անօթեւան: Երեկ Տավուշի մարզպետարանից հավաստիացրին, որ վտանգավոր
գոտու բնակիչներին տարհանել են եւ ապահովել ժամանակավոր կացարանով: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել