Երեւանի
պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը՝ իր պաշտոնավարման հենց առաջին
օրերից բուհում սկսեց հիմնավոր փոփոխություններ կատարել՝ թե՛ կադրային, թե՛ շինարարական
առումով: «Վերանորոգման աշխատանքները, որ կատարվել են մինչեւ հիմա, ես դրանք
չեմ ընդունում, ես չեմ սիրում կիսատ-պռատ արված գործեր ընդհանրապես, չեմ սիրում,
որ այստեղ մի փոքր մալյարկա անենք, հետո սոցիալիստական մոտեցումներով՝ ցույց տանք,
որ մաքրեցինք, բայց իրականում չմաքրենք, չեմ սիրում, ընդհանրապես ցուցամոլ չեմ եւ
երբեք չեմ եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Գոհար Քյալյանը: Նա պատրաստվում է այսուհետեւ
ամեն տարի ինչ-որ մի բան վերակահավորել, վերանորոգել: Այս օրերին տիկին Քյալյանը
տեղափոխվել է պրոռեկտորի սենյակ, որովհետեւ իր աշխատասենյակը պաշտոնավարման առաջին
օրվանից՝ հիմնանորոգման մեջ է. «Օրինակ, սա պրոռեկտորի կաբինետն է, պաժառի բուն է,
մի հատ հասարակ պաբելկա արվի, հնամաշ բաները վերացվի: Ինձ ասում են՝ ինչի՞ ես իմիջի
հետեւից ընկնում: Բայց, այո, իմիջն էլ ունի նշանակություն: Երբ գնում ես որեւէ նորմալ
համալսարան, ամեն ինչ սկսվում է բակից: Մենք պետք է կարողանանք կամաց-կամաց մեր մենթալիտետը
փոխել»: Տիկին Քյալյանը, իսկապես, ամեն ինչ սկսել է բակից: Մեր հավաստի տեղեկություններով,
նա նույնիսկ արմատախիլ է արել նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի տնկած ծառերի մի մասը
եւ փոխարենը եղեւնիներ է տնկել: Տիկին Քյալյանը Վ. Հակոբյանի հետ հարաբերությունների
մասին ասում է. «Մենք շատ նորմալ, լավ հարաբերություններ ունենք իրար հետ եւ երբեք
էլ վատ հարաբերություններ չեն եղել: Ընդհանրապես, ես այնպիսի մարդ եմ, որ աշխատում
եմ ոչ մեկի հետ վատ հարաբերություններում չլինեմ: Ես նրանց հետ աշխատում եմ, իսկ
աշխատանքի վայրում պետք է այնպես անես, որ նյարդային համակարգդ հնարավորին չափ նորմալ,
հանգիստ պայմաններում լինի, որպեսզի կարողանաս աշխատել»: Ռեկտորն ասում է,
որ կրճատումներ արվում են եւ դեռ կարվեն, որովհետեւ կարծում է, որ աշխատակազմն անհարկի
ուռճացված է, կան մարդիկ նույնիսկ 0.25 դրույքով, ինչը անհեթեթություն է համարում:
«Կլինեն մարդիկ, որոնք չեն աշխատի, որովհետեւ եթե դու ուզում ես ինչ-որ մի բանի հասնել,
պետք է լավագույնների հետ աշխատես»: Տիկին Քյալյանը պատրաստ է նաեւ ցմահ թոշակ տրամադրել
տարեց աշխատողներին, միայն թե նրանց տուն ուղարկի: «Մարդիկ կան, որոնց հիմա թոշակի
ենք ուղարկում, եւ նրանց 15-20 հազար դրամով ցմահ թոշակ ենք նշանակում, եթե մարդը
երկար աշխատել է բուհի համար»: Նա այս առիթով պատկերավոր համեմատություն է անում.
«Ասենք 70 տարեկանում ինքը հյուսն է, կամ պողպատագործ է գնացել է թոշակի, այսինքն՝
պետությունը այսօր հնարավորություն չունի թոշակ տալու, դա էլ է հասկանալի: Եթե համալսարանը
հնարավորություն ունի մի քիչ օգնել այդ մարդուն, որ գնում է թոշակի, բայց արդեն չի
կարողանում իր հյուսնի գործը կատարել, եթե մարդը 70 տարեկան է, չի տեսնում, չի լսում,
նա ո՞նց կարա էդ հյուսնությունը անի: Շատ լավ է պահել տարեց մարդկանց, բայց մյուս
կողմից որ տարեցներին շատ ես պինդ պահում, ջահելները թողնում-գնում են Հայաստանից»:
Որոշ դեկանների տիկին Քյալյանն արդեն ազատել է եւ նշանակել է նորերին՝ 3 ամսով
նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելով: Որից հետո տեղի կունենան դեկանների ընտրություններ:
1996 թ. կառավարության համապատասխան որոշմամբ, բուհում դասախոս-ուսանող հարաբերակցությունը
պետք է լինի 1/6-ի: Այս դեպքում բժշկականում եւս 50 դասախոսի կարիք կզգացվեր: Սակայն
Վ. Հակոբյանը հաստիքների ուռճացումից խուսափելու համար այդ հարաբերակցությունը դարձրել
էր 1/8: Իսկ այդ հաշվարկներով, խոսք կարող է գնալ 15-20 դասախոսի կրճատման մասին:
Տեսնենք, թե նոր ռեկտորի կրճատումներն ինչ թվի վրա կանգ կառնեն: Իսկ առաջիկայում
կառավարությունը կհստակեցնի բուհի խորհրդի նախագահի ընտրությունների ժամկետը: Հիշեցնենք,
որ բուհի խորհրդի նախագահ Վիլեն Հակոբյանը մեկ շաբաթ առաջ ընտրվեց ֆարմակոլոգիայի
ամբիոնի վարիչ եւ ՀՀ վարչապետին ներկայացրեց խորհրդի նախագահի պաշտոնից իր հրաժարականի
դիմումը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Մոտ
10 օր առաջ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի
դիմում է ներկայացրել նաեւ բուհի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը: Մեկ ամիս առաջ
պրն Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ հրաժարական չի տա եւ բուհում կաշխատի
ժամավճարով: Իսկ բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանն էլ կարծիք էր հայտնել, որ գերադասում
է պրն Կիրակոսյանին տեսնել ոչ թե խորհրդի նախագահի պաշտոնում, այլ՝ պրոֆեսորի լիարժեք
գործունեության մեջ: Երեկ պրն Կիրակոսյանը մեզ ասաց, որ առանց աշխատավարձի, խորհրդի
նախագահի պաշտոնում մնալն անիմաստ է համարել եւ գերադասել է տնտեսագիտության տեսության
ամբիոնի պրոֆեսորի կարգավիճակը՝ ապահովելով լիարժեք դասախոսական գործունեություն: