Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազատությունը Հայաստանում

Մայիս 03,2006 00:00

Մայիսի 3-ին միջազգային հանրությունը
տոնում է Մամուլի ազատության միջազգային օրը Այս առիթով Միացյալ Նահանգները
կարեւորում է ազատ մամուլի նշանակալի ներդրումը ժողովրդավարության կայացման ասպարեզում
ու տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհողությունների գնով ձգտում են ձեւավորել
անկախ մամուլ Հայաստանում եւ այլուր: Մամուլի ազատությունը կուռ քաղաքացիական հասարակության
ու առողջ ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է: Անկախ լրատվամիջոցները իրազեկում
ու կրթում են հանրությանը, վերահսկում իշխանությունն ու իշխանության չարաշահումը:
Քաղաքացիները պետք է ինքնաարտահայտման հնարավորություն ունենան, կարողանան վիճարկել
տարբեր գաղափարներն ու ենթադրությունները: Լրատվամիջոցը, որ պետությունից կախման
մեջ չի գտնվում, գաղափարների ազատ արտահայտման ու մրցակցության հնարավորություն է
բացում, ինչով էլ հենց պայմանավորված է ժողովրդավարությունը: Հայաստանում
ժողովրդավարության աճի համար անհրաժեշտ է առավել ազատ ու անկախ մամուլի կայացումը:
Այս ճակատում Հայաստանի առաջընթացի համար կարեւոր փորձություն կլինեն 2007թ. խորհրդարանական
ու 2008թ. նախագահական ընտրությունները: Ընտրությունների ազատությունն ու արդարացիությունը
չեն գնահատվում սոսկ քվեարկության օրվա միջոցով, այլ ներառում են նախորդող օրերն
ու ամիսները: Հայաստանի բնակիչները երկրի առաջնորդների իրապես արդար ու ազատ ընտրություն
կատարելու հնարավորություն կունենան միայն այն պարագայում, երբ լրատվամիջոցները նրանց
մատուցեն անկողմնակալ տեղեկատվություն: Հիմա, երբ միջազգային հանրության ուշադրությունն
ուղղված է Հայաստանին, որը զարգացման այս կարեւոր փուլն է թեւակոխել, թե ՀՀ իշխանությունները,
թե լրատվամիջոցները պետք է ստանձնեն առավել ազատ ու անկախ մամուլ ձեւավորելու պատասխանատվությունը:
Հեռուստաընկերությունները պետք է հնարավորություն ունենան հեռարձակել ընդդիմադիր,
ինչպես նաեւ կառավարող դաշինքի ներկայացուցիչներին, լուսաբանել բոլոր հարցերը արդարացի
կերպով՝ առանց հետեւանքներից վախենալու: Միաժամանակ ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները
պետք է ներկայացնեն աշխույժ բանավեճեր, որոնց ժամանակ բոլոր կողմերը արդարացիորեն
կներկայացվեն, իսկ տպագիր լրատվամիջոցները պետք է հրապարակեն այնպիսի հոդվածներ,
որոնք պայմանավորված չեն իրենց ֆինանսական հովանավորների քաղաքական շահերով: Վերջերս
առաջընթաց է նկատվել ու մասնավորապես հեռուստաընկերությունների եթերում ներկայացվում
են քաղաքական դաշտի տարբեր կողմերը ներկայացնող քաղաքական գործիչներին: Էական է,
որ այս առաջընթացը շարունակվի ու առաջիկա ընտրությունների նախաշեմին այն չընկրկի:
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին ազատ ու անկախ մամուլի ձեւավորման
հարցում: Մենք մշակել ենք ավելի քան 7 միլիոն դոլարի աջակցության մի ծրագրային փաթեթ,
որն ուղղված է աջակցել Հայաստանին 2007 եւ 2008թթ. ընտրությունների ազատ ու արդարացի
անցկացման հարցում: Այս ծրագրի բաղադրիչներից մեկը միտված է լինելու ազատ մամուլին,
սակայն այս աջակցությունը կարող է լավագույնս կիրառվել միայն այն պարագայում, երբ
Հայաստանը հավատարիմ է մնում ազատ մամուլի միջոցով ժողովրդավարության ամրապնդման
իր պարտավորությանը: Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի 235 միլիոն դոլարի
աջակցության ծրագրի համար փաստորեն պահանջվում է, որ Հայաստանը համապատասխանի «արդարացի
կառավարման» չափանիշին, որի մի մասը կազմում է մամուլի ազատությունը: Մամուլի
ազատության միջազգային օրվա կապակցությամբ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել
չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ժողովրդավարայնացման ասպարեզում կատարած
նշանակալի ներդրման համար Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում: Ես միաժամանակ
կոչ եմ անում իշխանություններին, լրատվամիջոցներին ու Հայաստանի ժողովրդին անել հնարավոր
ամեն ինչ ամրապնդելու ազատ ու անկախ մամուլը՝ հանուն ազատության ու ժողովրդավարության:
ՋՈՆ Մ. ԷՎԱՆՍ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել