ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆՆ ԵՆՔ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը, նվաճելով երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ, օլիմպիական հաշվարկով (նվաճած մեդալների քանակով եւ որակով) գրավեց թիմային առաջին տեղը: Իսկ վաստակած միավորներով մեր թիմը հանգրվանեց 4-րդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով միայն Թուրքիային, Ռուսաստանին եւ Ուկրաինային, որոնք մարզաձեւում ավանդաբար համարվում են աշխարհի հզորագույն տերությունները: Մրցումների ավարտից հետո հեռախոսով հարցազրույց ունեցանք հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ: – Նախ շնորհավորում եմ փայլուն մրցելույթների առիթով: Բայց, այնուամենայնիվ, պիտի հարցնեմ. գո՞հ ես քո սաների արդյունքներից: – Շնորհակալություն շնորհավորանքի համար: Բնականաբար, երկու «ոսկուց» եւ մեկ «արծաթից» դժգոհ լինել չի կարելի: – Դու, որպես կանոն, հրաժարվում ես պաշտոնական պատասխանատու մրցումներից առաջ որեւէ խոստում տալ, գուշակություն անել: Հոգուդ խորքում սպասո՞ւմ էիր նման արդյունքի: – Ճիշտն ասած, ավելին էի սպասում: Նկատի ունեմ 66 կգ քաշային, հանրապետության բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Վահրամ Հունանյանին: Նա միանգամայն պատրաստ էր մեդալ նվաճելուն: Պարտադիր չէր՝ ոսկե: Նրա մեջ Մոսկվայում հոգեբանական արգելք եղավ: Վիճակահանությամբ մեկնարկային գոտեմարտում Վահրամի մրցակիցը աշխարհի եռակի չեմպիոն Եգորլու Շերեֆն էր: Գոտեմարտի ավարտից 15 վայրկյան առաջ Վահրամը հաղթում էր: Բայց վերջին պահին զգուշացավ ու պարտվեց: Եթե հայ ըմբիշը այդ գոտեմարտը շահեր, մյուսներում էլ, վստահ եմ, կհաղթեր: Աշխարհի չեմպիոնին պարտվեց նաեւ Վահրամի եղբայրը՝ 74 կգ քաշային Մխիթար Հունանյանը: Բայց նրանք զիջեցին հավասար պայքարում: – Իսկ մյուս ըմբիշների մասին ի՞նչ կասես: – Վեց մասնակից ենք ունեցել: Շատ դժգոհ եմ 96 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանից, որն աշխարհի երիտասարդների արծաթե մեդալակիր է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, համաշխարհային ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա մի տեսակ վախեցած էր մտնում մրցագորգ, շատ զգույշ էր գոտեմարտում: Նա պատրաստ էր առաջնությանը, բայց ինչի ունակ էր՝ չարեց: – Քո թիմում մեկ լեգեոներական կար՝ Յուրի Պատրիկեեւը: – Պատրիկեեւն առաջնությանը չմասնակցեց: Նա մինչեւ մեր ժամանելն արդեն Մոսկվայում էր: Սկզբում ինձ ասաց, թե իրեն կազմակերպիչները չեն թողնում մասնակցել՝ իրավունք չունի: Պատասխանեցի, որ ստում է: Ճշտել եմ: Ոչ մի խնդիր չկա: Թույլատրում են: Պարզապես, ինքը չի ուզում մենամարտել: Միայն դրանից հետո խոստովանեց, որ պատրաստ չէ: – Եվ ՀԱՕԿ-ն ի՞նչ որոշում է կայացրել: – Հիմա նրա առջեւ խիստ պայման է դրվել: Եթե նա աշխարհի առաջնությունում սպասելիքները չարդարացնի, շատ հնարավոր է՝ նրա հետ պայմանագիրը խզվի: – Ե՞րբ եւ որտե՞ղ է լինելու աշխարհի առաջնությունը: Եվ նախապատրաստական ի՞նչ ծրագրեր ես կազմել: – Սեպտեմբերի 25-27-ը՝ Չինաստանում: Ամեն բան պլանավորված է ու գնալու է իր հունով: Հիմա ըմբիշներին հանգիստ եմ տվել: Մայիսի վերջին կայանալու է Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին միայն Եվրոպայի առաջնության մեդալակիրները չեն մասնակցի: Այնուհետեւ՝ ուսումնամարզական հավաքներ, միջազգային մրցաշարերի մասնակցություն՝ մինչեւ աշխարհի առաջնությունն սկսվելը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ