Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Մայիս 02,2006 00:00

ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Նման ցանկություն ունի Ազգային օպերային թատրոնի հետ համագործակցող շվեյցարացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինը «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի եւ Ազգային օպերային թատրոնի բանակցությունների արդյունքում շվեյցարացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինը մարտի 17-ին եւ 18-ին, օպերային թատրոնում ղեկավարեց Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումը: Դեռ այն ժամանակ պրն Ագուդինը խոստացել էր, որ «Կախարդական սրինգի» համերգային տարբերակը կվերաճի օպերային բեմադրության, ինչը արդեն 7 սարի հետեւում չէ: Հուլիսի 12-ից հանդիսատեսի դատին կհանձնվի վերոնշյալ օպերան: «Միշտ լսել եմ հայկական յուրահատուկ ձայների մասին եւ տեղյակ էի, որ աշխարհի օպերային թատրոններում կան հայազգի երգիչներ, ովքեր միշտ աչքի են ընկել: Երբ սկսեցի համագործակցել Երեւանի օպերայի թատրոնի հետ, հասկացա, որ, իսկապես, այստեղ հսկայական պոտենցիալ կա, որը կարելի է դուրս բերել միջազգային շուկա»,- նշեց Ֆ. Ագուդինը: Նա բարձր է գնահատում նաեւ օպերային թատրոնի նվագախումբը, որի միակ «թերությունը» համարում է վատ գործիքները: «Այն դրական էներգետիկան, որ գալիս է ձեր երաժիշտներից՝ նվագախմբից եւ օպերային թատրոնի մեներգիչներից, այն ոգեւորությունը, որ կա ձեր օպերային թատրոնում, արդեն հաջողության գրավական է: Եվրոպայում կան նվագախմբեր, որոնք ունեն լավ գործիքներ, բայց ասելիք չունեն: Ես լավատես եմ, որ հայկական օպերային թատրոնը կգտնի իր տեղը եվրոպական շուկայում, որովհետեւ այն, ինչ դուք կարող եք ներկայացնել, շատ հետաքրքիր է: Օրինակ, Ավստրիայում կամ մեկ այլ երկրում, եթե կատարվի «Անուշ», հետո՝ Մոցարտ, երաժշտասեր հասարակությունը անմիջապես կհասկանա՝ որքան ճկուն, պրոֆեսիոնալ եւ մեծ հնարավորությունների տեր երաժիշտների հետ գործ ունի: Վաղ թե ուշ Հայաստանի օպերային թատրոնը կհայտնվի այն տեղում, որը հարիր է իրեն»,- համոզված է շվեյցարացի դիրիժորը: Ի դեպ, նա օրերս Երեւանի օպերային թատրոնի հետ համագործակցության քառամյա պայմանագիր է կնքել: Ֆ. Ագուդինը փաստեց, որ այժմ Եվրոպայի շատ նվագախմբեր փակվում են, կրճատվում է մեծ թատրոնների ֆինանսավորումը պետական բյուջեից, իսկ փոքրերն էլ ոչ թե նոր ներկայացումներ են դնում, այլ հարմար են գտնում գնել արդեն եղածը: «Եթե լինենք ճկուն, մեզ կհաջողվի օգտվել առիթից՝ դրսում ներկայացնելու մեր համատեղ պրոյեկտը, սկզբում միայն մեներգիչների կազմով, հետագայում՝ ամբողջ: Ուստի պետք է աշխատենք Եվրոպայի համար մրցունակ ներկայացում ունենալ… գուցե զարմանալի հնչի, բայց այսօր անգամ Եվրոպայում դասական երաժշտությունը էկզոտիկ է թվում»,- նկատեց արվեստագետը: Հետաքրքրվեցինք՝ մինչ հայաստանյան «Կախարդական սրինգը», Ֆ. Ագուդինը աշխատե՞լ է վերոնշյալ ներկայացման վրա այլ երկրներում՝ որպես բեմադրող դիրիժոր: «Կախարդական սրինգից» հատվածներ եմ կատարել Արգենտինայում, իսկ ամբողջ օպերան՝ 10 անգամ Եվրոպայում»,- պատասխանեց դիրիժորը: Հայկական «Կախարդական սրինգը» մինչեւ Եվրոպայում ներկայացնելը, նա արդեն իր եւ Ազգային օպերային թատրոնի համագործակցության վրա է բեւեռել միջազգային մամուլը: «Նախորդ այցելությանս ժամանակ ինձ ուղեկցում էր Եվրոպայի հայտնի իսպանալեզու թերթերից մեկի՝ «Էլ Պաիսի» թղթակից Ռոդրիգո Կարիզո Կուտտոն: Նրա շնորհիվ տարբեր թերթերում բազմաթիվ հոդվածներ են տպագրվել: Օրինակ, հենց երեկ լույս է տեսել Իսպանիայի հայտնի երաժշտական ամսագրերից մեկի՝ «Ժամանակակից օպերայի» հերթական համարը, որը պատմում է վերոնշյալ ձեռնարկի մասին: Արդեն 3-4 հոդված կա շվեյցարական թերթերում, նաեւ արգենտինական հանրահայտ «Նասիոնում»,- նշեց պրն Ագուդինը: Դիրիժորը տեղեկացրեց նաեւ, որ 2008-2009թթ. խաղաշրջանում Հայաստանում եւ աշխարհում առաջին անգամ կբեմադրվի ժամանակակից շվեյցարացի կոմպոզիտոր Քրիստիան Ֆավրի օպերաներից մեկը՝ Շեքսպիրի գործերի հիման վրա ստեղծված լիբրետոյով: Հատուկ մեր օպերային թատրոնի համար գրվող օպերան, որի վրա կոմպոզիտորը դեռ աշխատում է, ամբողջովին կֆինանսավորի շվեյցարական կողմը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031