Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-ն՝

Մայիս 02,2006 00:00

ԳԱԱ-ն՝ անվերահսկելիության մթնոլորտում ՀՀ-ին անհրաժեշտ է հրաժարվել երկրի քաղաքակիրթ ապագան վտանգող ներկայիս կոռումպածին գիտավարչական համակարգից: Խորհրդային միության փլուզումից հետո սպասվում էր, որ մեզանում եւս, քաղաքակիրթ երկրների օրինակով, ինչպես դա արվեց 1992-ին մերձբալթյան երկրներում, կստեղծվի Ազգային գիտական խորհուրդ, որը ազգային շահին կնպատակաուղղեր երկրի գիտական ներուժը եւ այն կդարձներ նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը օժանդակող հզոր գործոն: 1991-ին Հայաստանի եւ սփյուռքի մի խումբ գիտնականների կողմից նման գիտական խորհրդի կազմակերպման ծրագիր էր մշակվել եւ ամերիկահայ հայտնի ֆիզիկոս Վազգեն Պարսեղյանի ու տողերիս հեղինակի կողմից այն ներկայացվել Լ. Տեր-Պետրոսյանին (տես՝ «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», 13.06. 1991թ.): Չնայած այն համարժեք ուշադրության էր արժանացել պատկան մարմինների կողմից, սակայն կյանքի չկոչվեց, քանզի նրանում ներկայացված գիտնականների գիտական վարկանիշի գնահատման սանդղակը (տես՝ «Նպատակ», 14.08.1995թ.) խիստ հակասության մեջ էր ԳԱԱ-ի ներկայիս կոռումպածին ընտրակարգի հետ: Ակնհայտ է, որ նման պայմաններում բարեփոխում իրագործելու համար իշխանություններից պահանջվում է քաղաքական կամքի դրսեւորում, որը, ցավոք, մինչ օրս բացակայում է: Գիտության իսկական մշակները մնում են իշխանությունների կողմից աննկատ եւ վարձատրվում են առնվազն տասն անգամ պակաս, քան գիտությանը անհայտ ու խմբակային սկզբունքով ընտրված ակադեմիկոսի տիտղոսակիրները: Իսկ իշխանությունների կողմից գիտնականների վաստակի «աչքաչափով» գնահատումը տարակուսանք եւ զարմանք է առաջացնում գիտական հանրության մեջ: Հայաստանում գիտատեխնիկական քաղաքականությունը մինչ այժմ իրականացվում է խորհրդային գիտավարչական համակարգերով, լոկ փոփոխելով նրանց անունները: Իսկ ի՞նչ կատարվեց Գիտությունների ակադեմիայի հետ: Նա վերանվանվեց Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ), առանց փոփոխելու նրա մաֆիական բովանդակությունը: Խորհրդային օրենքներով վերահսկվող Գիտությունների ակադեմիան, իր հայտնի կոռումպածին եւ խմբակային ընտրական համակարգով, հայտնվեց բացարձակ անվերահսկելիության մթնոլորտում, եւ արդեն իսկ իրենց գիտական դեմքը կորցրած ակադեմիկոսները նույնիսկ չխորշեցին, հանուն իրենց նեղ խմբակային շահերի, կործանել առանձին գիտական ուղղություններ եւ ինստիտուտներ: Բնական է, որ նման «մաֆիայի» անդամ չէր ցանկանա դառնալ իր արժանապատվությունը հարգող ոչ մի գիտնական, եւ այդ իսկ պատճառով առաջատար գիտնականների մի զգալի խումբ գերադասեց հեռանալ ԳԱԱ-ի համակարգից: Մյուս նորաստեղծ կոռումպածին եւ հակագիտական պետական կառույցը, որը իր գործելակերպով խորթ ու կործանիչ է ազատ տնտեսական հարաբերությամբ զարգացող ցանկացած երկրի համար՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն (ԲՈՀ) է, որը դարձել է հանրապետությունում խոտան գիտնականներ արտադրող ֆաբրիկա: Թեկուզ հայտնի է, որ քաղաքակիրթ երկրներում գիտական աստիճաններ շնորհում եւ նրանց որակի համար պատասխանատվություն են կրում համալսարանները, որոնցում պատրաստվում են այդ մասնագետները: ԲՈՀ-ի բազմաթիվ անհեթեթություններից նշենք միայն մեկը, թե ինչպես հայցորդներին, ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, ստիպվում է հանձնել «թեկնածուական մինիմում»՝ փիլիսոփայությունից: Ակնհայտ է, որ այդ եւ մի շարք այլ գործառույթներ արվում են հայցորդից լրացուցիչ ֆինանսներ կորզելու համար: Բնական է, որ նման կոռումպածին համակարգի պատճառով հանրապետությունից հեռանում են իրական գիտնականները եւ նրանց փոխարինելու է գալիս չկայացած գիտնականների մի համաստեղություն՝ ակադեմիկոսի, գիտության դոկտորի եւ թեկնածուի տիտղոսներով: Հետեւաբար, այդ պայմաններում գիտության առաջընթացի մասին խոսելը բացարձակ անիմաստ է: Ակնկալվում է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունները գոնե հիմա համարժեք քայլեր կձեռնարկեն մեր գիտությունը խմբակային եւ կոռուպցիոն դաշտից մրցակցային դաշտ տեղափոխելու ուղղությամբ, որի համար անհրաժեշտ է գերուռճացված գիտավարչական համակարգի 60-70%-ի կրճատում, ԲՈՀ-ի վերացում, ԳԱԱ-ի ինստիտուտների վարչատնտեսական ծառայությունների միավորում, ակադեմիկոսների տիտղոսավարձի վերացում, նոր, ժամանակակից ԳԱԱ- ի ստեղծում եւ այլն: ՍԻՆԵՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ, ՀՀ ԿԳՆ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031